«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#48, 2003-03-13 | #49, 2003-03-14 | #50, 2003-03-15


ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ինտերնետային ցանցով ստացված հաղորդագրությունը տեղեկացնում է, որ մարտի 3-ին «Թըրքիշ դեյլի նյուս» օրաթերթը հրապարակել է Թուրքիայի ազգային մեծ ժողովում (խորհրդարանում) ներկայացված բոլոր քաղաքական կուսակցությունների համատեղ հայտարարությունը, որը դատապարտում է Եվրախորհրդարանի որոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ։ Ելույթ ունենալով պատգամավորների առաջ, փոխնախագահ Յուքսել Յալովան կարդացել է համատեղ հայտարարությունը, որտեղ ասված է եղել.

«Տասնհինգ երկրների խորհրդարանականներից բաղկացած Եվրախորհրդարանը հարգարժան կառույց է, բայց պատմական հայտնի փաստերն անտեսելով, հայկական անհիմն պնդումների վերաբերյալ Թուրքիայի պատմությանը, պետությանն ու ազգությանը վնասող որոշում ընդունելը նրա կողմից պարզապես արատավորում է այդ որոշումն ընդունողների հեղինակությունը։ Այդ որոշումը բացարձակապես անհիմն է եւ դժբախտաբար Թուրքիայի հանդեպ Եվրախորհրդարանի անարդար վերաբերմունքի առաջին արտահայտությունը չէ։ Ավելին, նման որոշման ընդունումը հենց եվրոպական համագումարի բացման օրը (որտեղ պետք է թուրք խորհրդարանականների մասնակցությամբ քննարկվեր Եվրամիության ապագան) հստակորեն ուրվագծում է այն մտադրությունը, որն անընդունելի է։ Եթե այս ամոթալի քայլը կատարված է Թուրքիայի դեմ այն հույսով, որ Թուրքիան հրաժարվի Եվրամիությանն անդամակցելու իր մտադրությունից, ապա մեր պարտականությունն ենք համարում հայտարարելու, որ չարաչար սխալվում եք։ Թուրքիան մեծ ջանքեր է գործադրել եւ զոհողություններ կատարել իր բոլոր կառույցներում եւ հատկապես խորհրդարանում, որպեսզի Եվրամիության լիիրավ անդամ դառնա։ Պատմությունը չի կարելի նենգափոխել քմահաճ որոշումներով։ Ավելի քան քառասուն տարիՙ սկսած սառը պատերազմի օրերից, Թուրքիան հսկայական ջանքեր է ի գործ դրել համատեղ պաշտպանության շրջանակներում պաշտպանելու ազատությունն ու տարածքային ամբողջականությունն այն երկրների, որոնք այսօր այս անարդար որոշումն են ընդունել մեր դեմ։ Եվրախորհրդարանի վերաբերմունքը չափազանց վշտացնող է։ Բայց միեւնույն է, որոշումը չի օգնելու նրանց։ Հուսով ենք, որ մի օր արխիվները կբացվեն պատմաբանների առաջ, եւ նրանք այնպիսի փաստեր կհայտնաբերեն, որ ամոթանքի սյունին կգամեն այս որոշումը ընդունողներին։ Եվրախորհրդարանի այս քմահաճ որոշմանը Թուրքիայի ազգային մեծ ժողովի պատասխանը լինելու է պատմական փաստերի հրապարակումը։ Իսկ այդ փաստերը մեր օգտին են»։

Այս հայտարարությունը, ըստ հաղորդագրության, հոտնկայս ծափահարություններով է ընդունվել պատգամավորների կողմից։ Յալովան նաեւ ժխտել է Եվրախորհրդարանի այն պնդումները, որ Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքն ինքն ընդունել է Հայոց ցեղասպանության փաստը խորհրդարանի 1921 թվի ապրիլի 10-ի նիստի իր ելույթում։ Յալովան ասել է, որ խորհրդարանը նիստերը գումարել է ապրիլի 9-ին եւ 11-ին եւ նման ելույթ չի եղել։ Իսկ ապրիլի 10-ին ընդհանրապես նիստ չի գումարվել։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4