Համամասնական ընտրակարգով դեռ առաջադրում չկա
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը շարունակում է պատրաստվել խորհրդարանական ընտրություններին։ Երեկվա նիստում եւս ընդունվեցին մի քանի որոշումներ, որոնք վերաբերում էին ՀՀ դիվանագիտական եւ հյուպատոսական ներկայացուցչություններում ԱԺ ընտրությունների կազմակերպմանն ու անցկացմանը, նախընտրական հիմնադրամներում եղած միջոցների օգտագործման վերաբերյալ հայտարարագրի ձեւին, ԿԸՀ-ին առընթեր վերահսկիչ-վերստուգիչ ծառայության գործունեության կարգին։
Այսպես, թեկնածուներն ու կուսակցությունները ոչ ուշ, քան ընտրություններից 15 օր հետո իրենց գրանցած ընտրական հանձնաժողովներին ներկայացնում են նախընտրական հիմնադրամում եղած միջոցների օգտագործման հայտարարագիր։ ԿԸՀ-ին առընթեր վերահսկիչ-վերստուգիչ ծառայությանը ներկայացված հայտարարագրերի ամփոփված տվյալները մեկ ամսվա ընթացքում ներկայացվում են ԿԸՀ-ի քննարկմանը, արդյունքների վերաբերյալ որոշումը հրատարակվում է մամուլում։
Կուսակցություններն ու թեկնածուները նախընտրական հանդիպումների համար տարածքներ, դահլիճներ ձեռք բերելու համար տվյալ տարածքի ընտրատարածքային հանձնաժողով գրավոր հայտ պետք է ներկայացնեն կազմակերպվող միջոցառումից ոչ ուշ, քան 5 օր առաջ։ Միեւնույն տարածքը նույն թեկնածուին կարող է տրամադրվել 2 անգամից ոչ ավելի։
Երեկվա օրակարգի հարցերից էր նաեւ վիճակահանության կարգը, որով պարզ կդառնա, թե մեծամասնական ընտրակարգով առաջադրված եւ հավասար ձայներ հավաքած թեկնածուներից ով կդառնա ԱԺ պատգամավոր։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում հաստատվեց նաեւ մեծամասնական եւ համամասնական ընտրակարգերով ընտրությունների քվեաթերթիկների ձեւը։
Ի դեպ, համամասնական ընտրակարգով երեկ երեկոյան դեռեւս ոչ մի առաջադրում չէր եղել։ Առաջադրման ժամկետը մինչեւ վաղըՙ մարտի 16-ն է։ Կարելի է արդեն ենթադրել, որ առաջադրումների գերակշիռ մասը կլինի հենց այդ օրը։
Մ. Հ.