«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#48, 2003-03-13 | #49, 2003-03-14 | #50, 2003-03-15


ՀԱՅԿԱԿԱՆ ՆՈՐԱՁԵՎՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԹԵԹԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Թեթեւ արդյունաբերության ոլորտի ցավոտ խնդիրների քննարկման վերածվեց երեկ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության հրավիրած կլոր սեղանը, որը նվիրված էր նորաձեւության եւ արտադրության միջեւ գործնական կապերի հաստատման հարցին։

Նախարարության արդյունաբերության վարչության պետ Մերուժան Հակոբյանը թվարկեց այն դժվարությունները, որոնք ծառացած են թեթեւ արդյունաբերության ձեռնարկությունների առջեւ։ Առաջինը տրանսպորտային խնդիրն է, որը լրջորեն ազդում է տեղի արտադրության զարգացման վրա։ Երկրորդըՙ ցածր տոկոսով վարկեր ներգրավելու անհնարինությունը։ Հաջորդըՙ ձեռնարկությունների մեքենասարքավորումների մի մասի վաճառքը, ինչպես նաեւ որակյալ բանվորական ուժի պակասը։ Բնականաբար, կարեւոր է իրացման, այսինքն շուկաների հարցը, չնայած արդյունաբերության վարչության պետը հավաստիացրեց, որ հայկական թեթեւ արդյունաբերության արտադրանքի, հատկապես կոշիկի մասին դեռ հիշում են նախկին խորհրդային շուկայում։ Իսկ ներկայումս ոլորտի 154 ձեռնարկություններից աշխատում են միայն 33-ը, որոնք այս տարվա առաջին 2 ամսվա տվյալներով շուրջ 10 տոկոսով ավելի արտադրանք են տվել նախորդ տարվա նույն ամիսների համեմատ։

Բանկային համակարգից ոլորտի ձեռնարկությունների դժգոհության մասին խոսեց Կապանի «Սոնատեքս» ընկերության նախագահ Դերենիկ Մարգարյանը։ Նա դարձյալ կրկնեց բանկերի կողմից իրենց արտոնյալ վարկեր տրամադրելու անհրաժեշտության մասին, նշելով, որ կառավարությունն այս դեպքում կարող է հանդես գալ երաշխավորողի դերում։ Նա նաեւ դժգոհեց, որ բանկերը որպես գրավ չեն վերցնում Երեւանից դուրս գտնվող անշարժ գույքը։ Նրա եւ «Կաշվե գալանտերեա» ընկերության տնօրեն Ռաֆայել Քրմոյանի ելույթից ընդհանուր առմամբ այն տպավորությունն էր ստեղծվում, որ ձեռնարկությունների սեփականատերերն ու տնօրենները դեռեւս չեն թոթափել խորհրդային մտածելակերպը։ Այլապես նրանք պետք է իմանային, որ բանկերի խնդիրը չէ ձեռնարկությունների վերագործարկմանը նպաստելը, որ նրանք ղեկավարվում են սեփական, այլ ոչ թե դիմացինի բիզնեսի շահերով, որ կա վարկերի ռիսկայնության գործոն եւ այլն։

Ռաֆայել Քրմոյանը դժգոհում էր նաեւ այն փաստից, որ Հայաստանում գործող շատ ընկերություններ աշխատանքային կամ այլ հագուստները պատվիրում են արտերկրում։ Սակայն անհասկանալի էր, թե ո՞ւմ էր ուղղված այդ դժգոհությունը, քանզի սեփական ձեռնարկության համար պատվերներ ներգրավելը տվյալ ձեռնարկության սեփականատիրոջ գործն է։ Այլ բան է պետությունից պահանջել տարբեր գերատեսչությունների աշխատանքային կամ ծառայողական հագուստի համար մրցույթներ հայտարարել, այսինքն հավասար մրցակցային դաշտ ապահովել։ Ինչեւէ։

Թե ինչո՞ւ նորաձեւությունը չի ներդրվում արտադրության մեջՙ հարցին Դերենիկ Մարգարյանը պատասխանեց, որ նորաձեւության մոդելները զանգվածային սպառման համար չեն։ Դրանք կարող են լինել մի քանիսը կամ մի քանի տասնյակՙ նախատեսված էլիտար խավի համար, եւ բնական է, որ դրանց վաճառքը շատ երկար ժամանակ կպահանջի։

Այս առնչությամբ «Ատեքս» նորաձեւության կենտրոնի տնօրեն Կարինե Դնոյանը նշեց, որ իրենք կարող են ձեւավորել նաեւ զանգվածային սպառման արտադրանքի արտաքին տեսքը։ Սակայն ոչ մի ձեռնարկություն նման առաջարկով չի դիմել։ Կարինե Դնոյանը նաեւ հայտնեց, որ Հայաստանում վաճառվող հագուստի 60 տոկոսն այստեղ է կարվում, հետեւաբար իրենք կարող են իրականացնել այդ հագուստի դիզայնը։ Ի դեպ, «Ատեքսն» արդեն նման երկու առաջարկ ստացել է Բելգիայից եւ Հոլանդիայից։

Վերջում նշենք, որ այս միջոցառումը նաեւ նախապատրաստական էրՙ ապրիլի 26-ին Երեւանում կայանալիք երիտասարդ դիզայներների «Միասնական աշխարհ» միջազգային մրցույթից առաջ։ Մրցույթի կազմակերպիչը «Ռուսկի սիլուետ» Ռուսաստանի դիզայներներին եւ հայրենական նորաձեւ հագուստ արտադրողներին սատարող բարեգործական հիմնադրամի տարածաշրջանային ներկայացուցիչ «Ատեքս» նորաձեւության կենտրոնն է։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4