«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#48, 2003-03-13 | #49, 2003-03-14 | #50, 2003-03-15


ԵՍ ԲՈՒԺՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՊԵՏՔ Է ՄԵԿՆԵՄ ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ։

Ի՞նչ պետք է անել

Ամեն տարի մեծ թվով հայեր բուժման նպատակով, հիմնականում B1/B2 կարգի վիզայով, մեկնում են Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Իհարկե, հյուպատոսը նրբանկատ վերաբերմունք է ցույց տալիս այն դիմումների հանդեպ, որոնք շտապ մարդասիրական միջամտության անհրաժեշտություն են ներկայացնում։ Կան նաեւ շատ այլ հանգամանքներ, որոնք պետք է պարզաբանվեն նախքան վիզայի ձեւակերպումը, որը հնարավոր կդարձնի բուժման նպատակով կատարվող ճամփորդությունը։

«Ո՞րն է հիվանդությունը»։ «Արդյոք այդ հիվանդության բուժման միջոցներն առկա՞ են Հայաստանում։ Եթե ոչ, ապա կա՞ դրա բուժման միջոցն ԱՄՆ-ում»։ Սրանք այն առաջնային հարցերն են, որոնք իրենց պատասխանները պետք է գտնեն համապատասխան նամակներում եւ բժշկական եզրակացություններում։ Դիմորդը պետք է ներկայացնի իր հիվանդության պատմությունը այն բժշկից կամ հիվանդանոցից, որտեղ նա բուժվել է։ Որոշ դեպքերում հյուպատոսարանը կարող է դիմել իր վստահված բժշկինՙ ախտորոշումը հաստատելու համար։

«Ինչպիսի՞ բուժում է նշանակված»։ «Որքա՞ն է դրա արժեքը»։ «Որքա՞ն է բուժման ենթադրվող տեւողությունը»։ Միացյալ Նահանգներում գտնվող այն բժիշկը, որը պատրաստվում է ստանձնել հիվանդի բուժումը, իր նամակում պետք է ներառի ԱՄՆ-ում գտնվող բժիշկների եւ հիվանդանոցների, ենթադրվող ախտորոշումների եւ բուժման, այնտեղ մնալու տեւողության, բուժման հնարավոր երկարաձգման, բուժման նախնական արժեքի եւ ֆինանսավորման աղբյուրների մասին տեղեկություններ։ Տվյալ բժիշկը նամակով պետք է հավաստիացնի, որ ինքը ծանոթ է հիվանդի հիվանդության պատմությանը։ Մասնագետի կողմից վիրահատման կամ բուժման հետ առնչվող խորհրդատվական ծառայություններ ստանալու նպատակով ճամփորդելու դեպքում պետք է ներկայացնել ոչ միայն խորհրդատվական ծառայությունների արժեքը, այլեւ ենթադրվող բուժման արժեքը։

«Ո՞վ է ֆինանսավորելու բուժումը»։ Շատ դիմողների համար սա ամենադժվար հարցն է։ Բժշկական ծառայությունը չափազանց թանկ է Միացյալ Նահանգներում։ Ըստ համապատասխան օրենքի պահանջիՙ հյուպատոսը պետք է համոզված լինի, որ հիվանդն այնտեղ չի մնալու պետական հովանավորության ներքո։ Միացյալ Նահանգները չունի նման միջոցներ, որպեսզի հոգա նրանց բժշկական ծախսերը։ Դիմորդները պետք է ցույց տան, որ իրենք կամ իրենց հովանավորները բուժման ծախսերը հոգալու համար բավականաչափ ֆինանսական միջոցներ ունեն։ Կարող է պահանջվել, որ բուժման ծախսերը կամ դրանց մի մասը նախապես վճարվի տվյալ բժշկին կամ հիվանդանոցին։ Դիմորդները կամ նրանց հովանավորները պետք է ցույց տան, որ իրենք ունեն բուժման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներՙ ներկայացնելով համապատասխան ֆինանսական փաստաթղթեր, ինչպիսիք ենՙ հարկային պարտավորությունների կատարումն ու վճարման չափերը հաստատող գրություններ, բանկային հաշիվների քաղվածքներ, գործատուի տված նամակներ եւ այլն։ Հնարավոր է, որ անցյալում ԱՄՆ-ում բուժում ստացած անձանցից պահանջվեն ապացույցներ նախկին բուժման ծախսերի մարման մասին, ինչպես նաեւ տեղեկություններ վերոհիշյալ ծախսերն իր վրա վերցրած անձի մասին։

Կան դեպքեր, երբ բժիշկները, մարդասիրական նկատառումներից դրդված, պատրաստ են անվճար բուժել հիվանդին։ Սակայն դիմորդները պետք է գիտենան, որ անգամ եթե բժիշկը պատրաստ է անվճար իրականացնել բուժումը, ապա լաբորատոր եւ հիվանդանոցային ծառայությունների համար դեռեւս պետք է վճարել։

Միացյալ Նահանգներում իրականացված բուժմամբ բազմաթիվ հայերի կյանք է փրկվել, եւ մեծ թվով մարդիկ բարելավել են իրենց առողջական վիճակը։ Մենք խնդրում ենք դիմողներին նկատի ունենալ վերոհիշյալ հարցերըՙ վիզայի դիմումի ուսումնասիրության ավելի սահուն ընթացք ապահովելու համար։ Անհետաձգելի կամ շտապ դեպքերում դիմողները, իրենց հետ ունենալով բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, կարող են ներկայանալ դեսպանատուն, հյուպատոսարանի մասնաշենք, երկուշաբթիից մինչեւ հինգշաբթի օրերին, ժամըՙ 13։00-ին եւ ստանալ հաջորդ օրվա հարցազրույցի կտրոն։ Կարող եք նաեւ զանգահարել հյուպատոսարանի հեռախոսավարին 52-16-11 կամ 52-46-61 (ներքին հ/հ 4665) հեռախոսահամարներով եւ պայմանավորվել հանդիպման մասին։ Ոչ շտապ դեպքերում դիմողները պետք է առաջնորդվեն B2 կարգի վիզայի համար սահմանված ընթացակարգով։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4