Սույն թվականի մարտի 13-ին, երեկոյան ժամը 20.00-ի սահմաններում, մեղայականով ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության վարչություն է ներկայացել Տիգրան Նաղդալյանի սպանության փաստի առթիվ հետախուզման մեջ գտնվող, Արարատի մարզի Ազատավան գյուղի բնակիչ, 1960թ. ծնված, «Մզդր» մականունով Գրիգոր Վիրաբի Պետրոսյանը։
Բացի այդ, քրեական հետախուզության վարչության եւ ՀՀ գլխավոր դատախազության աշխատակիցների համատեղ իրականացրած օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Տիգրան Նաղդալյանի սպանությանը նախորդողՙ սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում «Ապեր» մականունով Հովհաննես Հարությունյանի պատվերով եւ նրա հորաքրոջ որդուՙ 1955 թ. ծնված Խաչիկ Հարությունի Ահագինյանի ուղղորդմամբ հանցավոր խմբի անդամները նախապատրաստել եւ փորձել են իրականացնել մի շարք ծանր հանցագործություններ, այդ թվումՙ զինված ավազակային հարձակումներ։ Ի հայտ են եկել այդ հանցագործությունների նախապատրաստմանը մասնակից այլ անձինք։ Գործի հանգամանքները ճշտվում են։
Խաչիկ Ահագինյանը ձերբակալված է։
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչություն