Շատ անգամ է ասվել, գրվել, քննադատվել, որ վարչական իրավախախտումների մասին օրենսդրությունը կազմվել է թույլ, երերուն հիմքերի վրա եւ ամենեւին էլ չի նպաստում մեծ ու փոքր իրավախախտումների կանխարգելմանը, իսկ եթե այդ խախտումները եղել ենՙ արդարացի պատիժ չի նախատեսում։ Այդ տեսակետից գործող օրենսդրությունը վաղուց ի վեր կատարելագործման կարիք ուներ։ Առավելապես քաղաքային տնտեսության ասպարեզում (քաղաքաշինություն, հողօգտագործում, բնական համալիրի պահպանություն, առեւտուր եւ սպասարկում, գովազդ), գրեթե ամեն օր բախվում ենք ամենատարբեր կարգի խախտումների, որոնց գործող օրենսդրությունը համարժեք հակազդեցություն չի տալիս թե նյութական, թե բարոյական առումներով։ Մանավանդ, եթե նկատի ենք առնում, որ շատ դեպքերում պատճառված վնասը (օրինակՙ քաղաքաշինական) անդառնալի է եղել։ Թվարկված ոլորտներում նոր իրադրությանը համապատասխան սրբագրումներով վերջապես հրապարակվել եւ գործողության մեջ է ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգիրքը։ Այն կազմվել է քաղաքապետարանի եւ միանգամից մի քանի գերատեսչություններիՙ ՀՀ արդարադատության, քաղաքաշինության, առեւտրի եւ տնտեսական զարգացման, բնապահպանության նախարարությունների, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի եւ ստանդարտացման, չափագիտության ու սերտիֆիկացման վարչությունների համատեղ աշխատանքով։
Իբրեւ նորույթ, իբրեւ բնորոշիչ հատկանիշ առաջինը նշենք այն իրողությունը, որ նոր օրենսդրությունն առաջին անգամ պատասխանատվության բեռ է սահմանում այն պաշտոնատար անձանց համար, ովքեր ի պաշտոնե պարտավոր են նշված ասպարեզներում կանխարգելել, միջամտել կամ վերացնել իրավախախտումները։ Հիշենք, որ նախորդ օրենսգիրքը պատասխանատվություն նախատեսում էր բացառապես շարքային քաղաքացիների համար։
Առավելապես կարեւոր է մայրաքաղաքի տեսքն աղարտող մասնավորեցված անավարտ շինարարական օբյեկտներին վերաբերող դրույթը։ Դրանք շարունակաբար, հաճախ տարիներով շրջանցում են շինարարությունը սահմանված ժամկետում ավարտելու թույլտվությունները։ Այս դեպքում իրավախախտը պարտավոր է վճարել շինարարության նախագծային արժեքի 1¬10 տոկոսի չափով տուգանք։ Նախատեսված է, որ եթե կառուցապատողը նախազգուշացվելուց հետո էլ չի ավարտում կառուցապատումը կամ օտարում օբյեկտը, շինարարության թույլտվություն տվող մարմինը կարող է դիմել դատարանՙ կառույցը վաճառելու հայցով։
Նախկին օրենսգրքի խոցելիությունն ակնհայտ էր հատկապես ծիծաղելի պատժաչափերի առկայության տեսանկյունից։ Կյանքն ապացուցեց դրանց գործունեության անարդյունավետությունն ու անկարողությունը։ Այժմ, առաջնորդվելով գրպանին հնարավորինս ուժգին հարվածելու սկզբունքով (որպեսզի օրինախախտը երկու անգամ նույն սխալը թույլ չտա), օրենսգիրքը նախորդից տասնապատիկ, երբեմն հարյուրապատիկ բարձր տուգանաչափեր է սահմանում ե՛ւ քաղաքացիների, ե՛ւ տվյալ ոլորտի պաշտոնյաների համար։ Այսպես, կանաչ գոտիները վնասելու համար քաղաքացուն սպասվում է նվազագույն աշխատավարձի 100-ապատիկի, իսկ պաշտոնատար անձինՙ 150-ապատիկի չափով տուգանք։ Առաջներում այդ պատժաչափը պաշտոնյայի համար նվազագույն աշխատավարձի քառապատիկն էր, քաղաքացու համարՙ 250 տոկոսը։
Վերջին շրջանում երեւանցիները շատ էին բողոքում բնակելի շենքերի մերձակա սրճարանների, բարերի, զվարճավայրերի աղմուկից։ Նրանց բողոքները հիմնականում անարդյունք էին մնում։ Այժմ, եթե օրենքը բարեհաջող կիրառվի, հասարակական վայրերում լռությունը խախտողները պետք է վճարեն նվազագույն աշխատավարձի 20¬30-ապատիկը, իսկ պաշտոնյանՙ 30-50-ապատիկը։ Սպառողների շահերի համար խիստ կարեւոր մի դրույթ էլ սրբագրված ու խստացված վիճակով մտել է օրենսգիրք, այն էՙ առեւտրի ոլորտում նորմատիվ փաստաթղթերի պարտադիր պահանջներին չհամապատասխանող ապրանքներ վաճառելը։ Ասել է թեՙ անորակ կամ ժամկետանց ապրանք գնած սպառողն իր իրավունքը պաշտպանելու համար կարող է անմիջապես դիմել օրենսգրքի այս հոդվածի իրականացումը վերահսկող լիազոր մարմնինՙ ստանդարտացման, չափագիտության ու սերտիֆիկացման մարմիններին։ Նախատեսվող պատժաչափերը դարձյալ 10¬100-ապատիկ ավելացել են։
Նույն կերպ 50¬100-ապատիկ ավելացել է անտառները կենցաղային մնացուկներով աղտոտող քաղաքացիների (զբոսախնջույքներից հետո դա սովորույթ է դարձել) եւ քիմիական, ռադիոակտիվ նյութերով, կեղտաջրերով ու թափոններով աղտոտող ձեռնարկությունների պատժաչափը։ Այնուամենայնիվ, դրական բոլոր միտումներով հանդերձ, քաղաքաշինարարները մի թերացում են մատնանշում։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգիրքը կազմվել է առանց իրենց, այսպես ասածՙ հատուկ կարծիքը հաշվի առնելու։ Այն վերաբերում է քաղաքաշինական խախտումների համար պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվելիք պատժամիջոցների հոդվածին։ Առաջարկվում էր այն կազմել եւ կիրառել միայն 2006 թ. հետո, երբ արդեն կազմված կլիներ մայրաքաղաքի նոր գլխավոր հատակագիծը։ Հիմա, երբ արհեստականորեն շրջանառվում է հին հատակագիծը, որի վրա, բնականաբար, բացակայում են գոտեւորման նոր սխեմաները, եւ փաստորեն ժամանակավրեպ է դարձել, քաղաքաշինական խախտումների իրական եւ ոչ իրական լինելը, խիստ վիճարկելի կարելի է դառնալ գերատեսչությունների համար։ Անշուշտ, այն ժամանակ, երբ արդեն պատրաստ կլինի քաղաքի նոր գլխավոր հատակագիծը, հարկ կլինի փոփոխել նաեւ ներկայում արդեն շրջանառվող հոդվածը։ Իսկ այդ ընթացքում, անկասկած, պրոբլեմներն ու շահարկումներն անխուսափելի կլինեն։
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ