«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#48, 2003-03-13 | #49, 2003-03-14 | #50, 2003-03-15


ՀԱՅ ԸՆՏԱՆԻՔԸ ԿԱՐՏԱՔՍՎԻ ԻՍՐԱՅԵԼԻՑ

Իսրայելական «Հաարեց» թերթի երեկվա համարում զետեղված հոդվածներից մեկը պատմում է Լեռնային Ղարաբաղից գաղթած հայ ընտանիքի մասին։ Իսրայելի ներքին գործերի նախարարությունը հինգշաբթի հայտարարել է, որ 3 ամսից ընտանիքին կարտաքսի երկրից, քանի որ վերջինիս չի հաջողվել ապացուցել իր հրեական ծագումը։

Հակոբյանների ընտանիքը, որ բաղկացած է 5 անդամից, մոտ 5 տարի առաջ խնդրագիր է ներկայացրել դատարանՙ հրեականությունն ապացուցելու համար։ Ընտանիքի մայրը պնդել է, որ ինքը հրեա է մոր կողմից, իսկ ամուսինըՙ հայ։

1997 թ. ավերվում է Հակոբյանների տունն Արցախում, եւ նրանք որոշում են գաղթել Իսրայել։ Նախ մեկնում են Ուկրաինա, սակայն այնտեղ չեն կարողանում ձեռք բերել մշտական բնակության վիզա, այլՙ միայն տուրիստական։ Իսրայելում նրանց փաստաթղթերը չեն հաստատվում, քանի որ դրանք ոչ թե իսկականն էին, այլ պատճենները։ Այդ իսկ պատճառով ներքին գործերի նախարարությունը մերժում է նրանց խնդրագիրը։ Երբ ընտանիքի մայրն Իսրայելում վիրավորվում է պայթյունի ժամանակ, ստիպված է լինում բուժման համար մեկնել Լեռնային Ղարաբաղ։ Բանն այն է, որ Թել Ավիվի ռաբբունական դատարանը սկզբում վավերացրել է այն փաստը, որ ընտանիքի մայրը հրեա է, իսկ 2 ամիս հետո տեղեկացրել ներքին գործերի նախարարությանը, որ ճիշտ որոշում չի կայացրել։ Դրա հետեւանքով ընտանիքի հայրն ու ավագ դուստրը, որը Թել Ավիվի համալսարանի ուսանողուհի է, ձերբակալվել են, իսկ մայրը, խնամքի տակ անչափահաս երեխաներ ունենալու պատճառաբանությամբ, ազատվել է։

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4