«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#49, 2003-03-14 | #50, 2003-03-15 | #51, 2003-03-18


ԹՈՒՐՔԻԱՆ ԴԻՄԱԿԱՅՈՒՄ Է Մ. ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ՃՆՇՈՒՄՆԵՐԻՆ

Հակապատերազմական տրամադրությունները երկրում վերաճում են հակաամերիկյանի

Վերջերս Լոնդոնում բնակվող անկախ լրագրող Գուին Դայերը կարծիք էր հայտնել, որ Խորհրդային Միության կործանումից հետո առավել շեշտակի դրսեւորում ստացած ամերիկյան «կայսրությունը» չի կարող երկար կյանք ունենալ։ Նրան «Ինչո՞ւ է ԱՄՆ-ի քաղաքականությունը ձախողման դատապարտված» հոդվածով լրացնում է Անկարայի համալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի պրոֆ. Բասքըն Օրանը, մասնավորապես գրելով. «Աշխարհակալությունների կյանքը սովորաբար 25¬60 տարի է տեւում, որովհետեւ նրանք իրենց դիրքերը չկորցնելու համար ստիպված ուժից վեր էներգիա են ծախսում եւ միաժամանակ բախվում են նորանոր մրցակիցների, քանի որ միաբեւեռ համակարգում մրցակիցների աճն անխուսափելի է։ Ստեղծված իրավիճակում շնորհների բաշխումը չի բավարարում, իսկ տարածվող ահ ու սարսափի շարունակականությունը չի ապահովվում»։

Արդարեւ, պաշտոնական Վաշինգտոնն ինքն իրեն այնքան է պարտավորեցրել հակաիրաքյան պատերազմին, որ հակառակորդների հետ ահ ու սարսափի է ենթարկում նաեւ դաշնակիցներին։ Դա հանգեցնում է դաշնակիցների եւ ԱՄՆ-ի հարաբերությունների սրմանը։ Այդ ընթացքում հակապատերազմական ցույցերով սկսում են ալեկոծվել հենց ամերիկացիները։ Եթե ԱՄՆ-ը միջազգային ասպարեզում է մեկուսանում, ապա Բուշի վարչակարգն էլ մեկուսացման սպառնալիքի առջեւ է կանգնում ԱՄՆ-ում։

Պաշտոնական Վաշինգտոնի սպառնալիքների անտեսման, ԱՄՆ-ի հետ հարաբերությունների սրման, ինչպես նաեւ երկրում հակաամերիկյան տրամադրությունների առաջացման առումով թերեւս հատկանշական է Թուրքիան։ Մի պետություն, որը ոչ միայն Իրաքի անմիջական հարեւանն է, այլեւ Մերձավոր եւ Միջին Արեւելքում ԱՄՆ-ի լիազոր ներկայացուցիչը։ Եթե դրան գումարենք Թուրքիայի ֆինանսական կացությունն ու ԱՄՆ-ից նրա կախվածությունը, ապա պարզ կդառնա, թե թուրքական իշխանություններից Վաշինգտոնի դժգոհությունը ինչո՞ւ է կատաղության հասնում։

Տվյալ դեպքում խոսքը «Երկրի տարածքում ամերիկյան զորքերի տեղաբաշխման մասին» օրինագծի քննարկումը թուրքական խորհրդարանում ձգձգելու մասին է։ Թեեւ տեղաբաշխումն առանց դրա էլ շարունակվում է, եւ դրա համար հիմք է ծառայում փետրվարի 8-ին Գյուլի կառավարության եւ Բուշի վարչակարգի միջեւ ստորագրված համաձայնագիրը, սակայն դա հարցականի տակ է դնում տեղաբաշխման օրինականությունը։ Թերեւս այդ առումով պատահական չէին Ժողովրդա-հանրապետական կուսակցության նախագահ Դենիզ Բայքալի խոսքերը. «Ասում են, որ ամերիկացիները գործում են փետրվարի 8-ի համաձայնագրի շրջանակներում։ Նրանք գուցե իրավունք ունեն, սակայն կառավարությունը նրանց այդ իրավունքով լիազորելու իրավասություն ունենալ չի կարող»։

Մարտի 12-ին, երբ Բայքալը թուրքական հեռուստատեսությամբ քննադատում էր կառավարությանը, Իսքենդերունի նավահանգստում բախվում էին երկրում ամերիկյան զորքերի ներկայության դեմ բողոքող ցուցարարներն ու անվտանգության ուժերը։ «Ազգը» տեղեկացրել էր բախումների մասին։ Պարզապես ասենք, որ ոստիկանությունը 10 անգամ նախազգուշական կրակ էր բացել օդ եւ 100 ցուցարարներից ձերբակալել 94-ին, որոնցից 4-ը կալանվել են։ Ի դեպ, մարտի 13-ին նույն տեղում նոր բախումներ եղան։ Թուրքական թերթերը մարտի 14-ի համարներում անդրադարձան դրանց, բայց եւ այնպես գլխավոր թեման նախագահ Ջորջ Բուշի ուղերձն էր Ռեջեփ Թայիփ Էրդողանին։

Վերոհիշյալ թերթերը միահամուռ նշում են, որ ուղերձը վերջնագրի բնույթ է կրում, որտեղ ԱՄՆ նախագահը, ըստ «Զամանի», սպառնում է. «Մենք ժամանակ չունենք օրինագծի կրկնակի քվեարկությանը սպասելու։ Միակողմանի Հյուսիսային Իրաք չմտնեք, այլապես կբախվեք ամերիկյան զինվորի դիմակայությանը։ Անհապաղ բացեք ձեր օդային տարածքն ու ռազմաբազաները մեր զորքերի առջեւ»։ Բուշի ուղերձը կառավարություն կազմելու աշխատանքներով զբաղված Էրդողանին հանձնել էր Անկարայում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Փիրսոնը։

Հատկանշական է, որ նա թուրք լրագրողներին խաբել է, ասելով, թե ուղերձում նախագահ Բուշը պատգամավոր ընտրվելու առթիվ Էրդողանին է շնորհավորել։ Մինչդեռ շնորհավորանքը հենց մայիսի 9-ինՙ ընտրության օրն էր կատարվել։ Համենայն դեպս, ստանալով ուղերձը, Էրդողանը խորհրդակցության է հրավիրում Աբդուլլահ Գյուլին եւ թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հիլմի Օզքյոքին, որտեղ էլ որոշվում է հնարավորին չափ ձգձգել կառավարության կազմավորումը, պատասխանի համար սպասել հակաիրաքյան նոր բանաձեւի հաստատմանը ՄԱԿ-ի ԱԽ-ում եւ ուղերձը հակադարձել նույնքան կոշտ ոճով։

Խորհրդակցության ավարտին Էրդողանը հեռախոսակապ է հաստատում ԱՄՆ փոխնախագահ Դիկ Չեյնիի հետ, որը նրան ասում է. «Դեկտեմբերից ի վեր մեզ խաբում եք։ Նախագահ Բուշը ձեր պատասխանին է սպասում։ Ժամանակն է, որ Թուրքիան աջակցության առումով կողմնորոշվի եւ վերջնական որոշում կայացնի»։ Այս հեռախոսազրույցին հետեւում է նոր խորհրդակցություն, որին Էրդողանի հետ մասնակցում են Թուրքիայի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարները։ Խորհրդակցության արդյունքների մասին թուրքական թերթերը լռում են։ Ինչ վերաբերում է Բուշի ուղերձին, թեեւ վարչապետ Էրդողանը դեռեւս չի հակադարձել, սակայն դա չի խանգարում, որպեսզի դրան թերթերի հետ արձագանքեն պետական գործիչները։

Ուշագրավ են արձագանքների վերնագրերը, հատկապես «Վաքիթ» թերթի մարտի 17-ի համարը։ «Բուշ, չափդ իմացիր» խորագրով այս թերթն անդրադառնում է ուղերձիՙ Մեջլիսի նախագահ Բյուլենթ Արընչի արձագանքին, որտեղ վերջինս նկատի ունենալով Բուշին ասում է, որ այլ պետության ղեկավարին իրավունք չի տրված խառնվել որեւէ երկրի ներքին գործերին, ավելացնելով. «Այսինքնՙ ոչ ոք, թեկուզ Բուշը, Թուրքիայի վարչապետի կամ մեկ այլ պաշտոնյայի հետ սպառնալից ոճով չի կարող խոսել։ Թե Իրաքի առումով ԱՄՆ-ն ինչ ծրագրեր ունի, կամ ինչ է ուզումՙ նրա գործն է։ Դրսի խոսակցությունները մեզ առանձնապես չեն հետաքրքրում»։

Արընչի նախազգուշացումով Բուշը հազիվ թե իր չափն իմանա։ Չմոռանանք, որ 2003 թ. թուրքական պետբյուջեն 92 մլրդ ամերիկյան դոլար է կազմում, իսկ կառավարությունն ընթացիկ տարում 93,4 մլրդ դոլար մուծումներ է կատարելու, որից 73,5 միլիարդը բխում է արտաքին պարտքից եւ դրա ամենամյա սպասարկումից։ Բայց որ թուրքական իշխանություններն այս ամենով հանդերձ կարողանում են դիմակայել ԱՄՆ-ի ճնշումներին, եւ այդ դիմակայությունը երկրում խթանում է հակաամերիկյան տրամադրությունները, ակնհայտ է։ Դրա վկայությունը երկրով մեկ տարածվող ցույցերն են եւ ցուցարարների «Մարդասպան ԱՄՆ», «Յանկի, ռադ եղիր իմ երկրից», «Ջոնի, սա քո երկիրը չէ», «Վերջ տվեք օկուպացիային», «ԱՄՆ-ի ժանդարմը չենք դառնա», «Կորչի ամերիկյան զինվորը» գրությամբ պաստառները։

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4