Կուսակցությունը հիմնարար փոփոխությունների կողմնակից է
Դեպի խորհրդարան մեկնարկի պատրաստ կուսակցությունների հետ Հայ հեղափոխական դաշնակցությունն էլ երեկ լրագրողներին ներկայացրեց ԱԺ ընտրություններին մասնակցության համամասնական ցանկը։ Այն ընդգրկում է բավական պատկառելի քանակՙ 101 անուն։ Նրանցից 71-ը ՀՅԴ անդամներ են, 2-ըՙ Համահայկական աշխատավորական կուսակցության, 28-ըՙ անկուսակցականներ։ Դաշնակցությունն արժանին է մատուցել պատգամավորության կին հավակնորդներինՙ համամասնական ցանկի 25 տոկոսը կանայք են։
Ինչպես ակնհայտ է եւ ինչպես բնորոշեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը (համամասնական ցուցակում նրա անունը երկրորդն է ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանից հետո), այս ընտրությունների համամասնական ցանկը որոշակիորեն առանձնահատուկ է նախորդ ընտրությունների համեմատ։ Դրանում ներառված են նաեւ գործարարներ, տնտեսական կյանքի տարբեր ոլորտների ճանաչված անձինք, որոնք, սակայն, մինչ այժմ ուղղակիորեն չեն առնչվել Դաշնակցության հետ։ Հիշատակենք «Գրանդ քենդի» ՍՊԸ գործադիր տնօրեն Արմենուհի Հովհաննիսյանին (նա ցուցակում 8-րդն է), «Մասիս տոբակո» ՍՊԸ տնօրեն Միքայել Հրանտի Վարդանյանին, Ավշարի գինու գործարանի տնօրենների խորհրդի նախագահ Արայիկ Գրիգորյանին, «Աշտարակ-կաթ» ՓԲԸ խորհրդի նախագահ Աշոտ Ափոյանին եւ այլն...
Կուսակցությունը հանրապետության 56 ընտրատարածքներում մեծամասնական ընտրակարգով առաջադրել է 3 տասնյակից ավելի թեկնածուների։ Իսկ թե ում են պաշտպանելու դաշնակներն այն տեղամասերում, ուր իրենք ներկայացված չեն, դեռեւս քննարկելու խնդիր է։ Ինչպես Արմեն Ռուստամյանը, ասուլիսի մյուս մասնակիցներ, այնպես էլ Վահան Հովհաննիսյանը համոզված են, որ Դաշնակցությունը հնարավորություններ ունի ԱԺ-ում առավելագույն տեղեր ունենալու եւ ձգտելու է դրան։ Կուսակցությունը ե՛ւ օրենսդիր, ե՛ւ գործադիր իշխանության ոլորտներում հիմնարար փոփոխությունների նախաձեռնող է լինելու։
Դաշնակների համամասնական ընտրացուցակի 3-րդ տեղում ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանն է։ Նա եւս ներկա էր ասուլիսին եւ իր անվան հայտնվելն այդ ցուցակում օրինաչափ գնահատեց, քանի որ նախորդ անգամներին էլ Դաշնակցության ցուցակներով է ներկայացվել։ Իսկ լրագրողներից մեկի հարցը, թե հանձին նրան տեսնո՞ւմ է արդյոք Դաշնակցությունը վարչապետի ապագա թեկնածուի, Արտաշես Թումանյանը հակադարձեց այսպեսՙ այդ առթիվ որեւէ նախնական պայմանավորվածություն չի կարող լինել, բայց Դաշնակցությունը ֆունդամենտալ շրջափոխումների կողմնակից է։
Վահան Հովհաննիսյանի համոզմամբ, ի տարբերություն մյուս կուսակցությունների, համամասնականի իրենց մոդելում խոշոր բիզնեսը ներկայացվում է նաեւ մենեջերների եւ իրավաբանների միջոցով, ոչ թե միայն մեծահարստության չափանիշներով։ Այն անձինք, որոնց ներառել են իրենց ցուցակներում, հարազատ են իրենց գաղափարական սկզբունքներով։ Ի վերջո, ուժեղ երկիր կարելի է ստեղծել ուժեղ տնտեսության շնորհիվ, իսկ դա նշանակում է նախ եւ առաջ տեղական արտադրության խթանում, նոր աշխատատեղեր, ինչին ձգտում են ե՛ւ գործարարները, ե՛ւ իրենք։ Եվ դա խաղաղ համագործակցելու երաշխիքներ է խոստանում։ Այլ խնդիրների վերաբերյալ իրենց տեսակետների տարբերությունը, ինչպես վստահ է Արմեն Ռուստամյանը, հետագայում միայն հարստացնելու է իրենց հարաբերությունները։ Իսկ դեպի խորհրդարան իրենք էլի միայնակ են մեկնարկում։ Համամասնական ընտրացուցակում համակիրների այդ համաստեղությունը, ինչ էլ լինի, այնուամենայնիվ, նրանց հետ դաշինք չի նշանակում։
Դաշնակցության նախընտրական պլատֆորմը եւ կարգախոսը դեռեւս քննարկումների փուլում են, իսկ ընտրությունների իրենք մտադիր են գնալ օրինախախտումները նվազագույնի հասցնելու վճռականությամբ։ Ընտրակեղծիքները, որ արձանագրվեցին նախագահական ընտրություններում, քաղաքական շահարկումների թեմա դառնալուց առաջ հարվածում են մեր երկրի բարոյական նկարագրին։
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ