Ընդդիմադիր 9 կուսակցություններ Ազգային ժողովի ընտրություններին կգնան դաշինքով։ Ինչպես այս առթիվ երեկ հրավիրած մամուլի ասուլիսում հայտնեց ԱԺԿ ղեկավար Շավարշ Քոչարյանը, դաշինքը կկոչվի «Արդարություն», որտեղ, ըստ բանախոսի, հավաքվել են «ազդեցիկ ուժեր» եւ որտեղ ընդգրկված են «երկու ընտրված նախագահ եւ երեք վարչապետ»։ Միացյալ ընդդիմության նպատակն է պահանջել, որ «իշխանությունը բռնազավթած վարչակարգը հեռանա», եւ այդ նպատակի համար ընտրվել է պայքարի 3 ուղղությունՙ հանրահավաքներ, սահմանադրական պայքար եւ միասնաբար հանդես գալ ԱԺ ընտրություններում։ Իսկ վերջնական նպատակն, ըստ Շավարշ Քոչարյանի, նախագահական ընտրություններն անվավեր ճանաչելն է, վերահաստատելը, որ նախագահ է ընտրվել Ստեփան Դեմիրճյանը (հետաքրքրական է, թե ինչպե՞ս են համատեղվելու այս երկու պահանջները-Ա. Մ.), Ազգային ժողովում մեծամասնություն կազմելը եւ կառավարություն կազմավորելը։ Մի խոսքով, խնդիրը բացառապես իշխանության գլուխ անցնելն է։
ՀԺԿ ներկայացուցիչ Ստեփան Զաքարյանն էլ համեստաբար ավելացրեց, որ այս դաշինքը կարելի է ավելի շուտ ճակատ համարել։ Հաստատվեցին նաեւ այդ դաշինքի կամ «ճակատի» առաջին թվերում գտնվողների անունները։ Մասնավորապես առաջին եռյակի պատկերը հետեւյալն էՙ 1. Ստեփան Դեմիրճյան (ՀԺԿ), 2. Արամ Սարգսյան («Հանրապետություն»), 3. Վազգեն Մանուկյան (ԱԺՄ)։ Դաշինքի առաջին տասնյակում կուսակցությունների ղեկավարներն են, ինչի առնչությամբ ՀԺԿ խորհրդի անդամ Ռուզան Խաչատրյանն ասաց, որ «ՀԺԿ-ում այդ առթիվ եղած դժգոհությունների մասին լուրը չափազանցված է»։
Մամուլի ասուլիսի ժամանակ արծարծված երկրորդ հարցն ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով Ստեփան Դեմիրճյանի դիմումն է Սահմանադրական դատարան։ Ստեփան Զաքարյանը հայտնեց, որ դիմումին կից ներկայացվել են 19 հատոր կազմող հավելյալ նյութեր եւ որ իրենք ունեն իրեղեն ապացույցներ, որ հենց Կենտրոնական ընտրական հանձնաժողովն է դիմել կեղծիքի։ Դա էլ առիթ տվեց «Հանրապետություն» կուսակցության ղեկավարներից Ալբերտ Բազեյանին վստահություն հայտնելու, որ Սահմանադրական դատարանն ընտրություններն անվավեր կճանաչի։ Եթե դա չլինի, ապա «կհայտնվենք այնպիսի վիճակում, երբ դատական ամենաբարձր ատյանն ապօրինությունը կարձանագրի», հերթական անգամ կանխակալ կարծիք արտահայտեց Ալբերտ Բազեյանը։
Ալբերտ Բազեյանն ընթերցեց նաեւ «Արդարություն» դաշինքի հայտարարությունը «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանի եղբորՙ Արմեն Սարգսյանի ձերբակալության կապակցությամբ։ Վերստին կրկնելով ապօրինի ձերբակալությունների մասին մեղադրանքները, Արմեն Սարգսյանի ձերբակալությունը եւ Տիգրան Նաղդալյանի սպանությունը նրան վերագրելն Ալբերտ Բազեյանը համարեց շինծու։ Ըստ նրա, եթե ազգակցական կապն իրավական կատեգորիա է, ապա ինչո՞ւ այդ սպանությունը չի կապվում Ալեքսան Հարությունյանի հետ, որն ավելի մոտ ազգակցական կապ ունի սպանություն կատարող Ջոն Հարությունյանի հետ։
Թե դա ինչպիսի՞ ազգակցական կապ էՙ հարցին Ալբերտ Բազեյանը պատասխանեց, որ «ազգակցական կապի մասին մեր տեղեկությունները սահմանափակ են»։ Այդ դեպքում ինչպես է, որ տվյալ դեպքում այն «ավելի մոտ է», Ալբերտ Բազեյանը չպարզաբանեց։ Նա նաեւ նշեց, որ «Ապերը» որեւէ ցուցմունք Արմեն Սարգսյանի դեմ չի տվել, իսկ «սանիկ կոչվածը հավաքագրված անձ է»։ «Հանրապետություն» կուսակցության ղեկավարն Արմեն Սարգսյանի ձերբակալությունը կապեց Տիգրան Նաղդալյանի սպանությունից վրդովված Նաիրի Հունանյանի ինչ-ինչ նոր ցուցմունքներ տալու սպառնալիքի հետ։ Այդ պատճառով էլ, ըստ Ալբերտ Բազեյանի, Արմեն Սարգսյանին ձերբակալեցին եւ տարան այն մեկուսարանը, որտեղ գտնվում է Նաիրի Հունանյանը։ Կոչ արվեց նաեւ մասնակցել այսօր Մատենադարանի մոտ տեղի ունենալիք հանրահավաքին, որից հետո շարժվել դեպի անժամկետ նստացույց հայտարարած տիկին Գրետա Սարգսյանի մոտՙ նրան զորակցելու։
Ալբերտ Բազեյանը նույնպես անդրադարձավ նախագահական ընտրություններին, ասելով, որ իշխանությունների կողմից ամեն ինչ նախապես ծրագրված էր եւ կազմակերպված։ Այս առնչությամբ նա ասաց, որ եթե ընդդիմության թեկնածուն 100 տոկոս էլ ստանար, ապա միեւնույն է, ընտրված կհամարվեր Ռոբերտ Քոչարյանը։ Կարծես թե նման արտահայտություն նախկինում էլՙ 1996 թ.-ին լսել էինք, բայց իշխանական ճամբարի ներկայացուցչից։
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ