Ճիշտ նախագահական ընտրությունների նման առատ
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Մարտի 16-ին, ժամը 18-ին լրացավ Ազգային ժողովի համամասնական եւ մեծամասնական ընտրակարգերով պատգամավորության թեկնածուների առաջադրման փաստաթղթերը ԿԸՀ կամ համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով ներկայացնելու ժամկետը։
Այսպիսով, համամասնական ընտրակարգով պատգամավորության 75 մանդատի համար պայքարելու են 24 կուսակցություն, կուսակցությունների դաշինք եւ միավորումներ։
Քանի դեռ առաջադրման փաստաթղթերը ներկայացնելու ժամկետն ավարտին չէր մոտեցել, ապագա խորհրդարանում պատգամավորական մանդատներ զբաղեցնելու ցանկությունը քաղաքական ոչ մի ուժ հստակ ու որոշակի չէր հայտարարում։ Չէր խոսվում նաեւ այն մասին, թե մեր դաշտում կուսակցությունները խորհրդարանական ընտրություններին մասնակցելու են առանձին-առանձին, թե դաշինքներով։ Եվ այդ պատճառով առաջադրումների գերակշիռ մասը կատարվեց ոչ թե մարտի 11-ին կամ 12-ին, այլ վերջին երկու օրերինՙ մարտի 15-ին եւ 16-ին։
Ինչեւէ, խորհրդարանում իրենց թեկնածուներին տեսնելու նպատակին հասնելու համար պայքարի ցուցակում ընդգրկվել են եւ հայտնի, եւ դեռեւս անհայտ քաղաքական կազմակերպություններ։ Պատգամավորության թեկնածուների առաջադրման ցուցակներ են ներկայացրել նաեւ այնպիսի կուսակցություններ, որոնք հայտնի են որպես գաղափարախոսություն ունեցող միավորումներ, եւ այնպիսիք, որոնք լավագույն դեպքում հասարակությանը հայտնի են միայն, այսպես կոչված, առաջնորդի անունով։
Մասնավորապես, մեզանից քչերը կարող են ասել, թե երբ, ում կողմից եւ ինչպես է հիմնվել, ասենք, Միավորված աշխատանքային կուսակցությունը, որն իր համամասնական ընտրակարգով առաջադրած ցուցակում ընդգրկել է 40 թեկնածուի։
Կամ ո՞վ կարող է հաստատապես նշել, թե ինչ գաղափարախոսության է հետեւում, կամ ինչ սկզբունքներ ունի «Բագրեւանդ» կազմակերպությունը, որի թեկնածուների ցուցակը բաղկացած է 30 հոգուց։
Նմանապես «Աշխատանք, օրենք, միասնություն» անունը կրող կազմակերպությունը գաղափարական ի՞նչ սկզբունքներ ունի եւ կառավարման ինչպիսի՞ ձեւի է կողմնակից, կարող են ասել թերեւս միայն հիշյալ կազմակերպության առաջադրած ցուցակում ընդգրկված 13 թեկնածուները։
Առաջադրված ցուցակներում հանդիպում ենք նաեւ այնպիսի կուսակցությունների, քաղաքական այնպիսի միությունների, որոնց անունները մեզ ոչինչ չեն ասում, թեեւ, ըստ առաջադրված ցուցակների, առաջին տեղը զբաղեցնող թեկնածուին ճանաչում ենք։ Օրինակ, Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միությունը քաղաքական ասպարեզում գրեթե ճանաչված չէ, ի հակադրություն վերջինիս կողմից 33 թեկնածուի ցուցակում ընդգրկված առաջին անվանՙ Խոսրով Հարությունյան։
Տիգրան Կարապետյանին էլ գոնե ինքն իրեն այլընտրանքային համարող եթերից եթե ոչ լսել, ապա բազմիցս տեսել ենք։ Բայց նրա անվամբ գլխավորված 18 հոգանոց թեկնածուների ցուցակն առաջադրած Ժողովրդական կուսակցությանը, հիշողության մեջ լավ փնտրտուքից հետո թերեւս կարելի է մտաբերել։
Ազգային համաձայնություն կուսակցությունը մինչեւ նախագահական ընտրություններն ուղղակի անհայտ էր։ Սակայն շնորհիվ 13 թեկնածուների ցուցակը գլխավորող հանրապետության նախագահի թեկնածու Արամ Հարությունյանի, հասարակությունը քիչ թե շատ լսեց նաեւ Ազգային համաձայնություն կուսակցության մասին։
Թե ովքեր են «Արդարություն» կուսակցության հիմնադիրները եւ ինչ նպատակներ են հետապնդում, դժվար թե շատերը տեղյակ լինեն։ Սակայն պարզվում է, որ կուսակցությունը խորհրդարանական ընտրությունների համամասնական ընտրակարգով առաջադրել է 10 թեկնածուի։
Ինչ վերաբերում է 19 թեկնածու առաջադրած «Հայ արիների բռունցք» կուսակցությանը, ապա մնում է ենթադրել, թե անծանոթ այս կուսակցության խիստ ծանոթ հապավմամբ ներկայացողների հիմնական սկզբունքները որոնք են։
Հասարակությանը հայտնի ոչ միայն անվամբ, այլեւ գործունեությամբ կուսակցություններից, ասենք, Հայաստանի նորացված կոմունիստական կուսակցությունը, Յուրի Մանուկյանի գլխավորությամբ, առաջադրել է 40 թեկնածուի։ Իսկ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, Վլադիմիր Դարբինյանի առաջնորդությամբ, ունի 39 թեկնածու։
«Ազգային միաբանությունն» իր առաջադրած ցուցակում ընդգրկել է 77 թեկնածուի, ցուցակի առաջին երեք տեղերը տրամադրելով Արտաշես Գեղամյանին, Ալեքսան Կարապետյանին, Հմայակ Հովհաննիսյանին։
Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցությունն առաջադրել է 60 թեկնածուներից բաղկացած ցուցակ, որի առաջին տեղում Ռուբեն Միրզախանյանն է, ապաՙ Գագիկ Աբրահամյանը եւ Լավրենտի Բարսեղյանը։
«Օրինաց երկիրը» 63 թեկնածուների իր ցուցակում առաջինը ներկայացրել է Արթուր Բաղդասարյանին, ապա Սերգո Երիցյանին եւ Թամար Պողոսյանին։ ՀԺԱՄ-ի 70 թեկնածուներից բաղկացած ցուցակը, իհարկե, գլխավորել է Սեյրան Ավագյանը։
ՀՅ Դաշնակցությունը 101 թեկնածուի առաջադրող ցուցակում առաջինը ներկայացրել է Վահան Հովհաննիսյանին, ապա Արմեն Ռուստամյանին եւ Արտաշես Թումանյանին։
Հանրապետական կուսակցությունը ներկայացրել է 120 թեկնածուների ցուցակ, որը գլխավորում են Անդրանիկ Մարգարյանը, Սերժ Սարգսյանը եւ Տիգրան Թորոսյանը։
Խորհրդարանական ընտրություններին հայտ է ներկայացրել նաեւ ՀՀՇ-ն 41 թեկնածուների ցուցակովՙ Արարատ Զուրաբյանի գլխավորությամբ։
Քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը «Հզոր հայրենիք» կուսակցության 75 թեկնածուների ցուցակում առաջինն է, որից հետո առաջադրվել են Վարդան Վարդապետյանը եւ Ստեփան Մարգարյանը։
2003 թվականի ԱԺ ընտրություններին կմասնակցի 6 դաշինք։ «Արդարություն» դաշինքի (ՀԺԿ, «Հանրապետություն», ԱԺՄ, ՍԻՄ, ԱԺԿ, ԱԺԴ, ՀԴԿ, ՍԴՀԿ, ՀՍԴԿ) 137 թեկնածուների ցուցակը գլխավորում են Ստեփան Դեմիրճյանը, Արամ Զ. Սարգսյանը եւ Վազգեն Մանուկյանը։
«Րաֆֆի Հովհաննիսյան» դաշինքը (Ժառանգություն, Ազգային պետություն) առաջադրել է 20 թեկնածուների ցուցակ, որը գլխավորում է Անահիտ Ժամկոչյան-Բախշյանը։
Պարույր Հայրիկյանն այս խորհրդարանական ընտրություններին գնում է դաշինքի կազմում, որում ընդգրկվել են ԱԻՄ-ը (քրիստոնեավարներ), «Մտավորական Հայաստանը», «Ազատ Հայք առաքելությունը»։ Դաշինքն առաջադրել է 40 թեկնածուների ցուցակ։ 17 թեկնածուներից բաղկացած ցուցակ է առաջադրել «Ազատ, արդար Հայաստան» դաշինքըՙ Մանուկ Գասպարյանի գլխավորությամբ։ Դաշինք են կազմել Հայաստանի մարքսիստական կուսակցությունը եւ Հայաստանի կոմունիստների միությունը։
Լյուդմիլա Հարությունյանը, Գագիկ Ասլանյանը եւ Ստեփան Ծաղիկյանը գլխավորում են «Արժանապատվություն, ժողովրդավարություն, հայրենիք» դաշինքի առաջադրած 71 հոգանոց ցուցակը։ Այս դաշինքը կազմվել է «Արժանապատիվ ապագա» եւ Ժողովրդադեմոկրատական կուսակցություն միավորներից։
Եվ ի վերջո, 15 թեկնածուների ցուցակով խորհրդարանական ընտրություններին համամասնական ընտրակարգով ցանկանում է մասնակցել նաեւ «Արդյունաբերողների եւ կանանց միություն» դաշինքը («Կանայք հայոց աշխարհի», Հայաստանի առաջադիմական միացյալ կուսակցություն)։
Ստացվում է, որ կուսակցական ցուցակներով 75 մանդատի համար առաջադրվել է 1162 թեկնածու։ Բավականին հետաքրքրական եւ մեր «ստանդարտներին» խիստ համապատասխանող մրցակցության թիվ է 1162-ը 75 տեղի համար։ Հետաքրքրականն այստեղ, թերեւս, ավելի շուտ, այն հեռանկարն է կամ կանխատեսումը, որ առաջադրվող յուրաքանչյուր քաղաքական միավոր կատարել է իր համար եւ հաշվարկել, թե այդ հեռանկարն իրատեսական է։