Ռուսաստանի հարավի հայերի «Երկրամաս» թերթը տեղեկացնում է, որ Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Վլադիմիր Յակովլեւը մարտի 13-ին Սմոլնիում ընդունել է Հայ առաքելական եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսիո թեմի առաջնորդ Եզրաս եպիսկոպոսին, որը նահանգապետին հայտնել է անձնական երախտագիտություն եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի երախտիքի խոսքերըՙ Պետերբուրգի Հայ առաքելական եկեղեցուն ցույց տրվող օժանդակության համար։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Նեւսկի պողոտայում Սբ. Կատարինե հայկական եկեղեցու առջեւի հրապարակի պատմական նկարագրի վերականգնման հարցերը։ Քաղաքի հոբելյանի առթիվ հայ համայնքն այդտեղ կվերականգնի շատրվանն ու ցանկապատը, իսկ շենքին հարող Նեւսկի պողոտայի թիվ 42 տանը, տեղի հայկական համայնքի միջոցներով, կբացվի այնտեղ բնակված բանաստեղծ Ֆյոդոր Տյուտչեւի թանգարանը։