Երեկՙ մարտի 17-ին, ժամը 13։00-ից ՀՀ նախագահի նստավայրի ցանկապատի մոտ անժամկետ նստացույց էին անում մոտ 200 կանայքՙ սպարապետ Վազգեն Սարգսյանի մորՙ տիկին Գրետայի գլխավորությամբ։ Բողոքի այս ձեւն է ընտրել Գրետա մայրիկը կրտսեր որդուՙ Արմեն Սարգսյանի Տ. Նաղդալյանի գործով ձերբակալության կապակցությամբ։ Ձյան ու անձրեւի տակ նստած, նա զայրացած ասում էր, թե ընտանիքում, իր որդիները չեն դաստիարակվել որպես մարդասպաններ, այլ կիրթ ու բանիմաց, քրիստոնեական մաքուր ոգով են դաստիարակվել ու մեծացելՙ պահպանելով Քրիստոսի պատվիրանները։ Իսկ Նաղդալյանի սպանությունը միանշանակ բացասական համարեց, քանի որ իրենք բոլորը սպասում էին, որ Նաղդալյանը գար դատարան ու ցուցմունքներ տար, ուստի նրան սպանելու տրամադրվածություն երբեւէ չի եղել։
Տիկին Գրետան իրեն սատարող մայրերի, քույրերի ու հոկտեմբերի 27-ին զոհվածների կանանց հետ նստացույցը կշարունակի այնքան ժամանակ, մինչեւ ազատ չարձակեն բոլոր բանտարկյալներին եւ առաջին հերթին իր որդուն, որին թոքաբորբով հիվանդ վիճակում, ջերմությամբ, շաբաթ օրը տարել են հարցաքննության որպես վկայի ու այլեւս բաց չեն թողել։ Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանը որոշում է կայացրել խափանման միջոց ընդունել կալանքը ու ձերբակալել է։ Այսուհանդերձ երեկ ՀՀ գլխավոր դատախազությունից հայնեցին, որ գործով ձերբակալվածներից մի քանիսը, այդ թվումՙ «Ապերը». իրար համապատասշանող ցուցմունք են տվել այն մասին, որ Արմեն Սարգսյանն է եղել Տ. Նաղդալյանի սպանության պատվիրատուն
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ