«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#51, 2003-03-18 | #52, 2003-03-19 | #53, 2003-03-20


ՈՐՔԱՆ ԳՈՐԾԸ ՄԱՆՐԱՄԱՍՆՎՈՒՄ Է, ԱՅՆՔԱՆ ՉԻ ՓԱՍՏԱՐԿՎՈՒՄ

Երկուստեք

ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Սահմանադրական դատարանի երեկ շարունակվող նիստը սկսվեց Արտաշես Գեղամյանին ներկայացնող Ռուբեն Հովհաննիսյանի կողմից իրենց հարցադրումներն ամբողջությամբ ներկայացնելուց։ Մինչ դիմող կողմը կանցներ իր հարցադրումներին, ԿԸՀ-ն ներկայացնող Գեւորգ Ներսիսյանը ցանկացավ հայտարարության կարգով ներկայացնել մի փաստաթուղթՙ ԿԸՀ-ի ներկայացրած ամփոփիչ արձանագրության մեջ ճշտումների կապակցությամբ։ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն առաջարկեց այդ մասին խոսել սեփական ելույթի ժամանակ։ Այդպիսով, դիմող կողմը նախ ներկայացրեց դիմումի բովանդակությունը, ապա անցավ, ըստ իրեն, հետաքրքրական թվաբանության։ Նշվեց, որ ԿԸՀ-ն մինչ ընտրությունների օրը հրապարակել է ընտրողների ընդհանուր թիվՙ 2 մլն 235 հազար։ Այնուհետեւ ԿԸՀ-ն պարտավոր էր ապահովել այդ թվից 5 տոկոսով ավել թվով քվեաթերթիկների տպագրություն։ Սակայն ավելի տպագրվել է 5,3 տոկոս։ Չնայած այս հանգամանքին, ամփոփիչ արձանագրության մեջ հրապարակված քվեաթերթիկների թիվը չի համապատասխանում սահմանված կարգով պահանջվածին։ Այդպիսով, խախտվել է Ընտրական օրենսգրքի 82 հոդվածի պահանջը։

Իր խոսքում դիմող կողմը նշեց, որ մոտ 1500 տեղամասերում նման խախտում է կատարվել։ Իսկ, օրինակ, 110 ընտրատեղամասերում քվեաթերթիկներ հատկացվել է ոչ թե 5 տոկոս ավելի, այլՙ պակաս։

Դիմող կողմի ներկայացուցիչ Ռուբեն Հովհաննիսյանն անդրադարձավ նաեւ ԿԸՀ նախնական արդյունքների ամփոփիչ արձանագրության մեջ անճշտությունների չափի հարցին։

Ըստ ընտրական օրենսդրության, անճշտությունների չափն, ի թիվս այլ տվյալների, հաշվարկվում է տեղամասային տեղական հանձնաժողովների կողմից։ Այնուհետեւ ընտրատարածքային, ապա նաեւ կենտրոնական ընտրական հանձնաժողովում կատարվում են պարզագույն գումարման գործողություններ։ Եվ հետաքրքրական է, որ, ըստ դիմող կողմի, ԿԸՀ-ն հրապարակել է ոչ թե անճշտությունների բացարձակ թիվը (վերջինս, ըստ Արտաշես Գեղամյանի ներկայացուցչի, կազմել է 11.460), այլ դրա փոխարեն հայտարարվել է մեկ այլ թիվՙ 2536։

Դիմող կողմի խոսքի տրամաբանությունն այն էր, որ անճշտությունների չափը փոքրացնելով, փոքրացվել է նաեւ դրա ազդեցությունն ընտրությունների արդյունքների վրա։ Ապա խոսելով, թե այս կամ այն հանգամանքում ԿԸՀ-ն որ հոդվածով պետք է ղեկավարվեր եւ ինչպիսի որոշում պիտի ընդուներ, Ռուբեն Հովհաննիսյանը եզրակացրեց, որ ԿԸՀ-ն ընտրությունների ժամանակ կարծես թե կողմ է հանդես եկել եւ ոչ թե վերահսկել ընտրությունների ընթացքը։

Ռուբեն Հովհաննիսյանի խոսքին հետեւած պատասխանող կողմի հարցերն ըստ էության ոչինչ չտվեցին։

ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, խոսքն ուղղելով երկու կողմին էլ, կարեւորեց այն հանգամանքը, որ ընտրատարածք առ ընտրատարածք պետք է պարզվի, թե ինչու դիմում-բողոքներն արձագանք չեն ստացել։ Գագիկ Հարությունյանը նշեց նաեւ, որ ՍԴ-ն նման գործ, որը կապված է ընտրությունների առաջին փուլի արդյունքների հետ, քննում է առաջին անգամ։ Եվ ՍԴ նախագահի այն հարցին, թե ո՞ր խախտումները կարող էին էապես ազդել ընտրությունների արդյունքների վրա, դիմող կողմը պատասխանեց, որ, ասենք, անճշտությունների չափը։ Գագիկ Հարությունյանն այս կապակցությամբ ավելացրեց, որ անճշտությունների չափը համադրվում է ոչ թե մեկ թեկնածուին վերաբերող հարցի, այլ առաջին կամ երկրորդ, երկրորդ կամ երրրորդ տեղերը զբաղեցրած թեկնածուների ստացած ձայների տարբերության հետ։ Թե այս դեպքում ինչպե՞ս է ազդել անճշտությունների չափն ընտրությունների վրա, դիմողն, ըստ իրեն, պարզաբանեց, որ եթե 11 հազարի հասնող անճշտություններ են եղել, ապա եղել են նաեւ ընտրակեղծիքներ։

Անդրադառնալով ընտրությունների կազմակերպման, անցկացման ժամանակացույցի օրենսդրական խնդիրներին, ՍԴ նախագահն իրավաբանական «էքսկուրս» կատարեց Ընտրական օրենսգրքի հոդվածներով։ Որպես եզրակացություն Գագիկ Հարությունյանը դիմողին հարց ուղղեց, թե ըստ վերջինիս արդյոք ընտրական օրենսդրության եւ սահմանադրության կտրվածքով գործնականում սահմանադրաիրավական փակուղի չի՞ առաջացել նոր ընտրություններ անցկացնելու հարցի հետ կապված։ Դիմողի պատասխանը դրական էր։

Ապա Սահմանադրական դատարանի անդամները եւ դիմող կողմը մի քանի հարցուպատասխանով ճշգրտեցին նաեւ, որ օրենսդրությամբ ամրագրված չէ, թե հաշվարկները կատարվում են տեղամասերում ստացված քվեաթերթիկների թվով։ Ըստ օրենսգրքի, հաշվարկները կատարվում են ստորագրված քվեաթերթիկների թվով։

Այս ամենից հետո դատարանն անցավ պատասխանող կողմ հանդիսացող ԿԸՀ ներկայացուցչի բացատրություններին ու պարզաբանումներին։ ԿԸՀ-ն ներկայացնող Գեւորգ Ներսիսյանը հայտարարեց, որ ընտրությունների ժամանակ պահպանվել են Ընտրական օրենսգրքի պահանջները, եւ որ դիմող կողմի պահանջները չեն հիմնվում փաստերի վրա։ Ինչ վերաբերում է Արտաշես Գեղամյանի դիմումը ներկայացնողի կողմից նշվող ընտրական հանձնաժողովների անդամների հատուկ կարծիքներին, միջազգային դիտորդների զեկույցներին, ապա, ըստ պրն Ներսիսյանի, օրենսդրությունը չի նախատեսում ընթացակարգ հատուկ կարծիքների համար, եթե դրանց հետ գրավոր պահանջներ չեն ներկայացվում։ Իսկ այդպիսիք չեն ներկայացվել կամ ներկայացվել են ոչ համապատասխան ձեւով։

Գեւորգ Ներսիսյանն ինքնագոհությամբ հիշեցրեց, որ բացի դիմող կողմի նշած ԵԱՀԿ դիտորդական առաքելության զեկույցից, եղել է նաեւ ԱՊՀ դիտորդական առաքելության զեկույց, որը չի համապատասխանում միջազգային դիտորդների կարծիքին։

Ինչեւէ։ Թվարկվածները, ըստ ԿԸՀ ներկայացուցչի, էական ազդեցություն չեն ունեցել ընտրությունների արդյունքների վրա, եւ ԿԸՀ-ն միանշանակ ճիշտ որոշում է կայացրել երկրորդ փուլ անցկացնելու մասին։

Օրվա ավարտին ՍԴ-ն որոշում կայացրեց նիստը հետաձգել մինչեւ երկուշաբթի։ Այդ ընթացքում ԿԸՀ-ին կպարտավորեցվի եռօրյա ժամկետում բացել դիմող կողմի նշած մոտ 10 ընտրատեղամասերի փաթեթներ եւ կատարել ստուգումներ։ Ինչպես նաեւ ՍԴ նախագահը կողմերին առաջարկեց մինչ երկուշաբթի օրը նիստը շարունակելը պատրաստել եզրափակիչ ելույթները։

Այսպիսով, Սահմանադրական դատարանը մինչ երկուշաբթի կունենա նշված 1 տասնյակից ավելի տեղամասերի ստուգումների արդյունքները եւ ըստ այդմ կշարունակի գործի քննությունը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4