«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#51, 2003-03-18 | #52, 2003-03-19 | #53, 2003-03-20


ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԻ «ԶՈՀԱՍԵՂԱՆԻՆ»ՙ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵ՞Ն

ԱԺ ընտրությունների եւ սահմանադրության հանրաքվեի համատեղման հետեւանքները

Իր վերջին ասուլիսի ընթացքում հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը հստակ հայտարարեց, որ մայիսի 25-ին ԱԺ ընտրություններին զուգահեռ հանրաքվեի է ներկայացնելու գործող սահմանադրության փոփոխությունների նախագիծը։ Հետընտրական եւ նախընտրական այս թոհուբոհի մեջ նախագահի հայտարարությունը լուրջ ուշադրության չարժանացավ։ Մինչդեռ, ըստ էության, հանրաքվեի փաստը մի քանի անգամ իր կարեւորությամբ գերազանցում է ցանկացած նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների։

Բոլոր դեպքերում արդեն իսկ վստահ կարելի է ասելՙ այնքան սպասված սահմանադրական բարեփոխումների նախագիծը շուտով կմատուցվի հանրության դատին։ Դրանով նաեւ բարեփոխումների գործընթացը կկենդանանա ավելի քան մեկամյա սառեցվածությունից հետո, ինչը մշակողները պատճառաբանել էին երկրի համար կարեւորագույն այդ փաստաթուղթը նախընտրական շահարկումներից զերծ պահելու անհրաժեշտությամբ։ Եվ չնայած դրան, առանձին ընդդիմադիր շրջանակներ ժամանակին պնդում էին, որ հանրապետության նախագահը հանրաքվեն նշանակելու է նախագահական ընտրություններից հետո, որպեսզի իրեն չկաշկանդի «նոր» սահմանադրության արգելքներով։ Այս մոտեցումը քիչ հավանական պետք է համարել, քանի որ կոնկրետ նախագահական ընտրությունների առումով գրեթե ոչ մի նորամուծություն, սահմանափակում չի առաջարկում։ Այնուամենայնիվ, դեռ այն ժամանակ էլ պարզ էր, որ նման խոսակցությունները նախընտրական շահարկումների տիրույթից են եւ բխում էին նախագահին ու ընդհանրապես իշխանությանն ամեն գնով հակադրվելու տրամաբանությունից։ Այս տեսակետից կարելի է անգամ հետադարձ հայացքով դիտարկել սահմանադրական բարեփոխումներին միտված գործընթացները ոչ վաղ անցյալում, երբ հրապարակում առկա էին երկու նախագծեր. Շավարշ Քոչարյանի նորՙ խորհրդարանական կառավարման համակարգ առաջարկող սահմանադրության նախագիծը եւ նախագահի ներկայացրած գործող սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու նախագիծը։ Առաջինը, սահմանադրության համաձայն, պետք է դառնար նաեւ խորհրդարանի «սեփականությունը», որպեսզի դրվեր հանրաքվեի, սակայն չհասցրեց անգամ ԱԺ-ում վերջնականապես քվեարկվելՙ հեղինակ Շավարշ Քոչարյանի հետ վերցնելու պատճառով, թեեւ ակնհայտ էր ի սկզբանե, որ, միեւնույն է, քվեարկելու դեպքում մերժվելու էր։

Մյուս նախագիծը մտավ խորհրդարան առաջինից հետո, քննարկվեց առաջին ընթերցմամբ, բայց քվեարկության չդրվեց արդեն մեր կողմից նշված պատճառաբանությամբ։ Մինչ նախագծերի խորհրդարան ներկայացվելը, հիշեցնենք, որ դրանք քննարկվել էին ԱԺ հատուկ այդ նպատակով ստեղծված ժամանակավոր հանձնաժողովում, որը վերջում ընդդիմության ներկայացրած նախագծի վերաբերյալ կայացրեց բացասական, մյուսի վերաբերյալՙ դրական եզրակացություններ։

Հետաքրքրական է, որ հետագայում նախագծերը պաշտպանող շրջանակներն այլՙ զուտ քաղաքական խնդիրներում պահպանեցին համամասնությունները։ Այսինքնՙ նրանք, ովքեր պաշտպանում էին Շավարշ Քոչարյանի նախագիծը, դիրքավորվեցին ընդդիմադիր խրամատներում, եւ ընդհակառակըՙ ովքեր նախագահի նախագծին հավանություն տվեցին, նախագահական ընտրությունների ժամանակ դարձան նրա թիմը։ Ստացվեց այնպես, որ սահմանադրական բարեփոխումները, որոնք թվում է, թե պետք է դիտարկվեին զուտ իրավաքաղաքական դաշտում, դարձան հետագա քաղաքական գործընթացների ուղղություններ նախանշողներ։

Իսկ հիմա ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ բարեփոխումները համադրվում են խորհրդարանական ընտրությունների հետ։ Եվ քանի որ պահպանվել են այս նախագծին կողմ եւ դեմ կողմերի համամասնությունները գրեթե ամբողջությամբ, մյուս կողմիցՙ նոր քննարկումները զուգահեռվելու են նախընտրական լարված քարոզարշավին, ապա պատկերացնել միայն կարելի է, թե որքան է այդ հարցը շահարկվելու։ Եթե շատ ավելի խորամուխ լինենք խնդրի էության մեջ, ապա չի բացառվում, որ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի հիմնական առանցքը հյուսվելու է իրենց սահմանադրության նախագծի շուրջ։

Մի կողմից դա դրական կարող է լինել, եթե նախագծի նկատմամբ մոտեցումները ելնեն առողջ բանավեճերից։ Սակայն ներքաղաքական ներկա շիկացած մթնոլորտում եւ քաղաքական «էլիտայի» մենթալիտետից ելնելով, դժվար է անգամ նման բան հուսալը։ Առավել եւս, երբ առողջ քննարկումների միակ թատերաբեմը խորհրդարանն է, իսկ վերջինս արդեն նախորդ նստաշրջանի վերջերից ակնհայտորեն ճամպրուկային տրամադրությունների մեջ է։ Դա է վկայում այն փաստը, որ իր գումարման վերջին նստաշրջանն այս խորհրդարանը սկսեց ոչ թե փետրվարին, ինչպես սահմանված է սահմանադրությամբ, այլ մարտի երկրորդ կեսից, այն էլ ընդամենը 60¬70 պատգամավորներով։ Այնպես որ, այս տեսակետից չափազանց մտահոգիչ է սահմանադրության նախագծի խորհրդարանական քննարկումների հանգամանքը։ Հանրապետության նախագահն, իհարկե, հաշվի առնելով այս հանգամանքը, կհրավիրի ԱԺ արտահերթ նիստեր, սակայն որքանով դրանք արդյունավետ կլինեն, դժվար է ասել, քանի որ պատգամավորները գրեթե բոլորն ուզում են վերընտրվել, եւ դրա համար քարոզարշավը, ինչպես ընդունված է, դժվար թե զոհեն արտահերթ նիստերի համար։

ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4