«Շեւարդնաձեն ԱՄՆ-ի «տրոյական ձին է» եւ Ռուսաստանի ճգնաժամի աղբյուրը», ասել է Սադդամ Հուսեյնը
Երեքշաբթի երեկոյան վրացական հեռուստատեսությամբ նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն հայտարարեց, որ «իրաքյան խնդիրն առանց զենք օգտագործելու չի լուծվի» եւ «Իրաքում պատերազմից խուսափելը շատ դժվար է լինելու»։
Վրաստանը 45 պետությունների շարքում է, որոնք աջակցում են Իրաքում ԱՄՆ ռազմական գործողություններին։ «Ապագայում մեր դիրքորոշումն աշխատելու է Վրաստանի օգտին», ասել է Շեւարդնաձեն։
Երեկ վրացական պաշտոնական մամուլը տպագրեց ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի ուղերձը Շեւարդնաձեին, որում մասնավորապես ասվում է. «Պատմական այս պահին ուզում եմ Ձեզ փոխանցել ամերիկյան ժողովրդի երախտագիտությունն այն ջանքերի համար, որը Դուք եւ Ձեր կառավարությունը ցուցաբերեցիք ահաբեկչության դեմ գլոբալ պատերազմում։ Մենք չենք մոռանում նրանց, ովքեր մեր կողքին են։ Մենք հպարտ ենք, որ համագործակցում ենք Ձեզ հետ»։
Էդ. Շեւարդնաձեն մոտ մեկ ամիս առաջ, երբ Իրաքում շարունակվում էին ՄԱԿ-ի տեսուչների ստուգումները, հայտարարեց, թե Սադդամ Հուսեյնն ունի զանգվածային բնաջնջման զենքեր, հետեւաբարՙ իրաքյան վարչակազմը պետք է պատժվի։ Համաձայն վրացական մամուլի, վերջերս Բաղդադում Ռուսաստանի կոմունիստների առաջնորդ Գենադի Զյուգանովի հետ հանդիպման ընթացքում Սադդամ Հուսեյնն Էդ. Շեւարդնաձեին համարել է «ԱՄՆ-ի «տրոյական ձի» եւ Ռուսաստանի ճգնաժամի աղբյուր»։ «Շեւարդնաձեն արժանի է այն ատելությանը, որ նրա նկատմամբ ունի վրացի ժողովուրդը։ Վրացիները պետք է հիշեն ազգի արժանի զավակիՙ Ստալինի անունը, որը նվիրված էր Ռուսաստանին», ասել է Հուսեյնը։
Եթե հավատանք Շեւարդնաձեին, ապա թբիլիսցիների ավելի քան 80 տոկոսն աջակցում է Վրաստանի նախագահիՙ Իրաքի դեմ ամերիկյան պատերազմում Վաշինգտոնի կողքին լինելու նախաձեռնությունը։ Համեմատության համար նշենք, որ Իրաքի դեմ պատերազմում Ջորջ Բուշին պաշտպանում է ամերիկացիների միայն 60 տոկոսը։
«Չեմ կարծում, թե իրաքյան օդանավերը կթռչեն Թուրքիայի վրայով, որպեսզի հարվածեն Վրաստանին», ասել է պաշտպանության նախարար Դավիթ Թեւզաձեն։
«Վրաստանն Իսրայելում գտնվող իր դիվանագետներին եւ նրանց ընտանիքի անդամներին էվակուացնում է», երեկ հայտարարեց ԱԳՆ տեղակալ Կախա Սիխարուլիձեն, իսկ Վրաստանի պետանվտանգության փոխնախարար Իրակլի Ալասանին նշել է, որ «Իրաքում սպասվելիք պատերազմի հետ կապված Վրաստանում ռազմավարական եւ կենսական օբյեկտները վերցվել են ուժեղ վերահսկողության տակ»։
Ի՞նչ բովանդակություն կարող է ունենալ հակաիրաքյան պատերազմում վրացական մասնակցությունը։ «ԱՄՆ-ը Վրաստանին չի դիմել վրացական ռազմակայաններն օգտագործելու խնդրանքով, չնայած Թբիլիսին խոստացել է Վաշինգտոնին աջակցել հակաահաբեկչական պայքարում։ ԱՄՆ-ը Վրաստանին չի առաջարկել Իրաքի դեմ պատերազմում ներգրավել վրացի զինվորներին, ովքեր վարժեցվել են ամերիկյան ռազմական հրահանգիչների օգնությամբ», ասել է անվտանգության խորհրդի քարտուղար Թեդո Ջափարիձեն։
Երեկ տարածվեցին հաղորդագրություններ, թե իբր Վրաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մայլսն ասել է, որ «ամերիկյան օգնությամբ վարժեցված վրացական «Կոմանդոս» գումարտակը կարող է ուղարկվել Իրաք»։
«Դեսպան Մայլսը նման հայտարարություն չի արել։ Իրաքի դեմ պատերազմում Վրաստանի զինուժի մասնակցության վերաբերյալ որոշում չի եղել։ Ամենայն հավանականությամբ, մենք Վրաստանի օգնությանը կդիմենք պատերազմից հետոՙ Իրաքում վերականգնողական աշխատանքների համար», «Ազգի» հետ զրույցում ասաց Թբիլիսիում ԱՄՆ դեսպանության մամուլի կցորդ Շերոն Հադսոնը։
Վրաստանի կառավարությունը, խորհրդարանը, քաղաքական ուժերի գերակշիռ մասը պաշտպանում են Իրաքի դեմ ամերիկյան պատերազմը։ «Վրաստանում շատերի կարծիքով նախագահ Շեւարդնաձեի դիրքորոշումն իրաքյան ճգնաժամի հարցում ճիշտ է որակվում։ Անշուշտ լավ կլիներ, եթե խնդիրը կարգավորվեր առանց ռազմական ուժ գործադրելու», մեզ հետ զրույցում նշեց Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Գիվի Շուգարովը։
«Ժամանակին Շեւարդնաձեն ռուսների տակ էր, այժմՙ ամերիկացիների տակ», «Ազգի» հետ զրույցում նշեց ընդդիմադիր «Աղորձինեբա» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ջեմալ Գոգիտիձեն։ Աջարիայի առաջնորդ Ասլան Աբաշիձեի վերահսկողության տակ գտնվող «Աղորձինեբան» եւ խորհրդարանում ներկայություն չունեցող Կոմկուսը կտրականապես դեմ են արտահայտվում հակաիրաքյան պատերազմում Վրաստանի իշխանությունների որդեգրած քաղաքականությանը։
Ի դեպ, երեկ եւ նախօրեին Վրաստանի խորհրդարանը քվորումի բացակայության պատճառով չվավերացրեց պաշտպանության ոլորտում ԱՄՆ-ի եւ Վրաստանի համաձայնագիրը։ Թե ինչ իմաստ ունի այս համաձայնագիրը հատկապես ԱՄՆ-ի համար, կփորձենք պատասխանել մեկ այլ հրապարակման մեջ։
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Թբիլիսի