«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#51, 2003-03-18 | #52, 2003-03-19 | #53, 2003-03-20


ՀԱԿԱԻՐԱՔՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՈՐՊԵՍ «ՄԵԾ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ» ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՄԻՋՈՑ ԲԽՈՒՄ Է ԻՍՐԱՅԵԼԻ ՇԱՀԵՐԻՑ

Մինչ երկրագունդն ալեկոծվում է հակաամերիկյան ցույցերից եւ միջազգային հանրությունը բուռն հակազդեցություն է դրսեւորում, նախագահ Ջորջ Բուշը, շրջանցելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, երկրից հեռանալու վերջնագիր է ներկայացնում Սադդամ Հուսեյնին, որպեսզի անգլո-ամերիկյան զորքերն Իրաք ներխուժելու համար ընդամենը հրամանի սպասեն։

Բուշին չեն հուզում հակաամերիկյան ցույցերը, ՄԱԿ-ը կամ միջազգային հանրությունը։ Ոչ էլ նրան հետաքրքրում է 700 հազար խաղաղ բնակչի կյանքը, որն Իրաքում խլելու է պատերազմը։ Ակամա հարց է ծագումՙ ինչո՞ւ։ Արեւմտյան մամուլը դա բացատրում է իրաքյան նավթի հարուստ պաշարներից օգտվելու փոխարեն դրանք անմիջականորեն վերահսկելու, հակաիրաքյան պատերազմով ԱՄՆ-ի կամքին հակադրվող պետություններին սաստելու, եւ լճացման շեմին գտնվող ամերիկյան տնտեսությունն աշխուժացնելու պաշտոնական Վաշինգտոնի առաջադրանքներով։

Հակաիրաքյան պատերազմի առաջադրանքների թվում նշվում է նաեւ Մերձավոր եւ Միջին Արեւելքում ԱՄՆ-ի դիրքերի պահպանման եւ Իսրայելի անվտանգության ապահովման անհրաժեշտությունը։ Մինչդեռ տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը միանձնյա է, իսկ Իրաքը 1991 թ. Պարսից ծոցի պատերազմից ի վեր կաթվածահար վիճակում է։ Հետեւաբար նա չի կարող որեւէ վտանգ ներկայացնել այնպիսի պետության համար, ինչպիսին է միջուկային զենք ունեցող Իսրայելը։

Վաշինգտոնի առաջադրանքների մասին վերոհիշյալ տեսակետներն Իրաքի դեմ հանիրավի պատերազմն արդարացնելու միտում ունեն։ Ուստի միանգամայն տրամաբանական է, որ դրանք տարածվեն ամերիկյան համապատասխան ծառայություններին տուրք տվող մամուլի միջոցով։ Վերջիններիս տուրք տալու մոլուցքով տառապում են նաեւ թուրքական թերթերը, որոնցից կարելի է առանձնացնել «Հյուրիեթը» եւ «Միլիեթը»։

Հակառակ դրանց, իսլամական թերթերը կարծիք են հայտնում, որ պաշտոնական Վաշինգտոնն էլ սիոնիստներին է տուրք տալիս։ Մարտի 11-ի համարում «Վաքիթը», դիմելով Ղազի համալսարանի դասախոս Նուրուլլահ Այդընին, նրա միջոցով հայտնում է հետեւյալ կարծիքը. «Այս պատերազմը սիոնիզմի գլոբալ գերիշխանության համար տարածաշրջանային դիմակայությունների առաջն առնելու նպատակ է հետապնդում։ Մերձավոր Արեւելքում սիոնիստական պետության անվտանգությանն սպառնալու առումով կազմակերպված քաղաքական կարեւորագույն ուժն Իրաքն է։ Այդ իսկ պատճառով ուզում են նրան զինաթափել եւ չեզոքացնել։ Միաժամանակ պատերազմը բխում է նախահարձակ միջոցներով համաշխարհային գերիշխանության համար այլընտրանքային ուժային կենտրոնների առաջացումը կանխելու ԱՄՆ-Անգլիա-սիոնիզմ դաշինքի ռազմավարությունից»։

Այլ կերպ, Վաշինգտոնն Իրաքի դեմ պատերազմը սանձազերծելու ռազմավարությամբ ճանապարհ է հարթում տարածաշրջանում Իսրայելի գերիշխանության համար։ Հարկ է նշել, որ այդ ռազմավարությունը գաղտնի ծրագրերի առկայություն է ենթադրում, որոնք ժամանակ առ ժամանակ դրվում են շրջանառության մեջ։ «Ենի շաֆաք» թերթը մարտի 10-ի համարում «Իրաքում հաշտությունը հակասում է Իսրայելի շահերին» հոդվածում կարծիք է հայտնում, որ հակաիրաքյան պատերազմը «հանուն Իսրայելի անվտանգության եւ ԱՄՆ-ի ապագայի» ողջ Մերձավոր եւ Միջին Արեւելքի մահմեդական ժողովուրդներին ստրկացնելու յուրահատուկ ծրագիր է։

Դա, ըստ թերթի, ի հայտ էր եկել դեռեւս Բիլ Քլինթոնի նախագահության շրջանում։ Սակայն ծրագրի հեղինակները դրա կիրառման համար պարարտ հողն ու բարենպաստ ժամանակը գտել են հենց Բուշի օրոք։ Սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը ծրագիրը շրջանառության մեջ դնելու աներեւակայելի առիթ է տվել նրանց։

Ե՞րբ։ Այդ հարցին պատասխանելու համար «Ենի շաֆաքը» դիմում է «Վաշինգտոն փոստի» վկայությանն, ըստ որի, սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից շուրջ մեկ շաբաթ հետո նախագահ Բուշը ստորագրել է Իրաքի օկուպացման առնչությամբ Պենտագոնի ներկայացրած նախագիծը։ Ուրեմն, հարցն Իրաքի դեմ պատերազմը չէ, այլ դրա միջոցով երկրի տարածքի ամերիկյան օկուպացումը։ Եթե պատերազմը ծառայում է օկուպացման նպատակին, ապա օկուպացումն էլ պետք է ծառայի «Մեծ Մերձավոր Արեւելքի» ծրագրի անվան տակ աշխարհաքաղաքական նոր մակրոտարածաշրջանի ձեւավորմանը։

«Ազգը» հունվարի 29-ի համարում անդրադարձել է ծրագրին, ընդգծելով, որ դա տարածաշրջանային երկրների ռազմավարական վերախմբավորում է ենթադրում։ Դրա անհրաժեշտ նախապայմանն այդ երկրներում միանման վարչակարգերի հաստատումն է։ Թեեւ թուրքական թերթերը հակաիրաքյան պատերազմն ԱՄՆ-ի գաղտնի ծրագրով պայմանավորելիս «Մեծ Մերձավոր Արեւելքի» մասին լռում են, բայց եւ այնպես, բացահայտելով Իրաքից հետո Սիրիային, Լիբանանին, Սաուդյան Արաբիային եւ Իրանին ամերիկյան տարբերակով ժողովրդավարացնելու Վաշինգտոնի նկրտումները, ակամա հանգում են տարածաշրջանի երկրների վերախմբավորման եզրակացությանը։ Թերեւս դրանով էլ անուղղակի հաստատվում է «Մեծ Մերձավոր Արեւելքի» ձեւավորման կանխատեսումը։

Քանի որ աշխարհաքաղաքական նոր տարածաշրջանի ձեւավորումը բխում է Իսրայելի շահերից, ապա հակաիրաքյան պատերազմը որպես ձեւավորման միջոց պետք է նույն շահերով պայմանավորվի։ Հարցը սակայն սոսկ պատերազմը չէ, այլ Բուշին այդ պատերազմին դրդողների սերտ կապը Իսրայելի հետ։ Սակայն դա առանձին հարց է, մասնավոր մոտեցում է պահանջում։

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4