Անդրադառնալով Թուրքիայի մերժմանը զորքեր տեղակայելու ամերիկյան պահանջին, «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանը գրում է, որ նախագահ Բուշը, փոխնախագահ Դիկ Չեյնին, պետքարտուղար Քոլին Փաուելն ու պաշտպանության փոխնախարար Պոլ Վոլֆովիցը չափազանց դժգոհ էին Թուրքիայի դիրքորոշումից։ Նրանք ժամանակ ու ջանք չէին խնայել համոզելու թուրք ղեկավարներին, որ ընդառաջեն ամերիկյան խնդրանքներին։ Հարցն առավել սրվել էր, երբ նույնիսկ օդային տարածքից օգտվելու իրավունքն էր մերժվել, մի բան, որ անհողդողդ ֆրանսիացիները համաձայնել էին տրամադրել։
Ամերիկյան թերթերը բառացիորեն «ռմբակոծեցին» Թուրքիային խմբագրականներով, մեկնաբանություններով եւ նույնիսկ ծաղրանկարներով, որոնցից մեկում, գրում է Սասունյանը, թուրք պորտապարուհին փորձում էր Բուշին գայթակղելու միջոցով փող կորզել նրանից։ Առաջին անգամ նույնիսկ ամենաթուրքամետ ամերիկյան թերթ «Ուոլ սթրիթ ջոռնլը» մի քանի սուր բառեր է օգտագործել Թուրքիայի հասցեին։ Մարտի 5-ի համարում Թուրքիայի նախկին արտգործնախարար Իսմայիլ Ջեմը քննադատում էր թուրք առաջնորդներինՙ շարունակ թյուրիմացության մեջ գցելու համար Ամերիկայի պաշտոնատար անձանց։ Ըստ Ջեմի, վարչապետ նշանակվելուց առաջ Սպիտակ տուն այցելության ընթացքում Թայիփ Էրդողանն «այն սխալ տպավորությունն է» թողել Բուշի վրա, որ Թուրքիան կաջակցի Իրաքի դեմ պատերազմ մղելու ամերիկյան ծրագրին։ Նույնն արել էին թուրք կառավարության այլ պաշտոնյաներ Վոլֆովիցի հետ, նրա Անկարա այցելության ընթացքում։
Եթե ամերիկացիները նախօրոք իմանային, այլ ծրագիր կմշակեին։ Թուրքական կեղծ վստահեցումներով առաջնորդված ամերիկացիները երկու տասնյակ մարտանավեր ուղարկեցին Միջերկրական ծով, ամերիկացի հարկատուներին օրական 1,5 մլն դոլարի ավելորդ ծախս պատճառելով։
Սասունյանը հիշեցնում է «Ուոլ սթրիթ ջոռնլի» փետրվարի 21-ի համարում «Թուրքական շուկան» վերնագրով տպագրված հոդվածը, որտեղ «թուրքական կառավարությունն օժանդակելո՞ւ է Ամերիկայի նախաձեռնությանը» հարցին մի թուրք նախարար պատասխանել է. «Մենք ձեզ հետ կլինենք ցանկացած երկիր նվաճելու ձեր ծրագրերում»։ Դրանից հետո, իհարկե, բավական երկար խոսակցություն է գնացել աջակցության դիմաց ակնկալվող «գումարի» վերաբերյալ։
«Ուոլ սթրիթի» մարտի 14-ի համարում լույս տեսած «Անկարայի իսկական ընկերները» հոդվածում նույնիսկ համագործակցության աղաչանք կա եւ հիշեցում, որ Օջալանի ձերբակալության գործում ամերիկյան հետախուզությունը «վճռորոշ դեր է խաղացել»։
Թուրքերն իրենց շուկայական մտածողությամբ կորցրին Ամերիկայի առաջարկած հսկայական գումարը, բայց բացառված չէ, որ մետասանորդ ժամին նրանք մտքափոխ լինեն եւ ստանան որոշակի բաժին ռազմավարից։