Ստեղծվել է հայ-թայլանդական առաջին համատեղ ձեռնարկությունը
Հայաստանի ադամանդագործական (DCA) եւ թայլանդական «Jacobs jewelery» ընկերությունները համագործակցության եզրեր են գտել։ Ստեղծվել է ոսկերչական իրերի արտադրության համատեղ գործարանը։ Գործարանը հայ-թայլանդական առաջին համատեղ ձեռնարկությունն է։ Կօգտագործվեն Թայլանդից ներկրված գունավոր քարերը, շուկայի ապահովման հարցը եւս թայլանդական կողմն է իր վրա վերցնում (արտադրությունն ամբողջությամբ արտահանվելու է)։ Թայլանդից արդեն մասնագետներ են ժամանել, ընթացքում է 100 աշկերտներին սովորեցնելու գործընթացը։
Այս օրերին Հայաստանում գտնվող Թայլանդի Թագավորության վարչապետի հատուկ բանագնացի գլխավորած բարձրաստիճան պատվիրակությունը երեկ DCA էր այցելել։ Ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գագիկ Աբրահամյանի ուղեկցությամբ նրանք շրջեցին ձեռնարկությունում, ծանոթացան ինչպես արդեն գործող, այնպես էլ նոր հիմնադրվող արտադրամասերին։
Թայլանդի վարչապետի հատուկ բանագնացը լրագրողների հետ ունեցած զրույցում նշեց, որ նախորդ օրվանից մեր երկրում է եւ մի շարք պաշտոնական հանդիպումներ է ունեցել։ Այս այցը ձեռնարկություն առաջինն է ու, նրա խոսքով, վառ օրինակը, թե ինչպիսին իրենք կուզեին տեսնել երկու երկրների տնտեսական համագործակցությունը։
«Մենք լավատեսությամբ եւ հույսով նայում ենք դեպի ապագաՙ ցանկանալով տեսնել մի շարք համատեղ ձեռնարկություններ։ Չնայած մեր երկրների միջեւ տարածությունը բավականին մեծ է, դա համագործակցության համար խոչընդոտ չի կարող լինել», նշեց հատուկ բանագնացը։
Համագործակցության բնագավառները, ըստ նրա, տարբեր կարող են լինել։ Առաջնայինը, սակայն, ոսկերչական ուղղությունն է։ Ըստ պարոն Սեյնամոնկոնի, երկու երկրների միջեւ սերտ տնտեսական համագործակցություն է անհրաժեշտ, անցյալ տարի ապրանքաշրջանառությունն ընդամենը 230 հազար դոլար է կազմել։
ՀՀ ԱԳՆ Ասիայի, Օվկիանիայի եւ Աֆրիկայի երկրների վարչության պետ Ռուբեն Կարապետյանից տեղեկացանք, որ Թայլանդի Թագավորության վարչապետի հատուկ բանագնացը մեր երկրում է արտգործնախարարի հրավերով։ Վերջին 10 տարիների ընթացքում Թայլանդից նման պատկառելի կազմով պատվիրակությունն առաջին անգամ է գալիս մեր տարածաշրջան։ Այցելության նպատակն է երկկողմ համագործակցության հեռանկարների հստակեցումը։ Պաշտոնական այցելության չորս օրերը հագեցած են պաշտոնական հանդիպումներով, ինչպես նաեւ հանդիպումներով գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ։ Ոսկերչությունն ու ադամանդագործությունը դիտվում են որպես համագործակցության առաջնային ուղղություններ։ Նախատեսվում է համագործակցություն նաեւ կրթության, առողջապահության, գյուղատնտեսության ոլորտներում։ Գյուղատնտեսության նախարարության հետ արդեն համաձայնագիր է ստորագրվել։ Թայլանդի կողմից լուրջ հետաքրքրություն կա խաղողագործության եւ գինեգործության նկատմամբ. գինու արտադրությունը նոր սկսած երկիրը հայցում է Հայաստանի աջակցությունը։ Մեր երկրի համար Թայլանդի հետ համագործակցության հեռանկարային բնագավառ կարող է լինել արհեստական անձրեւը։ Այս գործում Թայլանդի հարուստ փորձը կարող է կիրառվել Արարատյան դաշտում երաշտի դեմ պայքարելու համար։
Ռուբեն Կարապետյանի խոսքով, խնդիր է դրվել նաեւ Թայլանդի հետ առեւտուր իրականացնել ոչ թե երրորդ երկրներիՙ Ռուսաստանի, Իրանի, Արաբական Էմիրությունների միջոցով, այլ սկսելով ուղիղ համագործակցություն։
Մ. ՀՈՎՍԵՓՅԱՆ