«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#51, 2003-03-18 | #52, 2003-03-19 | #53, 2003-03-20


ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՀԵՏ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՀԵՌԱՆԿԱՐՆԵՐ

«Լեզուն նախ եւ առաջ քաղաքակրթությունները կապող կամուրջ է։ Իբրեւ օրինակ կարող եմ բերել ֆրանկոֆոնիան, որը քրիստոնեական եւ իսլամական աշխարհներն իրար կապող օղակ է։ Ներկայիս պատերազմական եւ անհանդուրժողականության մթնոլորտում մշակութային քաղաքականությամբ է միայն հնարավոր հասնել պետությունների խզված կապերի վերականգնմանը։ Դաշնակից լինել նշանակում է պատասխանատվություն ստանձնել։ Այսօր մեզ համար ոչ միայն ֆրանկոֆոնիայի պայքարն է, այլեւ պատասխանատվության դրսեւորումը», ասաց Ֆրանսիայի դեսպան Անրի Կյունինՙ երեկ դեսպանատան սրահում ֆրանկոֆոնիայի տոնին նվիրված միջոցառման ժամանակ։

Դեսպանը փաստեց, որ ֆրանկոֆոնիայի նկատմամբ Հայաստանում պահանջարկի աճ է նկատվում, որի վառ ապացույցն է ֆրանսիական համալսարանի ձեռք բերած կարգավիճակը Հայաստանի կրթական համակարգում։ Խոսելով Հայաստանում նոր բացվող «Հայկական ալյանս ֆրանսեզ» կազմակերպության խնդիրների մասին, նա նշեց, որ դա մեծ հնարավորություն կտա ֆրանսերենի տարածմանըՙ մշակութային, լեզվական բոլոր հնարավոր միջոցներով։ Կլուծվեն մի շարք ինստիտուցիոնալ խնդիրներ, սերտ համագործակցություն կհաստատվի կրթության նախարարության եւ մանկավարժական ինստիտուտների հետՙ ի նպաստ ֆրանկոֆոնիայի զարգացման։

Նշենք, որ «Ալիանս ֆրանսեզը» Ֆրանսիայում գործող ամենահին կազմակերպություններից մեկն է, որ 1883 թ.-ից ի վեր նպատակ է հետապնդում միավորելու ֆրանսերեն լեզվի եւ մշակույթի առանձնահատուկ սեր ունեցող մարդկանց, այդպիսով տարածելով լեզուն եւ մշակույթը։ Այսօր «Ալյանս ֆրանսեզը» մշակութային երկխոսություն է վարում 138 երկրների հետ, որտեղ գործում են 1200 հասարակական կազմակերպություններ։

«Հայկական ալյանս ֆրանսեզի» նախագահ Սյուզան Ղարամյանն իր խոսքում նշեց, որ ինչպես մյուս բոլոր ալիանսները, սա նույնպես ունի կրթական, մշակութային առաքելություն։ Կրթական ծրագրերն ընդգրկում են ֆրանսերենի ուսուցում, միջնակարագ եւ բարձրագույն ուսումնական հաստատություններից ուսուցիչների եւ դասախոսների վերապատրաստում Հայաստանում եւ Ֆրանսիայում, դասագրքերի, ուսումնական ծրագրերի մշակում եւ ներդրում, խորհրդատվություն ֆրանսերենի ուսուցման եւ ֆրանկոֆոնիայի տարածմամբ զբաղվող կազմակերպություններին։ Նորաբաց կազմակերպությունը կդառնա նաեւ ֆրանսիական «Դելֆ» եւ «Դալֆ» դիպլոմների համար քննությունների հանձնման կենտրոնը։ Վերջիններս Ֆրանսիայի նախարարության կողմից ֆրանսերենի գիտելիքները հաստատող պետական նմուշի դիպլոմներ են։ «ՀԱՖ»-ում հնարավոր կլինի նաեւ հանձնել TCF թեսթը, որը համարժեք է ամերիկյան TOEFL-ին։ Կկազմակերպվեն նաեւ ֆրանսերենի մրցույթներ, ճանապարհորդություններ Ֆրանսիայում, Հայաստանում եւ ֆրանսախոս երկրներում, ինչպես նաեւ համագործակցություն կհաստատվի բրիտանական եւ գերմանական նմանատիպ կազմակերպությունների հետ, ի դեմս «Բրիտանական խորհրդի» եւ «Գյոթե» ինստիտուտի, ինչպես նաեւ միջազգային այլ կազմակերպությունների հետ։

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4