Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանն այսօր քննարկեց ՀՀ Կենտրոնական բանկի հայցը «Առավոտ» օրաթերթի դեմ։ Դատավարության սկզբում ԿԲ-ի շահերը ներկայացնող Արմեն Ումրշատյանը ներկայացրեց իրենց պահանջը հերքում տպագրելու վերաբերյալ։ Հերքման տեքստը բավական ծավալուն էր ու խիստ եւ համառ դիմադրության հանդիպեց։ Այն առաջադրված էր 5 կետով։ Առաջին պահանջը վերաբերում էր այս տարվա հունվարի 21-ին օրաթերթում տպագրված «Ի՞նչ արժե վարչության պետի պաշտոնը» (հեղ.ՙ Արմինե Ուդումյան) հոդվածին։ ԿԲ-ն գտնում է, որ այն անստույգ է, քանի որ որեւէ անձի հայտարարություն կամ վկայաբերում չկա այն մասին, որ որեւէ մեկը ԿԲ նախագահին կաշառք է տվել։ Հայցադիմումը պահանջում է հերքել նաեւ այս տարվա փետրվարի 11-ին հրապարակված «Ի գիտություն անկաշառ պաշտոնյաների» հոդվածը (հեղ.ՙ Արմեն Խաչատրյան), որը վերաբերում է նույն թեմային։ Ըստ հայցատուիՙ «Ձեզ վերաբերող, կաշառք վերցնելու մասին հայտարարությունը պարունակող հոդվածը...» արտահայտությունը եւս կեղծ է եւ հարվածում է ԿԲ-ի գործարար համբավին։
Հերքման հաջորդ պահանջը վերաբերում է դարձյալ փետրվարի 11-ի համարում տպագրված այն տեղեկությանը, թե ԿԲ վերահսկողական վարչության նախկին պետ Արտաշես Դավթյանն աշխատանքից ազատվելուց հետո էլ օգտվում է ԿԲ ծառայողական մեքենայից։ Հերքման տեքստից մյուս տողերը վերաբերում են «Կրեդիտ-սերվիս» բանկի մասին տեղեկություններին։ «Առավոտը» գրել է, թե «ՀՀ ԿԲ-ն մինչեւ 2002 թ. անընդհատ ուսումնասիրել է այդ բանկը եւ ոչինչ չէր գտնում»։ ԿԲ-ն հայտնում է, որ մինչեւ 2000¬2001 թթ. իրականացրել է այդ բանկի 1 համալիր եւ բազմաթիվ նպատակային ստուգումներ, հայտնաբերել է խախտումներ եւ պատժամիջոց կիրառել։ Հայցապահանջ-հերքտեղեկությունը (11.02.03 թ. համարում), թե 1997¬99 թթ. ԿԲ-ից գումարներ են դուրս եկելՙ «Կրեդիտ-սերվիս» բանկի օգտին անօրինական պտույտներ գործելու»։
Մինչ դատական նիստի ավարտն «Առավոտ» օրաթերթի շահերը ներկայացնող Արա Զոհրաբյանը, սակայն, անընդհատ պնդում էր, որ ԿԲ-ի ներկայացրած հայցապահանջում փոխվել է հայցի առարկան։ Հիշեցնենք, որ ԿԲ-ն փետրվարի 17-ին գրություն է ուղարկել «Առավոտին», որում պահանջել է հերքել օրաթերթի թիվ 25 եւ 32 համարների հոդվածների տեղեկությունները։ Սակայն այսօր, ըստ Ա. Զոհրաբյանի, ներկայացվել է նոր պահանջ նաեւ այլ հոդվածների հերքմանը վերաբերող, որոնց մասին գրության մեջ խոսք չի գնացել։ Արմեն Ումրշատյանի համոզմամբ, սակայն, հայցի հիմքը կամ առարկան նույնն է մնացել, դրա էությունը հրապարակված տեղեկությունները հերքելու պահանջն է։ Փոխվել են միայն պահանջի չափերը եւ հստակեցվել հերքման բովանդակությունը։
Ա. Զոհրաբյանը հանդես եկավ դատավարությանը ներկա նկարահանող խմբին նկարահանումներ կատարելու թույլտվության միջնորդությամբ։ Դատավորը, սակայն, բավարարեց Ա. Ումրշատյանի առարկությունը։ Ըստ վերջինիս, խմբի օպերատորը քաղդատավարության էտիկետին անընդունելի վարքագիծ դրսեւորեց եւ, բացի այդ, «հնարավոր է, որ դատական նիստի ընթացքում պետական գաղտնիքի տարրեր պարունակող տեղեկություններ հրապարակվեն»։ Այնուհետեւ առավոտից մինչեւ ժամը 15-ն ընդամենը կես ժամով ընդմիջված դատավարությունն ընթացավ 2 կողմերի շահերը ներկայացնող պաշտպանների մանրակրկիտ պարզաբանումներով, երբեմն նույն հարցի կրկնակի, եռակի քննարկումներով։ Երկու կողմն էլ, վստահ իրենց արդարացիությանը, անկոտրում համառությամբ փորձում էին իրենցն առաջ տանելՙ անվերջ ապացույցներ ու փաստեր պահանջելով։ Հանգամանորեն քննարկվեց մասնավորապես «Կրեդիտ-սերվիս» բանկի խնդիրը։
Զոհրաբյանին հետաքրքրում էր այն իրողությունը, թե իսկապե՞ս ԿԲ-ն միջազգային աուդիտորական կազմակերպության է հրավիրել «Կրեդիտ-սերվիսում» ստուգումներ իրականացնելու, եւ որ այդ կազմակերպությունը խախտումներ չի արձանագրել։ Ա. Ումրշատյանի ժխտողական պատասխանից հետո Ա. Զոհրաբյանը վկայաբերեց գլխավոր դատախազության գրությունը, որը եւս հավաստում էր, որ ստուգումների արդյունքում որեւէ խախտում չի արձանագրվել։ Ա. Ումրշատյանը պատասխանեց, որ գլխավոր դատախազության գրությունները մեկնաբանելու օրենսդրական իրավունք չունի եւ բացի այդ, «Կրեդիտ-սերվիսին» վերաբերող գործը գտնվում է նախաքննության փուլում եւ քննարկելի չէ։
«Առավոտի» շահերի պաշտպան Ա. Զոհրաբյանը միջնորդությամբ խնդրեց 2 օրով հետաձգել գործի քննությունըՙ հայցվորի առաջ քաշած նոր հանգամանքներն ուսումնասիրելու համար։ Միջնորդությունը մերժվեց եւ դատական նիստի ավարտին նա հանդես եկավ նորՙ նիստը նախագահող դատավոր Հրաչ Հովհաննիսյանին բացարկ հայտնելու պահանջով, գտնելով, որ նա անաչառ չէ եւ գործը քննում է ԿԲ-ի շահերի տեսանկյունից։ Բացարկն ընդունելի կամ չընդունելի համարելու որոշումը, ըստ օրենքի, վերապահված է դատարանի նախագահին։ Դատաքննությունը կշարունակվի այսօր, ժամը 15-ին։ Սպասվում է, որ այսօրվա նիստը կհրապարակի նաեւ դատարանի նախագահ Ժորա Վարդանյանի որոշումը։
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ