«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#51, 2003-03-18 | #52, 2003-03-19 | #53, 2003-03-20


ԱՆՎՃԱՐ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ ԱՌԻՆՋՈՒՄ

Գագիկ Ծառուկյանի հերթական անակնկալը

Երեկ Կոտայքի մարզի Առինջ գյուղում տիրող տոնական տրամադրության վրա նույնիսկ առատ ձյունը չէր կարող ազդել։ Նորակառույց ամբուլատորիայի բացման արարողությունն էր։ Բժշկական հաստատությունը, որ այսուհետեւ կգործի մոտ 7 հազար բնակիչ ունեցող համայնքում, բոլոր այցելուներին կսպասարկի անվճար։ Սա գործարար Գագիկ Ծառուկյանի հերթական անակնկալն էր հայրենի գյուղին։ Ամբուլատորիայի նախկին խարխլված շենքի փոխարեն գործարարը կառուցել է նորը, եղած սարքավորումներին կավելանան նաեւ այլ անհրաժեշտ սարքավորումներ։ Կմատուցվեն ատամնաբուժական, գինեկոլոգիական, թերապեւտիկ ծառայություններ, հիվանդներին կսպասարկեն ընտանեկան, մանկական բժիշկները, կգործի լաբորատորիաՙ ախտորոշիչ կենտրոնով, ամբուլատորիան ունի նաեւ շտապ օգնության մեքենա։ Ինչ վերաբերում է դեղորայքին, այս ծախսերը եւս Գագիկ Ծառուկյանն է հոգում։

Լրագրողների հետ զրույցում գործարարը նշեց, որ այս հարցում այցելուներն ընդհանրապես խնդիր չեն ունենա. արտասահմանյան դեղերը կգնվեն, բացի այդ, գործարարի տնօրինած դեղագործական գործարանում 48 անուն դեղորայք է արտադրվում։ Միեւնույն ժամանակ Գագիկ Ծառուկյանը կատակում է. «Աստված չանի, որ շատ դեղ պետք գա»։

Սպասարկող բուժանձնակազմն Առինջի նախկին ամբուլատորիայի աշխատակիցներն են։ Բուժհիմնարկի գործադիր տնօրեն Կարինե Նալբանդյանից տեղեկացանք, որ անձնակազմը համալրվել էՙ 30 աշխատող։ Աշխատակիցների վարձատրության հարցում էլ Գագիկ Ծառուկյանն անմասն չի մնացել. պետական աշխատավարձից զատ, գործարարը եւս պատրաստվում է վճարել բուժանձնակազմին։

Լրագրողների հետ ունեցած զրույցում Գագիկ Ծառուկյանից տեղեկացանք, որ նոր ամբուլատորիայի ստեղծման համար իրեն գյուղի բնակիչներն են դիմել, ինքն էլ, տեսնելով անհրաժեշտությունը, իր պարտավորությունն է համարել կատարել խնդրանքը։

Թերեւս դժվար չէ պատկերացնել, թե ինչ է նշանակում անվճար բուժօգնությունը, մանավանդ անվճարունակ ստվար զանգվածի համար։ Թեեւ ամբուլատորիան ստեղծվել է Առինջի բնակիչների համար, Գագիկ Ծառուկյանից փորձեցինք տեղեկանալՙ արդյոք պատրա՞ստ են ընդունել մարդկանց նաեւ այլ բնակավայրերից։ «Ազգի» այդ հարցին Ծառուկյանը պատասխանեցՙ իհարկե, չենք մերժի։ Կարելի է արդեն պատկերացնելՙ որքան մարդու է այս ամբուլատորիան օրական սպասարկելու։

Բժշկական հաստատությունը կկրի գործարարի 5 զավակներից մեկիՙ 7-ամյա Անահիտ Ծառուկյանի անունը։

Հ. Գ. Վերջերս պտտվող այն լուրերը, թե իբր Գագիկ Ծառուկյանին առեւանգել են, նրա նկատմամբ մահափորձ է եղել կամ մեքենան է պայթեցվել, գործարարը ժպիտով ընդունեցՙ նշելով, որ ասեկոսեներին լուրջ չի վերաբերվում։ Դրանք, ըստ Ծառուկյանի, պարապ մարդիկ են տարածում։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4