«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#51, 2003-03-18 | #52, 2003-03-19 | #53, 2003-03-20


ՍԿՍՎԵՑ ԼՐՏԵՍՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄԵՂԱԴՐՎՈՂ ՀՀ 5 ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԴԱՏԸ

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում մարտի 19-ին սկսվեց հօգուտ Ադրբեջանի հատուկ ծառայությունների լրտեսության մեջՙ ՀՀ Քրեական օրենսգրքի 59 հոդվածի հատկանիշներով մեղադրվող մի շարք ՀՀ քաղաքացիների դեմ քրեական գործով դատաքննությունը։ Գործով անցնում են 5 ամբաստանյալներ, որոնցից մեկըՙ ռազմական գաղտնիք հրապարակելու մեջ մեղադրվող Արթուր Օգանեզովը, կալանքից ազատ է։

Ըստ մեղադրական եզրակացության, ՀՀ քաղաքացի Նինա Շիլինան 1993թ.-ից հավաքագրվել է Ադրբեջանի ներքին գործերի նախարարության «հայկական տեռորիզմի» դեմ պայքարի բաժնի աշխատակիցների, ապա նաեւ 1995 թ.-իցՙ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հետախուզության վարչության աշխատակիցների կողմից, որպես գործակալական ծածկանուն ընտրել է «Արգո» անունը։ 1993 թ., ըստ մեղադրական եզրակացության, ստացել է հանձնարարություններ դիվերսիոն եւ հետախուզական գործունեությամբ զբաղվելու համար։

Մասնավորապես, 1993 թ. մայիսի 16-ին, ըստ մեղադրական եզրակացության, Շիլինան եւ գործով չպարզված ոմն Ռաֆիկ փորձել են պայթեցնել Երեւանի «Էրեբունի» հյուրանոցը, ինչը տեղի չի ունեցել իրենցից անկախ պատճառներով. դիվերսիան իրականացնելու համար նշված անձինք թուրքական արտադրության «CAN» տեսակի մարգարինի երկու արկղերում տեղադրել են 15 կգ ընդհանուր քաշով 200 եւ 400 գրամանոց գործարանային արտադրության տրոտիլ տիպի պայթուցիկ նյութի փաթեթներ, միացման համար օգտագործվել են լարեր, իսկ «Ցիկլոն NM» տիպի փոշեկուլի մեջ տեղադրված է եղել «Սլավա» տիպի 2 ժամացույց, մեխանիզմը ապահովող 6 «Կրոնա» տիպի մարտկոցներով։ Ըստ նախաքննական մարմնի, պայթյունը տեղի չի ունեցել միացման մեջ օգտագործված պլաստիլինի պատճառով, որը մեկուսիչի դեր է խաղացել։

Իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հետախուզության կողմից հավաքագրվելով, Շիլինան հանձնարարություն է ստացել հաղորդել տեղեկություններ Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում տեղաբաշխված զորքերի վայրի, կառուցվածքի, քանակի մասին, այլ տվյալներ, ինչը եւ պարբերաբար կատարել է։

Ըստ մեղադրական եզրակացության, Իվետա Ֆիլկովան Շիլինայի միջոցով իր համաձայնությունն է տվել համագործակցելու Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետՙ «Լիլո» ծածկանվամբ։ Ֆիլկովան 2000 թ. աշխատել է Եղեգնաձորում տեղակայված N զորամասի կոմունալ շինարարության բաժնում որպես գործավար։ Նրա քեռորդինՙ «Ջոննի» ծածկանվամբ Էդգար Ֆիլկովը, որը Շիլինայի ամուսինն է, ինչպես նաեւ Ֆիլկովի եղբայր Ալեքսանդր Գասպարյանը (խորթ հոր ազգանունն է.- «ՆՏ»)ՙ «Տոկիո» ծածկանվամբ, նախկինում դատված, համաձայնություն են տվել համագործակցելու հատուկ ծառայությունների հետ։

Դատական նիստում ցուցմունքներ տվեց Իվետա Ֆիլկովան։ Նա հայտնեց, որ Շիլինայի առաջարկով մեկնել է Վրաստան, ծանոթացել որպես վրացիներ ներկայացած ոմն Գիվիի եւ ոմն Էդիկի հետ, որոնք խոստացել են օգնել ֆինանսական ծանր վիճակում գտնվող Ֆիլկովային, եթե նա անդամակցի «խաղաղությամբ զբաղվող» իրենց կազմակերպությանը։ «Խաղաղասերները», ըստ ամբաստանյալի, սպառնացել են. «քեզ եւ որդուդ համար վատ կլինի, երկուսիդ էլ կմորթենք»։ Ծանոթությունը կայացել է 1995 թ., իսկ շփումները շարունակվել են 1996, 1997 եւ 2002 թթ։ Ընդհանուր առմամբ, Ֆիլկովան նրանցից ստացել է մոտ 300 դոլար, իսկ փոխարենը տանում էր թերթեր Հայաստանից։

Ամբաստանյալը խուսափում էր «հավաքագրել», «հանձնարարություն ստանալ» բառերից։ Իր խոսքերով, նա չէր պատկերացրել ինչ կազմակերպություն է, իրեն հանձնարարություն չեն տվել, պարզապես ասել ենՙ «տես ձեր մոտ ոնց է»։ Ըստ նրա, իրեն հավաքագրողներն արդեն գիտեին, թե ինքը որ զորամասում է ծառայում, հրամանատարների անունները, այլ տվյալներ, որոնք, ըստ նախաքննական ցուցմունքների, տվել էր ինքըՙ Ֆիլկովան։ Միաժամանակ, մեղադրողների հարցերին ի պատասխան, ամբաստանյալը բազմիցս հաստատեց, որ պնդում է իր նախաքննական ցուցմունքները։ Ամբաստանյալը հայտնեց, որ Շիլինայի հետ մեկնել են Կապան, որտեղ իրանցիների մեքենա են նստելՙ պարզելու ինչ ապրանք են բերում եւ ինչ տանում, սակայն հերքեց, թե մի քանի իրանական մեքենա են փոխել, ինչի մասին հայտնել էր նախաքննական ցուցմունքներում։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4