Անցկացված ընտրությունները հերթական անգամ ցուցադրեցին մամուլի դերը։ Չնայած, որ տպագիր ԶԼՄ-ներն ավանդաբար ժողովրդականությամբ զիջում էին էլեկտրոնայիններին, չի կարելի ասել, թե դրանք գործոն չեն եղել ընտրարշավի ընթացքում։ Սա է IREX/ProMedia հասարակական կազմակերպության կազմակերպած գլխավոր խմբագիրների եւ առաջատար լրագրողների բանավեճի մասնակիցների կարծիքը։
ԶԼՄ-ների գործունեությանն առնչվող հարցերի թվում նշվեցին մասնագիտական էթիկայի, ինչպես նաեւ ՀՀ օրենսդրության խախտման դեպքերը։ Հայտնի է, որ տպագիր որոշ հրատարակություններ, խախտելով ընտրություններից մեկ շաբաթ առաջ սոցիոլոգիական հարցում չանցկացնելու Ընտրական օրենսգրքի պահանջները, շարունակում էին սոցիոլոգիական տվյալներ հրապարակել, քարոզչությամբ հանդես գալ քվեարկության նախօրեին եւ ընտրությունների օրը։
«Իրավունք» թերթի խմբագիր Հովհաննես Գալաջյանը գանգատվեց, թե «ՀՀ օրենքում չկա հստակ սահմանում, թե ինչ է քարոզչությունը, ուստի յուրաքանչյուր թերթ իր համար որոշում էր, թե ինչը կարելի է համարել քարոզչություն»։
«Ազգ» թերթի խմբագիր Հակոբ Ավետիքյանի կարծիքով, օրենսդրությամբ քարոզչության սահմանափակումը մամուլին դնում է դժվար կացության մեջ. «Եթե ընտրություններից մեկ օր առաջ երկրում տեղի է ունենում այս կամ այն թեկնածուի հետ ինչ-որ ձեւով կապված իրադարձություն, ապա հեռուստատեսությունն ու ռադիոն կարող են նույն օրը այդ մասին հաղորդել իրենց ռեպորտաժներում, մինչդեռ թերթերը իրենց բնույթի պատճառով զրկված են այդ հնարավորությունից։ Չէ որ լրագրային լուրը ընթերցողին է հասնում միայն հաջորդ օրը»։ «Թերթերն անհավասար պայմաններում են, գտնում է պրն Ավետիքյանը։ Օրինակ, ընտրությունների նախօրեինՙ փետրվարի 18-ին հաղորդում ունեինք ավտոդողերի գործարանի բացման մասին։ Ես ինքս այդ հոդվածը կարդացի մի քանի անգամ, որպեսզի համոզված լինեմ, որ նյութի մեջ չկա նույնիսկ միջնորդավորված քարոզչություն։ Միշտ էլ վտանգ կա, թե արդյունաբերության զարգացմանը վերաբերող որեւէ հաղորդում կարող է ընկալվել որպես քարոզչություն գործող նախագահի օգտին»։
Թերթերի խմբագիրները նշեցին նաեւ իրենց անհամաձայնությունը ընտրական ժամանակաշրջանում տարբեր կազմակերպությունների անցկացրած ԶԼՄ-ների մոնիտորինգների որոշ կողմերի առթիվ։ Այսպես, «Նովոյե վրեմյա» թերթի խմբագիր Ռուբեն Սաթյանը անընդունելի է համարում, երբ մոնիտորինգային խմբերը փորձում են ԶԼՄ-ներին գնահատական տալ հետեւյալ սկզբունքով. «Այս թերթը լավ է աշխատել, իսկ մյուսըՙ վատ»։ «Ոչ ոք նրանց իրավունք չի տվել փաստերն ամփոփել ըստ սեփական կարծիքի. ճիշտ կլիներ սահմանափակվել պարզ շարադրանքով»։
Ինչ վերաբերում է պաշտոնական ԶԼՄ-ներին հասցեագրված մեղադրանքներին, մասնավորապես այն բանին, թե դրանք լրագրային միատեսակ տարածք չեն տրամադրել նախագահության բոլոր թեկնածուներին, ապա «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթի խմբագիր Վարդան Ալոյանն ասաց. «Խմբագրությունն ինքն էր զանգահարում թեկնածուների շտաբներ եւ առաջարկում տեղեկատվություն տրամադրել։ Արձագանքեցին միայն Արտաշես Գեղամյանի եւ Ռուբեն Ավագյանի շտաբները։ Վազգեն Մանուկյանի շտաբի աշխատակիցներն առհասարակ անտեղյակ էին անվճար քաղաքական գովազդի հնարավորությանը. նյութեր տրամադրեցին միայն մեր ծանուցումից հետո։ Ստեփան Դեմիրճյանի շտաբը խոստացավ գովազդ տրամադրել հաջորդ անգամ... Մյուսները հայտարարեցին. «Մենք պատրաստ չենք, տեղեկատվություն չունենք»։ Քաղաքական գովազդի հարցը թերեւս ամենացավոտ հարցն է թերթերի համար։ Թեկնածուների մեծամասնությունը նախընտրեց էլեկտրոնային ԶԼՄ-ների գովազդը, եւ խնդիրն այստեղ, խմբագիրների կարծիքով, ոչ միայն հեռուստալսարանի եւ ռադիոլսարանի ծավալն է, այլեւ այն, որ քաղաքական գործիչներից շատերը ձեռնպահ են մնում տպագիր ելույթներից, որոնք, ի տարբերություն եթերայինների, վավերագրական նշանակություն ունեն։ Հետեւաբար դրանք պահանջում են առավել լուրջ մոտեցում, ինչը չունեն քաղաքական գործիչներից ոմանք։
Շրջանային ԶԼՄ-ների գործերը փոքր-ինչ տարբեր էին Երեւանի ԶԼՄ-ներից։ «Կումայրիի բանվոր» թերթի խմբագիր Աղասի Աբրահամյանի խոսքերով, Գյումրիում որոշ թեկնածուներ մինչեւ վերջին օրը չունեին նույնիսկ վստահված անձինք, որոնց հնարավոր կլիներ դիմել տեղեկատվության համար։ «Մենք պատրաստ էինք թեկնածուների համար միատեսակ պայմաններ ապահովել իրենց ընտրարշավների լուսաբանման գործում, ասաց նա։ Բայց իրականում չհաջողվեց, ըստ որումՙ ոչ մեր մեղքով։ Ախր չէինք կարող ամեն անգամ տեղեկատվության համար մեկնել Երեւան»։
IREX/ProMedia-ում կայացած բանավեճի ընթացքում զգալի ուշադրություն դարձվեց նաեւ մասնագիտական էթիկայի հարցերին, որոնք հրատապ են դառնում ընտրությունների շրջանում։ Քաղաքական հայացքների ողջ բազմազանությունը ներկայացնող տպագիր ԶԼՄ-ների ղեկավարները ընդհանուր առմամբ համակարծիք էին, որ իրենց հրատարակությունները ընտրարշավից «դուրս են եկել» նվազագույն կորուստներով. համենայն դեպս էթիկայի առումով հաջողվել է զերծ մնալ կամայականությունից։ «Իսկ մնացյալ բաներում մենք փորձում էինք արտահայտել հասարակության մեջ իշխող տրամադրությունները»։ Այլ կերպ ասած, ինչպիսին հասարակությունն է, այնպիսին էլ մամուլն է։ Եվ վերջինիս ուժից վեր խնդիրներ առաջադրելը հազիվ թե տեղին համարվիՙ սա է հայկական ԶԼՄ-ների ներկայացուցիչների ընդհանուր կարծիքը։
Վերջում բանավեճի մասնակիցները IREX/ProMedia-ին առաջարկեցին շարունակել քննարկումը, հիմք ընդունելով ընտրական ժամանակաշրջանում մամուլի մոնիտորինգների անցկացմանը վերաբերող առաջարկությունների փաթեթը, որի վրա ներկայումս աշխատում են իրենքՙ խմբագիրները։
ՆԱՌԱ ԿԱՐԱԳՅՈԶՅԱՆ