Քիչ ժամանակ է մնացել ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին։ Բնական է, որ կուսակցություններն առավել ակտիվ քաղաքական աշխատանքով են զբաղված։ Այդպես է նաեւ Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության պարագայում, կուսակցություն, որն արդեն իր հաստատուն տեղն ունի երկրի քաղաքական դաշտում։ Դրա վկայությունն է կուսակցությանն անդամագրվել ցանկացողների անընդհատ աճը։
Այդպես էր նաեւ երեկ, երբ Վանաձորում ստեղծվեց ՀՌԱԿ եւս մեկ ակումբՙ «Փամբակը»։ ՀՌԱԿ փոխատենապետ Մեխակ Գեւորգյանը եւ Հանրապետական վարչության անդամ, Լոռու շրջանակի ատենապետ Ֆերդինանդ Հարոյանը ներկա գտնվեցին Լոռու մարզկենտրոնում կազմավորվող կուսակցական այս նոր կազմակերպության ստեղծմանը եւ 15 նորագիրների ուխտնառության արարողությանը։ ՀՌԱԿ փոխատենապետը խոսեց կուսակցության պատմության, ներկա ներքաղաքական իրավիճակի եւ կուսակցական կողմնորոշումների մասին։ Ոչ նորագիրների, առավել եւս կուսակցական երկար կենսագրություն ունեցողների համար այլեւս պարզ են կուսակցության դիրքորոշումները, ուստի ոչ մի խանգարող հանգամանք չի կարող լինել համագործակցության դաշտում։
«Փամբակ» նորընտիր ակումբն ընտրեց վարչություն։ Ակումբի ատենապետ ընտրվեց Ֆրիդ Փանոսյանը։
Մարտի 20-ին ՀՌԱԿ նոր ակումբներ բացվեցին նաեւ մայրաքաղաքի Շենգավիթ համայնքում։ 70 նորագիրներ, ընդունելով կուսակցության ուխտը, կազմավորեցին «Կարին» (ատենապետՙ Հայկ Մարտիրոսյան), «Ծոփք» (ատենապետՙ Աշոտ Գուստիկյան), «Ամբերդ» (ատենապետՙ Էդուարդ Թադեւոսյան) ակումբները։ Կուսակցության այս նոր սկզբնական կազմակերպությունների ժողովներին մասնակցում էին ՀՌԱԿ փոխատենապետներ Հարություն Առաքելյանը, Մեխակ Գեւորգյանը, Հանրապետական վարչության անդամ Կարեն Կակոյանը։
Ս. Մ.