«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#53, 2003-03-20 | #54, 2003-03-21 | #55, 2003-03-22


ԵԹՈՎՊԻԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ

Ինչպես արդեն նշել ենք, «Ազգ»-ի մարտի 19-ի համարում տպագրված եթովպահայ գաղութի վերաբերյալ նյութին էլ. փոստով անմիջապես արձագանքել է Եթովպիայի հայկական համայնքի պատասխանատու անդամներից Վահե Թիլբյանը, որն իր անգլերեն պատասխանի մեծ մասն առաջին հերթին հասցեագրել է Սաբրինա Ավագյանինՙ պահանջելով նրանից, որ նախքան քննադատական խոսքեր ուղղելն ստուգի փաստերը եւ ճիշտ տեղեկություններ փոխանցի ուրիշներին։ Արդար պահանջ, որը վերաբերում է հավանաբար նաեւ մեր թերթինՙ ստուգել փաստերը նախքան նյութի հրապարակումը։ Խոստովանենք, սակայն, որ եթովպահայ գաղութից, եւ ընդհանրապես նման փոքր գաղութներից, հայաստանյան մամուլին այնքան հազվադեպ են տեղեկություններ հասնում, որ շտապեցինք Սաբրինա Ավագյանի տեսակետները ներկայացնել մեր թերթում առանց հավելյալ ստուգումների, որի հնարավորությունը չունեինք։ Անշուշտ, կուզենայինք փոքրաթիվ, բայց հետաքրքրական պատմությամբ հարուստ գաղութի այժմյան վիճակի մասին ավելի հավասարակշռված տեղեկություններ փոխանցել ընթերցողին։ Փաստորեն, դա անում ենք այժմ, օգտվելով Վ. Թիլբյանի պատասխան գրությունից եւ եթովպահայ գաղութի նախագահ Վարդգես Նալբանդյանի նամակից։

Թարգմանաբար ներկայացնելով գրության գլխավոր մասերը, նշենք, որ համայնքի ֆինանսական ոլորտի խնդիրների մասին խոսելիս պրն Թիլբյանը հստակեցնում է, որ մեկ միլիոն բիրը (120 հազար ամերիկյան դոլար) դպրոցի, եկեղեցու եւ ակումբի եկամուտներից ստացված ընդհանուր գումարն է, կուտակված ոչ թե վերջին երկու (որը ցանկալի կլիներ, ըստ նրա) այլ տասնհինգ տարիների ընթացքում։ Բոլոր հաշիվները, ըստ Թիլբյանի, ենթարկված են աուդիտորական ստուգումների եւ մաքուր են, բայց 92-93 թթ. հաշիվները հանրությանը չեն բացահայտվում սպասվող դատական գործի պատճառով։ Նա ավելացնում է, որ «համայնքը բավականաչափ ֆոնդեր ունի իր գոյությունը պահպանելու համար եւ կարիքավոր մեծահասակներին միշտ օգնել է արժանավայել շարունակելու իրենց կյանքը»։

Ապա համայնքի կանոնադրության մեջ կատարված փոփոխությանն անդրադառնալով, Թիլբյանը բացատրում է, որ դա տեղի արդարադատության նախարարության կողմից է եղել համայնքիՙ որպես նոր ասոցիացիայի վերագրանցման ժամանակ։ Համաձայն երկրի օրենքների, շարունակում է նա, «ոչ ոք իրավունք չունի հողի սեփականատեր դառնալու Եթովպիայում։ Ոչ ոք չի կարող հող վաճառել այնտեղ։ Կարելի է միայն որոշակի տարածքի վրա գտնվող շենքը վաճառել, իսկ համայնքում ոչ ոք այնքան հիմար չէ, որ վաճառի համայնքային ունեցվածքը», գրում է նա։

Հայկական դպրոցներում սովորող ուսանողների քանակը խիստ չափազանցված համարելով, Թիլբյանն արդարացիորեն հարցնում է, թե ինչպե՞ս կարելի է դպրոցական փոքրիկ մի շենքում տեղավորել 2000 աշակերտ։

Ինչ վերաբերում է համայնքի գործերը մեկ ընտանիքի ձեռքում կենտրոնացած լինելու Սաբրինայի պնդումներին, նա հայտնում է, որ դա իրոք այդպես է, քանի որ համայնքի մյուս անդամներն են նրանց ընտրել։ «Նրանք ջանասեր անհատներ են եւ ամեն ինչ անում են պահպանելու գաղութը», գրում է նա, իսկ մնացածները հրաժարական են տվել «անձնական պատճառներով»։

Գերեզմանատան մասին խոսելիս պրն Թիլբյանը նշում է, որ իսկական հայկական գերեզմանատունը «քարապատ ցանկապատ ունի, գեղեցիկ երկաթե դարպաս եւ վերակառուցված մատուռ»։ Իսկ մյուս, Սաբրինայի նկարագրությանը գուցե համապատասխանող տարածքը, որտեղ նույնպես հայեր թաղված են, հին գերեզմանատունն է։

Այսուհանդերձ, ընդհանուր առմամբ, պատասխան հոդվածը լի է անհարկի նախադասություններով, որոնք չեն ծառայում, ինչպես պրն Թիլբյանն է նշում, 80 հոգանոց համայնքը միասնական պահելու ջանքերին։ Կարելի էր առանց դրանց լոկ հակափաստարկները ներկայացնել, իսկ Ս. Ավագյանի որոշ դիտողություններն էլ ընդունել կառուցողական տեսանկյունիցՙ հանուն փոքրաթիվ համայնքի առավել բարվոք վիճակի։ Նորանշանակ հոգեշնորհ Գալուստ վարդապետ Դարբինյանի ընդամենը վերջերս Ադիս Աբեբա ժամանելու փաստը խոսում է այն մասին, որ Սաբրինա Ավագյանի նշածներից մի քանիսը իրական մտահոգություններ են։ Համենայնդեպս, իրար մեղադրելուց հրաժարվելով անհրաժեշտ է համագործակցել հանուն համայնքի գոյատեւման։

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4