Երեկ ՀՀ բնապահպանության նախարարությունում հատուկ պահպանման ենթակա տարածքների հիմնախնդիրներին նվիրված կլոր սեղան էր հրավիրվել։ Կենսառեսուրսների եւ գենոֆոնդի բազմազանության պահպանումը բնապահպաններն ազգային անվտանգության խնդիր բնորոշեցին։ Այս մասին նույնիսկ գործողությունների ռազմավարություն նշող ազգային ծրագիր է մշակվել։ Անկախ նրանից, թե որքանով եւ ինչպես այն կիրագործվի, Իրաքում բռնկված պատերազմը կրկին ակնհայտ դարձրեց այն ճշմարտությունը, որ մեր ծրագրերն ու անելիքները պլանավորելու խղճուկ ջանքերն ընդամենը խաղալիք են ճակատագրի ու նաեւՙ աշխարհի հզոր ուժերի ձեռքում։ Այսօր ողջ տարածաշրջանի կենսառեսուրսներին է սպառնում էկոլոգիական աղետը, եւ միայն մեր ռեսուրսների մասին մտածելով, ընդամենը կխաբենք ինքներս մեզ։ Չկա զուտ տեղային էկոհամակարգ, ինչ-որ մի տեղ աղավաղումները շղթայական ռեակցիայով հաղորդվում են հեռուներ։ Հայաստանը մոլորակի շիկացած կետին ամենամոտ երկրներից է։ Բնապահպանական ի՞նչ փոփոխություններ են սպառնում տարածաշրջանին եւ ինչպիսի՞ն կլինի դրանց անդրադարձը Հայաստանի վրա։ Ներկայացնում ենք մասնագիտական մի քանի դիտարկումներ։
Կարինե Դանիելյան (Կայուն զարգացման ընկերակցության նախագահ)- Նավթահորերի, նավթամշակող գործարանների ռմբակոծումներն ակնհայտորեն հսկայական վնաս կպատճառեն տարածաշրջանին։ Աղտոտվածության ծավալները կընդգրկեն ե՛ւ օդը, ե՛ւ ջուրը , ե՛ւ հողը, կորուստներ կկրի կենսաբազմազանությունը։ Իսկ սրանք, այս հասկացությունները միայն մերը կամ Իրաքինը չեն։ Դրանք համաշխարհային արժեք են։ Երկրորդ ակնհայտ վտանգը սեյսմիկ ակտիվության փոփոխություններն են, լարվածության բարձրացումն առանց այդ էլ սեյսմաանկայուն տարածաշրջանում։ Սեյսմակտիվության ալիքը կարող է հասնել մեզ, եւ քամիները կարող են վտանգավոր նյութեր բերել։ Ամեն ինչ կախված է ռազմական գործողությունների եւ աղտոտվածության ծավալներից։ Հույս ունենանք, որ պատերազմը երկար չի տեւի։
Լեմվել Վալեսյան (Հայկական աշխարհագրական ընկերության նախագահ)- Մասնագետները հաշվարկել են, որ եթե մարդկության կուտակած միջուկային զինանոցը միանգամից գործի, երկրագունդը կփոշիանա։ Չեմ ուզում հավատալ, որ այնպիսի հզորություններ կօգտագործվեն, որ երկրաբանական խոր փոփոխությունների հանգեն։ Հիմա փորձում են հավատացնել հանրությանը, թե միջուկային զենք ընդհանրապես չի կիրառվի։ Իսկ եթե չկիրառվեց, ապա ես անձամբ չեմ տագնապում։ Առայժմ տեղային ռմբահարումներ են, իսկ եթե դրանք զանգվածային դառնան, շատ մեծ հզորությունների դեպքում նույնիսկ փոթորիկներ կարող են առաջացնել, որոնք, իհարկե, Հայաստան չեն հասնի։
Գոհար Օգանեզովա (Հայկական բուսաբանական ընկերություն)¬ Այս տարածաշրջանը բուսատեսակներով շատ հարուստ է։ Հայաստանի բուսաշխարհի վրա հավանական ազդեցությունը փոքր է, չնայած կախված է նաեւ նրանից, թե ինչքան կտեւի պատերազմը։ Բայց քամիների ուղղվածությունը մեր կողմը չէ, այդ տարածքիցՙ հարավից մեզ վրա քամիներ չեն փչում, սարերը փակում են։ Այդ տեսակետից վտանգը մեծ չէ, թեեւ դժվար է ամեն ինչ կանխատեսել։ Ուղղակի ես, իբրեւ բուսաբան, ափսոսում եմ, որ էնդեմիկ բուսատեսակներով շատ հարուստ այդ տարածաշրջանն անդառնալի կորուստներ կկրի։
Հակոբ Սանասարյան (Հայաստանի կանաչների միության նախագահ)¬ Եթե նավթահորերի հրդեհը մեծ ծավալներ ընդգրկի, ոչ միայն Հայաստանը, այլեւ աշխարհի շատ երկրներ դրա հետեւանքները կզգան։ Նավթի մեջ ե՛ւ ծծումբ, ե՛ւ վանադիում, ե՛ւ տարբեր կարգի այլ նյութեր կան, որոնք թերայրվելիս կամ այրվելիս առաջացնում են կոմպլեքս միացություններ, ինչպես բենզպիրենը, որն ամենավտանգավոր քաղցկեղածին նյութերից է։ Անսահմանորեն մանր մասնիկներով օդում տարածվող տոքսիկ նյութերը կարող են բաժին հասնել նաեւ մեզ։ Մթնոլորտային աղտոտվածությունը 1 օրվա ազդեցության մեխանիզմ չունի։ Տեղումներիՙ անձրեւի, ձյան միջոցով մտնում է նաեւ հողի, ջրի մեջ, իսկ հողն ու ջուրը սննդամթերք են ստեղծում։
Անկախ ամեն ինչից, պատերազմ նշանակում է անկառավարելի վիճակ, երբ դժվար է կանխատեսել ե՛ւ պատերազմ հայտարարողների գործողությունները, ե՛ւ էկոլոգիական հնարավոր անդրադարձները մեր հանրապետության վրա։ Միայն թե էկոլոգիապես անվտանգ միջավայրում ապրելու մեր իրավունքի վրա կախված սպառնալիքը եւ դրա արհամարհումը մեզնից բացի ոչ ոքի չի հուզում։ Առավել եւս պատերազմի հեղինակներին։
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ