«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#53, 2003-03-20 | #54, 2003-03-21 | #55, 2003-03-22


ԹՈՒՐՔԻԱՆ ՄՇԱԿՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔԵԼՈՒ ՆՈՐ ՈՒՂԻՆԵՐ

Նոր պետականության եւ անկախության պայմաններում հայ ժողովրդի համար այսօր էլ արդիական ու առաջնային խնդիրներից մեկն է 1915 թ. Թուրքիայի իրագործած Հայոց ցեղասպանության աշխարհիՙ միջազգային հանրության կողմից ճանաչումն ու ընդունումը։ Թերեւս դրա պատճառն անգամ 90 տարի հետո էլ եղեռնը վերապրածների, նրանց հետնորդների ու ավելի քան 1,5 միլիոն անմեղ զոհերի արդար պահանջն է, որ թույլ չի տալիս մոռանալ հայոց պատմության արյունոտ ու ողբերգական էջերից ամենասարսափելին։ Բնականաբար, այս ամենը ստիպում են ոչ միայն հիշել ու պարզապես հիշեցնել, այլ նաեւ արժանի հատուցում պահանջել կրած բարոյական ու նյութական կորուստների համար։ Կորուստներ, որոնք ոչ միայն ընդգրկում են պատմական հայկական տարածքները, այլեւ գազանաբար խոշտանգված ու ողջակիզված մարմիններ։

Այն փաստը, որ հայերի ջարդերն ու կոտորածը երիտթուրքական կառավարության նախօրոք մշակած ծրագիր է եղել, ժխտվում եւ չի ընդունվում ինչպես Թուրքիայի ներկայիս կառավարության, այնպես էլ թուրքական այլ իշխանությունների կողմից, թեեւ ցեղասպանության իրական լինելը հաստատվում է աշխարհի տարբեր երկրներիՙ ԱՄՆ-ի, Գերմանիայի, Անգլիայի, Ավստրիայի արխիվներում եղած փաստաթղթերի, ականատեսների պատմած պատմությունների գրառումների, լուսանկարների եւ այլ նյութերի հիման վրա։

Ստեղծված իրավիճակում, նման փաստերի առկայության պայմաններում Թուրքիային մնում էր միայն նենգափոխել պատմությունն ու իրականությունըՙ Հայոց ցեղասպանությունը ներկայացնել որպես քաղաքացիական կռիվների ու պատերազմական իրադրությունների հետեւանք, ուր զոհվել է ինչպես հայ, այնպես էլ թուրք ազգաբնակչությունը, դեռ ավելինՙ 1,5 մլն զոհերի թիվը նվազեցնելով հասցնել 300 հազարի։ Թուրք քաղաքագետների մշակած այս քայլը, որ չի համապատասխանում իրականությանը, անգամ ընդունելու դեպքում չի արդարացնում Օսմանյան կայսրությանն ու նրան փոխարինման եկածների վարած քաղաքականությունը, պարզապես նվազեցնում է նրանց պատասխանատվությունը միայն քանակական առումով, չնայած որ 1 մարդ սպանողն էլ է հանցագործ, 100 մարդ սպանողն էլ։ Ինչեւէ, պետք է արժանին մատուցել թուրք քաղաքագետների հնարամտությանը, մանավանդ որ Թուրքիայի կառավարությունը զուր տեղը խոշոր գումարներ չի ծախսում սեփական քարոզչությունը ողջ աշխարհում սփռելու եւ համաշխարհային հանրությանը սեփական տեսակետը հրամցնելու համար։ Դրամական եւ այլ տիպի օժանդակումներով ապահովում է նրանց, ովքեր ի շահ Թուրքիայի կեղծում են իրական փաստերը, հօգուտ Թուրքիայի ստեղծում Հայոց ցեղասպանության փաստի խեղաթյուրման ու ներկայացման այլընտրանքային տարբերակներ։

«Լավագույն պաշտպանությունը հարձակման մեջ է» սկզբունքը դնելով սեփական քաղաքականության հիմքում, փորձում են մի բան էլ մեղադրել հայ ժողովրդին արդար պահանջի համար։

Թուրքական «Մայր հայրենիք» կուսակցության անդամ Մեհմեթ Ալի Իրթեմչելիքը հայտարարում է, թե Ցեղասպանության օրինագծի նախաձեռնությունը հայկական դավադիր մեծ ծրագրի մասերից է, որի նպատակն է վերջնական արդյունքում Թուրքիայից հող անջատել (խոսքը վերաբերում է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատին Դեյվիդ Բոնիորի, Ֆրենկ Փալոնի, Ջոն Էդվարդ Պորտերի, Ջորջ Ռադանովիչի եւ Ջեյմս Ռոգանի ներկայացրած հայերի ցեղասպանության դատապարտմանը նվիրված օրենքի նախագծին)։ Այս ժամանակաշրջանում էր, որ Թուրքիայի անվտանգության խորհուրդը սպառնաց Հայաստանի առջեւ փակել սեփական օդային ուղիները, դադարեցնել թուրքական ապրանքների արտահանումը Հայաստանՙ բացահայտ հայտարարելով, որ սա պատասխան է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի ընդունած Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության մասին բանաձեւին։ Պաշտոնական Թուրքիան հայտարարեց, որ պատրաստ է բացել Օսմանյան Թուրքիայի ավելի քան 50 մլն արխիվային փաստաթղթեր։ Բնականաբար, սա փորձ էր ճնշելու վերը նշված բանաձեւի ընդունումը, իսկ հակառակ այս հայտարարությանը, որ պատմական արխիվները բաց են բոլորի առջեւ, մարդիկ, ովքեր փորձել էին առնչվել տվյալ փաստաթղթերին, հայտարարեցին, որ բաց են միայն արխիվային շենքի դռները։ Ավելին, պետք է նշել, որ արխիվները մանրամասնորեն «վերադասավորվելուց» հետո են միայն բացվել պատմաբանների եւ մյուսների առջեւ։ Ակնհայտ է, որ Թուրքիայի ձեռնարկած այս եւ նմանատիպ միջոցառումները չեն կարող ազդեցություն չունենալ Հայոց ցեղասպանության ճանաչման ու ընդունման գործընթացի վրա, ինչպես Թուրքիայի, այնպես էլ այլ պետությունների կողմից։ Այնուամենայնիվ, 2000 թ. ԵԱՀԿ գագաթաժողովի օրերին ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթից հետո, ավելի քան 11000 Թուրքիայի քաղաքացիներ, որոնք բնակվում են Գերմանիայում, Թուրքիայի Ազգային ժողով ներկայացրին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իրենց պահանջը։ Սա խոսում է թուրք ժողովրդի մեջ սկիզբ առնողՙ կատարած սխալն ուղղելու ցանկության մասին, թեեւ նման մարդկանց թիվը դեռեւս քիչ տոկոս է կազմում եւ հակասում է Թուրքիայի կառավարության քաղաքականությանը։ Պարզ է, որ կատարված ոճրագործությունն արթուն է ոչ միայն հայ ժողովրդի հիշողության մեջ։

1999 թ. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի եւ Գիտությունների ազգային ակադեմիայի փիլիսոփայության եւ իրավունքի ինստիտուտը կազմակերպել էին հարցումներ։ 3000 պատահական հարցվողների 64,4 տոկոսը 1915 թ. իրադարձություններից տուժածների, զոհվածների հարազատներն էին։ Նույն հարցվողների 85 տոկոսն ունի այն զգացումը, որ ցեղասպանություն վերապրած ժողովրդի ներկայացուցիչ է։ 33,4 տոկոսը գտնում է, որ Հայաստան-Թուրքիա նորմալ հարաբերություններն անհնար են, քանի դեռ Թուրքիան չի ընդունել 1915 թ. ցեղասպանության փաստը եւ չի փոխհատուցել վնասները։ Միայն 36,4 տոկոսն է կարծում, որ կարելի է թուրքական կողմի հետ ունենալ նորմալ տնտեսական, առեւտրական հարաբերություններ, եթե, իհարկե, չանտեսվի Հայ դատը։ Անկասկած, ցեղասպանությունն ունեցավ իր ազդեցությունը հայ ժողովրդի հոգեբանության վրա, եւ դա է պատճառներից մեկը, որ 1915 թ. առ այսօր հայ ժողովրդի համար կարեւորագույն խնդիրներից մեկը աշխարհի եւ, մասնավորապես, Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչման խնդիրն է։ Իրողություն, որն ապացուցելու կարիք չկա, պարզապես պետք է թույլ չտալ, որ դարասկզբին դոկտոր Նազըմի արած կոչըՙ «Չպետք է ուշադրություն դարձնել մամուլի բողոքներին կամ երկյուղել մեծ տերությունների միջամտությունից։ Կատարվածից հետո ոչ մի միջամտություն նշանակություն չի ունենա», դառնա իրականություն։ Սա մարտահրավեր է, որ ուղղված է ողջ մարդկությանը եւ մղում է պատասխանատվության գոնե այն պետություններին, որոնք ժամանակին չխոչընդոտեցին Հայոց ցեղասպանության իրականացմանը եւ մինչ այսօր դեռ չեն ճանաչել այն։

ՀԱՍՄԻԿ ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4