Արդեն մի քանի օր փաստաբան Ռուբեն Ռշտունին Տիգրան Նաղդալյանի իրավահաջորդի շահերի պաշտպանն է։
Երեկ հրավիրած ասուլիսը պրն Ռշտունին սկսեց նրանից, որ Տիգրան Նաղդալյանի սպանության գործի քննությունը գնում է իր ընթացքով, գործը վարում է հանրապետության ամենափորձառու քննիչներից մեկը։
Փաստաբանը ներկայացրել է, որ իրեն հանձնարարված է պաշտպանել Նաղդալյանների ընտանիքի շահերըՙ օբյեկտիվ ճշմարտությունն ի հայտ բերելու նպատակով։ Այս առումով, Ռուբեն Ռշտունին դեռ չի ծանոթացել գործի բոլոր նյութերին, որոնց իմացությունից հետո նոր միայն կարող է պատասխանատու կերպով հայտարարել, թե ամեն ինչ ճիշտ է։
Չնայած ասվածին, այս մի քանի օրվա ընթացքում իրեն արդեն հայտնի տվյալների հիման վրա պրն Ռշտունին ինքն իրեն թույլատրեց ասելու, որ գործի նախաքննությունը ճիշտ ուղու վրա է։
Այնուհետեւ փաստաբանը պատասխանեց լրագրողների հարցերին, նախօրոք առաջարկելով, որ գործի նյութերի մասին հարցեր չտրվեն։ Այդ տեսակ հարցեր հնչեցին, բայց Ռուբեն Ռշտունին չպատասխանեց։
Իսկ տրված պատասխաններից նախՙ պարզվեց, որ թեեւ գործի բոլոր նյութերից փաստաբանը տեղյակ չէ, բայց իմացած տվյալները բավարար են նախաքննության ուղին ճիշտ գնահատելու համար։ Մի քանի օրվա ընթացքում ծանոթացած տվյալների հիման վրա պրն Ռշտունին նշեց, որ գործի առթիվ կազմված քննչական խմբի դեմ բացարկ հայտնելու դատավարական հիմք չունի։ Ինչ վերաբերում է որեւէ միջնորդությամբ արդեն հանդես գալու անհրաժեշտությանը, ապա Նաղդալյանների ընտանիքի շահերի պաշտպանը չի պատրաստվում հանպատրաստից միջնորդություններ անել։
Կապված իշխանությունների կողմից սպանության պատվեր լինելու վարկածի հետ, պրն Ռշտունին նշեց, որ նախաքննական մարմինը պարտավոր է ստուգել բոլոր վարկածները, այլապես կոնկրետ Նաղդալյանների ընտանիքը բավարարված չի լինի։
Ապաՙ մեկ հոգու ցուցմունքի հիման վրա մարդ ձերբակալելու կապակցությամբ փաստաբանը նշեց, որ կարեւոր է, թե ինչպիսին է ցուցմունքը։
Ռուբեն Ռշտունին ցուցմունքների եւ ըստ դրանց ներկայացվող մեղադրանքների առնչությամբ հիշեցրեց «Հոկտեմբերի 27»-ի գործով մի քանի կասկածյալների մասին, որոնց չգիտես ինչ հիմքով ձերբակալեցին, ու այդպես էլ նրանց կպած մնաց «կասկածյալը» պիտակը։
Պատասխանելով Տիգրան Նաղդալյանի սպանության գործով մեղադրյալների վիճակի մասին հարցերինՙ Ռուբեն Ռշտունին նշեց, որ մեղադրյալներից մեկ-երկուսի պաշտպանների հետ շատ կարճ շփվել է, բայց որեւէ բողոք չի լսել։
Թերեւս, Տիգրան Նաղդալյանի իրավահաջորդի շահերի պաշտպան պրն Ռշտունու հրավիրած ասուլիսում կարեւորը Նաղդալյանիՙ «Հոկտեմբերի 27»-ի գործով կարեւորագույն վկա լինելու հետ էր կապված։ Ըստ փաստաբանի, «Տիգրան Նաղդալյանը «27»-ի գործով կարեւորագույն վկա չի հանդիսացել, որովհետեւ այնտեղ կային 100-ից ավելի զինված, աթոռների տակ պառկած պատգամավորներ, որոնք նույնպես վկա էին։ Իսկ Տիգրան Նաղդալյանն այնտեղ չի եղել»։
Ինչ վերաբերում է ահաբեկչության սկզբի րոպեները պատկերող տեսաժապավենի եւ Տիգրան Նաղդալյանի սպանության միջեւ հնարավոր կապին, ապա Ռուբեն Ռշտունին նշեց, որ տեսաերիզը ցուցադրվել է հենց ահաբեկչության օրը, եւ այս առումով էլ Տիգրան Նաղդալյանը կարեւորագույն վկա չէր։
Ինչեւէ, փաստաբանն այդ կտրվածքով սպանության վարկածը բացառեց, գտնելով, որ ժապավենը մոնտաժված չէ։ Չբացառեց, սակայն, մեկ այլ վարկած, համաձայն որի երեւի Նաղդալյանի սպանությամբ հարկավոր էր գլխատել «Հ1»-ը։
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ