«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#53, 2003-03-20 | #54, 2003-03-21 | #55, 2003-03-22


ՓԱՍՏԱԲԱՆԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԵՐ

Հայաստանում փաստաբանական ինստիտուտ ստեղծելու անհրաժեշտությունը վաղուց էր ծագել, սակայն պետական մակարդակով փաստաբանությունը զարգացնելու խնդիր չէր դրված։ Եվ ահա մարտի 19¬21-ը ֆրանսիական համալսարանում անցկացվեց փորձագիտական հանդիպում, որ կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի, Եվրոպական հանձնաժողովի եւ ՀՀ արդարադատության նախարարության համատեղ ծրագրի շրջանակներումՙ մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի եւ Հայաստանում ֆրանսիական դեսպանության համագործակցությամբ։ Եռօրյա քննարկումների ընթացքում լսվեցին ելույթներ մեր երկրում փաստաբանի մասնագիտության ներկա վիճակի, դրա մատչելիության եւ գոյություն ունեցող մասնագիտական ուսուցման, օրենսդրության ու պրակտիկայի մասին, ներկայացվեցին փաստաբանների մասնագիտական ուսուցման ինստիտուտի ստեղծման ծրագիրն ու փաստաբանական էթիկայի կանոնագրքի նախագիծը։ Քննարկված հարցերի թվում կարեւոր տեղ հատկացվեց այն խնդրին, որ պետությունը պետք է առանձնացնի քաղաքացիաիրավական հարաբերությունների եւ վարչական իրավահարաբերությունների որոշակի շրջանակ, որտեղ բնակչությունը կստանա անվճար իրավաբանական օգնություն։ Թե այդ շրջանակը ինչ ընդգրկվածություն կունենաՙ կորոշվի հետագա քննարկումների ժամանակ։

Ինչ վերաբերում է փաստաբանների պատրաստմանն ու վերապատրաստմանը, դա պետք է կատարվի անհրաժեշտ նախապայմաններ առաջ քաշելով, որոնք պարտադիր կլինեն բոլորի համար։ Հետագայում կամրագրվեն նաեւ փաստաբանների էթիկայի կանոնները, որ ընդհանուր կլինեն բոլոր փաստաբանների համարՙ անկախ միությունների թվաքանակից, բնույթից ու աշխատաձեւից։ Քննարկումների ընթացքում հնչած առաջարկները հատուկ ուշադրության կարժանանանՙ ոլորտը կարգավորող իրավական ակտերի որակը բարելավելու նպատակով։

Քննարկման մասնակիցների գնահատմամբ, փոխադարձ համաձայնությունների հիման վրա պատրաստած փաստաթուղթը հույս է ներշնչում, որ առաջիկա աշխատանքները կլինեն արդյունավետ եւ փաստաբանական ինստիտուտը կայացած երեւույթ կդառնա Հայաստանում։

Ռ. Պ.

Հ. Գ. «Հայաստանում ֆրանսիական համալսարան»ՙ շենքի ճակատի ցուցանակը ժպիտ է առաջացնում։ Կարելի է մտածել, թե մեկ այլ երկիր պիտի նկատի ունենայինք, եթե պարզապես գրվեր ֆրանսիական համալսարան, կամ գոնե ընդունված ձեւովՙ Հայաստանի եւ ոչ թե Հայաստանում։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4