ՀՌԱԿ նորագիրներ եւ նոր ակումբներ Հրազդանում, Տավուշի եւ Գեղարքունիքի մարզերում
- Անչափ քաղաքականացված մեր այս ժամանակներում բնավ չթերագնահատելով մյուս կուսակցությունների դերը, ես այսօր վստահությամբ հավատում եմ Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության գաղափարախոսությանն ու գործունեությանը,¬ մեր զրույցի ժամանակ ասաց Հրազդան քաղաքի ավագանու անդամ Գրիգոր Բադալյանը։ ¬ ՀՌԱԿ-ը կոնկրետ, հստակ դիրքորոշումներ ունի եւ բնավ քաղաքական մեքենայություններ թույլ չի տալիս։ Եվ հենց դա է պատճառը, որ, լրջորեն ծանոթանալով կուսակցության պատմությանը, ծրագրին, առանց վերապահության անդամագրվում եմ ՀՌԱԿ-ին։
Երեք օր առաջ ՀՌԱԿ «Հրազդան» ակումբում նորագիրների ընդունելություն էր։ Եվ 15 հրազդանցիներ դարձան կուսակցության անդամ։ Անշուշտ, շատ կարեւոր է Գրիգոր Բադալյանի բացատրությունը։ Բայց կարեւոր է նաեւ ակումբի ատենապետ Կարեն Մարգարյանի գործունեությունը Հրազդան քաղաքում, բնակավայր, որն այսօր միայն պայմանականորեն կարելի է կոչել քաղաք։
Տարիներ առաջ հրազդանցիները կզարմանային, եթե նրանց առաջարկեին զբաղվել գյուղատնտեսությամբ, առեւտրով կամ սեփական արտադրություն հիմնել։ Քաղաքի բնակչության գերակշիռ մասը մշտական, բարձր վարձատրվող աշխատանք ուներ քաղաքի արդյունաբերական խոշոր ձեռնարկություններում, մնացածներն աշխատում էին պետական հիմնարկներում։ Այսօր աշխատատեղերը քիչ են։ Մարդիկ փորձում են տեղավորվել նոր ժամանակների մեջ։ Եվ եթե անդամակցում կամ հարում են որեւէ կուսակցության, ապա միայն հավաստի վստահության դեպքում։ Իհարկե, անչափ կարեւոր է նաեւ կուսակցության ղեկավարների դերը։
¬ Մեր ակումբին անդամակցողների թիվն ավելանում է,¬ ասում է ակումբի ատենապետ Կարեն Մարգարյանը։ ¬ Ես դա պայմանավորում եմ ՀՌԱԿ ատենապետ ընկեր Միրզախանյանի, ՀՌԱԿ Հանրապետական վարչության անդամների գործունեությամբ։
«Հրազդան» ակումբի նիստին ներկա եւ նորագիրների ուխտնառության երաշխավոր ՀՌԱԿ փոխատենապետ Հրաչ Կարապետյանը կարեւորեց ռամկավարների այսօրվա քաղաքական ակտիվ գործունեությունը։
¬ Մենք ոչ մի գաղտնիք չունենք կուսակցության անդամներից,- ասաց նա։ ¬ Եվ ցանկանում ենք կուսակցությունը ներկայացնել ՀՀ Ազգային ժողովում։ Ուստի անչափ կարեւոր է մեր տեղական ակումբների աշխատանքը, այնպիսի աշխատանք, որը նկատելի է Հրազդանում։ Համոզված եմ, որ այսպիսի գործունեության պարագայում մենք կարող ենք իսկապես հաջողությունների հասնել։
Ամեն դեպքում, արձանագրենք, որ Հրազդանում ՀՌԱԿ-ի անդամների թիվն ավելացավ եւս 15-ով։ Հիմնականում մտավորականներ ու գործարարներ են նորագիրները։ Սուսաննա Առաքելյանը, Աշոտ Ազիզյանը, Գեղամ Կարապետյանը, մյուսներն իրենց անդամակցությունը բացատրեցին նրանով, որ ՀՌԱԿ ծրագիրը, նրա գաղափարախոսությունը գործունեության լայն ասպարեզ են բացում իսկապես աշխատել սիրող եւ կարողացող մարդու համար։ Այսինքն, այսօրվա մարդու համար սոցիալական ու տնտեսական դժվարությունները հաղթահարելու միակ ճիշտ ճանապարհը։
Վերջին երկու օրերին ՀՌԱԿ Հանրապետական վարչության անդամ Կարեն Կակոյանը եղավ Տավուշի եւ Գեղարքունիքի մարզերում։ Տավուշի մարզում ՀՌԱԿ «Ազատամուտ» ակումբը համալրվեց 31, «Խաշթառակը»ՙ 12, «Գանձաքարը»ՙ 12, «Սեւքարը»ՙ 12, «Այգեհովիտը»ՙ 26, «Իջեւանը»ՙ 123 նորագիրներով։ Այս մարզում ստեղծվեցին ՀՌԱԿ 3 նոր ակումբներՙ «Գետահովիտը» (25 նորագիրներ, ատենապետՙ Նուբար Խաչատրյան), Իջեւան քաղաքի «Նար-Դոս» ակումբը (22 նորագիրներ, ատենապետՙ Գագիկ Ղալումյան) եւ նույն տեղում «Բլբուլյան» ակումբը (68 նորագիրներ, ատենապետՙ Աշոտ Մանուչարյան)։ Նույն մարզի ՀՌԱԿ «Նոյեմբերյան» ակումբը համալրվեց 5, իսկ Գեղարքունիքի մարզի «Սեւան» ակումբըՙ 30 անդամներով։
Ս. Մ.