Շեւարդնաձե. «ԱՄՆ-ը կատարում է ՄԱԿ-ի ֆունկցիաները, խաղաղության եւ անվտանգության երաշխավորն է, իսկ Բուշըՙ արդի աշխարհի ժողովրդավար առաջնորդը»
Մարտի 20-ին վրացի երկաթուղայինների հետ հանդիպման ժամանակ Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն ասաց. «Երկրում, լինի Իրաքը կամ Հյուսիսային Կորեան, որտեղ արտադրվում են ատոմային, քիմիական կամ կենսաբանական զենքեր, վարչակարգը պետք է փոխել։ Ո՞ւմ դեմ է ուղղված այդ զենքը։ Փետրվարի 3-ին Բուշին հղած ուղերձում հիշեցրել եմՙ Իրաքը պատերազմել է Իրանի դեմ, հարձակվել փոքր, հարուստ Քուվեյթի վրա։ Այն ժամանակ մենք (ԽՍՀՄ-ը) միացանք ամերիկացիներին։ Երբ ամերիկացիները մոտեցան Իրաքի մայրաքաղաքին, ես Ջեյմս Բեյքերին (ԱՄՆ պետքարտուղարը Բուշ ավագի օրոք-խմբ.) խորհուրդ տվեցի չհարվածել Բաղդադին եւ սխալվեցի։ Այս ամենը պետք է այն ժամանակ (1990 թ.) ավարտվեր։ Ո՞ւմ դեմ է այսօր Իրաքն օգտագործելու զանգվածային բնաջնջման զենքերըՙ կամ Քուվեյթի, կամ Իրանի։ Հորդանանը Իրաքի դեմ թշնամաբար չի տրամադրված։ Մնում է Իսրայելը, այսինքնՙ բնաջնջել հրեական պետությունը։ Դրա հետ չեն կարող հաշտվել ոչ վրացիները, ոչ ամերիկացիները, ոչ որեւէ այլ մեկը։ Իրաքն ունի հեռահար նպատակներ, որպեսզի արյուն թափվի, երկրներ կործանվեն։ Ահա թե ինչու ես պաշտպանում եմ ԱՄՆ-ին եւ հրապարակավ հայտարարումՙ օժանդակում եմ ԱՄՆ-ին բարոյապես, քաղաքական առումով, եթե կարիք լինի, ապաՙ ցանկացած այլ օժանդակություն։ Մեր երախտագիտությունն ԱՄՆ-ին պետք է այս ձեւով արտահայտվի»։
Իսրայելի թեման Էդ. Շեւարդնաձեն շարունակեց իր երեկվա ռադիոհարցազրույցում։ «Համոզված եմ, որ Իրաքում ԱՄՆ-ը պատերազմում է ոչ թե իրաքցի ժողովրդի, այլ տոտալիտար վարչակարգի դեմ, որը մի կողմից ճնշում է սեփական ժողովրդին, մյուս կողմիցՙ ամբողջ տարածաշրջանի համար վտանգ ստեղծում։ Նախկինում Իրաքն անընդմեջ ռմբահարել է Իսրայելը։ Երբ հակաիրաքյան կոալիցիայի ուժերը հարավում եւ հարավ-արեւմուտքում մի քանի կետեր վերցնեն, դիկտատորը (Սադդամ Հուսեյնը) չի կարող Իսրայելը հրթիռահարել», ասաց Շեւարդնաձեն, հիշեցնելով, որ Վրաստանը եւ Իսրայելը բարեկամ պետություններ են, եւ վրաց ժողովրդի համար Իսրայելի անվտանգությունը «շատ կարեւոր է»։
Ընդհանուր առմամբ, թբիլիսցիները հավանություն են տալիս Իրաքի դեմ ԱՄՆ ռազմական գործողություններին, բայց ոչ թե հաշվի առնելով Իսրայելին սպառնացող վտանգը, ինչպես նշում է երկրի նախագահը, այլՙ զուտ տնտեսական խնդիրները։ Շատ ու շատ վրացիներ, այդ թվում քաղաքական գործիչներ, օրինակՙ Միխայիլ Սահակաշվիլին, մտահոգված են, որ Իրաքում պատերազմը երկար տեւելու դեպքում ԱՄՆ-ը Վրաստանին կթողնի միայնակ ռուսական վտանգի դեմ։
Հակաիրաքյան կոալիցիային մաս կազմելը եւ ԱՄՆ-ի հետ մեր ռազմավարական համագործակցությունը, ռադիոհարցազրույցում ասաց Էդ. Շեւարդնաձեն, կամրապնդեն Վրաստանի ինքնիշխանությունը եւ անկախությունը։ «Այժմ ԱՄՆ-ը կատարում է ՄԱԿ-ի ֆունկցիաները, խաղաղության եւ անվտանգության երաշխավորն է, իսկ Բուշըՙ արդի աշխարհի ժողովրդավար առաջնորդը», ասաց Շեւարդնաձեն, ապա քննադատեց ԱՊՀ-ին, որն իր 12-ամյա պատմության ընթացքում «չի կարողացել վճռել եւ ոչ մի խնդիր, այդ թվումՙ աբխազական, օսական եւ ղարաբաղյան հակամարտությունները»։
Վրացի երկաթուղայինների հետ հանդիպման ընթացքում Էդ. Շեւարդնաձեն մեջբերել էր Բուշի վերջին նամակներից մեկը, որն ավարտվում էր այս տողերով. «Մի փոքր էլ մեզ ժամանակ տվեք, մեզ անհրաժեշտ է լուծել որոշ անհետաձգելի հարցեր, եւ Աբխազիայի համար ժամանակ կգտնենք»։
«Ի՞նչ է նշանակում ԱՄՆ-ի համար ժամանակ գտնել Աբխազիայի համար։ Դա նշանակում է Աբխազիայի վերադարձը, մեր վերադարձը Աբխազիա։ Ահա թե ինչու ԱՄՆ-ում պետք է իմանան, որ Վրաստանի քաղաքացիներին չի կարելի անվանել երախտամոռ», ասաց 76-ամյա Շեւարդնաձեն։
Շաբաթ օրը Վրաստանի նախագահը մեկնել էր հիմնականում ադրբեջանաբնակ Մառնեուլի շրջան, որտեղ ԽՍՀՄ ժամանակ կառուցված ռազմական օդանավակայանը վերջերս վերանորոգել են թուրքերը։ Շեւարդնաձեին ուղեկցում էր նաեւ Թբիլիսիում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մայլսը (նախկինում եղել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը-խմբ.)։ Պրն Մայլսը չբացառեց, որ Մառնեուլի ռազմական օդակայանը կարող է օգտագործվել Իրաքի դեմ պատերազմում։
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Թբիլիսի