«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#54, 2003-03-21 | #55, 2003-03-22 | #56, 2003-03-25


ԲԵՂՄՆԱՎՈՐ ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԵԳԻՊՏՈՍ

Հայ-եգիպտական հարաբերությունները վերջին տարիներին նոր ձեռքբերումներ են արձանագրում։ ԱՊՀ երկրների հետ Եգիպտոսի Արաբական Հանրապետության մշակած տեխնոլոգիական ծրագիրը մի շարք ոլորտների մասնագետների համար հնարավորություն է ընձեռում վերապատրաստման դասընթացներ անցնելովՙ խորացնել գիտելիքները եւ որդեգրել նոր աշխատաոճ։ Այս ծրագրով Հայաստանից վերապատրաստման են մեկնել ԱԳՆ, ՆԳՆ աշխատակիցներ, գործարարներ, բժիշկներ։ Նախապատրաստական աշխատանքներ են տարվումՙ Երեւանում բացելու 9։1։1 արագ արձագանքման ծառայություն եւ բժշկական կենտրոնՙ պատվաստանյութերի արտադրության համար։

Վերջին առաջարկն, ի դեպ, ստացվել է այս տարեսկզբին, երբ Նանի Օսկանյանիՙ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի տիկնոջ գլխավորած բժիշկների պատվիրակությունը մեկնեց Եգիպտոսՙ ուսումնասիրելու նեոնատոլոգիայիՙ նորածինների հիվանդությունների բուժման հետ կապված նորություններ։

Այցելելով երկրի առաջատար մի շարք հիվանդանոցներ, ունկնդրելով հայտնի պրոֆեսորների դասախոսություններՙ մանկաբույժների մեր խումբը խիստ տպավորված էր վերադարձել Եգիպտոսից, գրանցելով, որ բուժհիմնարկների արդիականացման բուռն գործընթացը պայմանավորված է առողջապահական ոլորտի հանդեպ դրսեւորվող առանձնակի հոգատարությամբ, իսկ բյուջետային ներդրումները 30 տոկոսից ավելին են։

Նրանք նշում են, որ այցելությունը հետաքրքրական էր հատկապես ժառանգական հիվանդությունների ուսումնասիրության տեսանկյունից, որոնց մեջ մեզ հետաքրքրողը եղել է երեւանյան տենդ կամ պարբերական հիվանդություն կոչվող երեւույթը, որ հատուկ է հին պատմություն ունեցող մի շարք ժողովուրդների։

Հայ բժիշկների բարձր պատրաստվածությունը եւ գիտելիքները նկատի առնելովՙ տեղի մասնագետները հանդես են եկել մի քանի առաջարկությամբՙ սերտացնելու առողջապահական կապերը ե՛ւ այնտեղ, ե՛ւ այստեղ։ Դրանցից հատկապես շեշտենք Երեւանի պետական բժշկական համալսարանում ուսանողներ ներգրավելու նրանց ցանկությունը, քանի որ արդեն մեկ տարի մեր համալսարանում մտցվել է անգլերենով ուսուցում, եւ մեր դիպլոմը հարգի է աշխարհի շատ երկրներում։

Իրենց կողմից, բացի պատվաստանյութերի կենտրոն ստեղծելու առաջարկից, պատրաստակամություն են հայտնել համագործակցելու նաեւ ոսկրածուծի փոխպատվաստման Կահիրեի կենտրոնի հետ, կազմակերպելու որակյալ դեղորայքի առեւտուր։

¬ Այս ամենի համար բավական աշխատանք է պահանջվում նախարարությունների մակարդակով, եւ միայն բարի ցանկությունները քիչ են,¬ ասում է Ն. Օսկանյանը։¬ Պատվաստանյութերի արտադրություն կազմակերպելու համար (որն, ի դեպ, միակը կլինի տարածաշրջանում եւ կապահովի մեր երեխաների առողջ մանկությունըՙ առանց դրսից կախված լինելու) մենք արդեն կիսակառույց մի շենք ենք առանձնացրել Ավան թաղամասում, եւ ամսվա վերջին սպասում ենք պատվիրակությանՙ բանակցություններ սկսելու։

Ն. Օսկանյանն իր գոհունակությունն է հայտնում հյուրընկալող կողմի հանդեպ ոչ միայն մասնագիտական, այլեւ մշակութային հագեցած ծրագրի համար, որի շնորհիվ իրենք հնարավորություն ունեցան ճանաչելու անտիկ երկրի բացառիկ հուշարձաններ, ինչպիսիք փարավոնների բուրգերն են եւ Ալեքսանդրիայի նշանավոր գրադարանը։ Եվ այստեղ նրանք նույնպես հետաքրքրական առաջարկ ստացան. Ալեքսանդրիայի գրադարանի տնօրենը հայտնեց, որ իրենք պատրաստակամ են լուսատիպով պատճենելու մեր հնագույն մագաղաթներըՙ նպաստելով դրանց պահպանմանն ու պրոպագանդմանը։

Լավագույն ընդունելության ու համագործակցության առաջարկների համար տիկին Օսկանյանը երախտիքի խոսք է ուղղում Հայաստանում Եգիպտոսի դեսպան Բեքըրի էլ Ամային, որ նախապատրաստեց մեկնումը, ԱՊՀ երկրների հետ համագործակցության ֆոնդի նախագահ Օմար Ֆարոքին, որ կազմակերպեց ընդունելությունը, եւ բոլոր նրանց, ովքեր իրենց բարի կամքը դրսեւորեցին երկու երկրների կապերը նաեւ առողջապահության ոլորտում զարգացնելու համար։

Երկշաբաթյա այցելությունը, որի ընթացքում տիկին Օսկանյանը հանդիպեց նաեւ Եգիպտոսի պետնախարար տիկին Ֆարիզային, պարգեւատրվեց հայտնի հոսպիտալներից մեկի հատուկ շքանշանով, իսկ խումբը ոսկրածուծի դոնորներ ընդգրկելու նպատակով աշխատանք ծավալեց հայ համայնքում, խիստ բեղմնավոր եղավ, եւ խոստանում է հարաբերությունների էլ ավելի սերտացում։

Եգիպտոսից սպասվող պատվիրակությունը կշարունակի սկսված գործընթացն արդեն այս ամսվա վերջին։

ԱՐՄԵՆՈՒՀԻ ԴԵՄԻՐՃՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4