«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#54, 2003-03-21 | #55, 2003-03-22 | #56, 2003-03-25


ԻՆՏԵՐՆԵՏ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԼՈՒՐՋ ԽԹԱՆ

Հայտնի է, որ Հայաստանի տարածքում տվյալների փոխանակմամբ, ներառյալ ինտերնետ ծառայությունների մատուցմամբ զբաղվող ընկերությունները հաճախակի էին բախվում «Արմենտելի» մենաշնորհի չարաշահումներին, ինչն արգելակում էր ոլորտի զարգացումը, ազդում մատուցվող ծառայությունների որակի եւ գնի վրա։ Այդ պատճառով Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդը 2002 թ.-ին դիմել էր ՀՀ կառավարությանըՙ խնդրելով հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ եւ «Լիցենզավորման մասին» օրենքում փոփոխություն կատարելովՙ պարզեցնել տվյալների փոխանակման ծառայությունների լիցենզավորման կարգը։ Միաժամանակ օրենսդրական փոփոխության այս պահանջը Հայաստանին տրվող SAC-V վարկի տրամադրման պայմանների մեջ ներառեց Համաշխարհային բանկը։ Թերեւս այս հանգամանքն էլ որոշիչ դարձավ տարիներ շարունակվող խնդրին լուծում տալու համար։

Այս տարվա հունվարից գործողության մեջ մտան նախորդ տարվա դեկտեմբերին Ազգային ժողովի ընդունած «Լիցենզավորման մասին» օրենքի փոփոխությունները։ Համաձայն դրանց, զգալիորեն պարզեցվեց լիցենզիայի տրամադրման կարգը։ Տրանսպորտի եւ կապի նախարարության կողմից մինչ այդ բարդացված ընթացակարգով տրվող լիցենզիան այժմ կտրամադրվի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության պարզեցված ընթացակարգով։ Նախկինում լիցենզիան պարտադրում էր տվյալների փոխանակման եւ ինտերնետ ելքի ծառայություններն «Արմենտելի» միջոցով մատուցել։ Եվ դա չնայած այն բանին, որ համաձայն թ. 60 լիցենզիայի, նման ծառայության մատուցման իրավունքն «Արմենտելին» էր տրվել ոչ բացառիկ իրավունքով։

Ներկայումս կարող ենք փաստել, որ այս ոլորտի զարգացման համար թեեւ ուշացումով, բայց կարեւորագույն քայլ է արվել։ Ինտերնետ ծառայություններ մատուցող ընկերություններն այսուհետեւ զերծ կլինեն գերատեսչական ճնշումներից եւ, որ ամենակարեւորն է, «Արմենտելի» կամայականություններից։ Նրանք կարող ենք տվյալների փոխանակման, միջազգային ելքի եւ ինտերնետի ծառայություններ մատուցել ինքնուրույն եւ հուսանք, որ ավելի էժան ու որակով։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4