«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#54, 2003-03-21 | #55, 2003-03-22 | #56, 2003-03-25


ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻ ՍԵՐՅՈԺԱ ԳԱԼՍՏՅԱՆԸ

490 հազար Իրաքի եւ 80 Քուվեյթի դինար գումարը առգրավվել է, փորձագետները չեն կարողանում պարզելՙ թղթադրամները իրակա՞ն են, թե՞ կեղծված

Մարտի 19 լույս 20-ի գիշերը Վրաստանի ՆԳՆ կաշառակերության եւ տնտեսական հանցագործությունների ծառայության Թբիլիսիի քաղաքային բաժանմունքի աշխատակիցները Իսանի-Սամգորի շրջանի բնակարաններից մեկում ձերբակալել են Հայաստանի Տավուշի մարզի Ներքին Կարմրաղբյուր գյուղի բնակիչ, 55-ամյա Սերյոժա Գալստյանին։ Առգրավվել է 490 հազար Իրաքի եւ 80 Քուվեյթի դինար գումարը։

Թբիլիսիի ՆԳ քաղաքային վարչության կաշառակերության եւ տնտեսական հանցագործությունների բաժնի պետի տեղակալ Ռեզո Սիխարուլիձեն «Ազգի» հետ զրույցում նշեց, որ Երեւան քաղաքում գրանցված Սերյոժա Գալստյանը Թբիլիսիումՙ ազգությամբ հայ ծանոթների բնակարանում ապրում է 2003 թ. հունվարի 1-ից։

Պրն Սիխարուլիձեն նշեց, որ քաղաքացի Գալստյանն իրավապահներին որեւէ դիմադրություն ցույց չի տվել, ընդհակառակը, երբ իրավապահները ներկայացել են եւ ծանուցել իրենց ժամանման նպատակը, Գալստյանը պարկով տնից հանել եւ ցույց է տվել Սադդամ Հուսեյնի դիմանկարով 2.950 հատ թղթադրամ, որը կազմում է 490 հազար Իրաքի դինար, եւս 80 Քուվեյթի դինար։

Ըստ Վրաստանի կենտրոնական բանկի փոխառության, 490 հազար դինարը հավասար է 167.170 ԱՄՆ դոլարի։

Սերյոժա Գալստյանը, ինչպես մեզ հետ զրույցում ասաց Ռեզո Սիխարուլիձեն, ցանկացել է Մոսկվայից ուղարկված գումարը Թբիլիսիում վաճառել շատ ավելի էժան գնով, քան կենտրոնական բանկի փոխարժեքն է։

ՀՀ ոստիկանության Երեւանի Մաշտոցի բաժանմունքից, ի պատասխան վրացի գործընկերների հարցումի, ստացվել է պատասխան, ըստ որի 2002 թ. դեկտեմբերի 31-ից Սերյոժա Գալստյանը գտնվում է հետախուզման մեջՙ հարկերից խուսափելու մեղադրանքով։ Պրն Սիխարուլիձեն մեզ ցույց տվեց ՀՀ-ից ստացված փաստաթղթերը (ֆաքսերը), վստահեցրեց, որ ձերբակալվածին կերակրում են, «ամեն ինչ նորմալ է»։

Ստացվում է, որ 2002 թ. դեկտեմբերի 31-ից հետախուզման մեջ գտնվող Ս. Գալստյանը հաջորդ օրըՙ 2003 թ. հունվարի 1-ին, արդեն հասցրել է անցնել Թբիլիսի։ Առայժմ պարզ չէՙ քաղաքացի Գալստյանն Իրաքի դինարը Հայաստանո՞ւմ է ստացել ու տեղափոխել Վրաստան, թե՞ Մոսկվայից անմիջապես Թբիլիսիում է ստացել։

Վրաստանի Կենտրոնական բանկում փորձագետները չեն կարողանում պարզելՙ առգրավված թղթադրամները իրակա՞ն են, թե՞ կեղծված։

Այս ամբողջ պատմության մեջ ուշագրավն այն է, որ վրացի իրավապահները, ովքեր օպերատիվ տեղեկատվություն են ստացել Ս. Գալստյանի բնակության վայրի մասին, նրան ձերբակալել են մարտի 19 լույս 20-ի գիշերը։ Ուշագրավ զուգադիպությունՙ վրացի իրավապահները Թբիլիսիում առգրավում են Հուսեյնի դիմանկարով 2.950 թղթադրամ, իսկ ամերիկացիները ռումբեր են նետում Հուսեյնի, Իրաքի վրա։

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Թբիլիսի


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4