«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#54, 2003-03-21 | #55, 2003-03-22 | #56, 2003-03-25


ԳԼԽԱՎՈՐ ԴԱՏԱԽԱԶԸ ՎՍՏԱՀ Է, ՈՐ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ ՁԵՐԲԱԿԱԼՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՅԻՆ ԲԱՎԱՐԱՐ ՀԻՄՔԵՐ

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանի սպանության գործով բոլոր անձանց, այդ թվում եւ «Հանրապետություն» ընդդիմադիր կուսակցության ղեկավարի եղբորՙ Արմեն Սարգսյանի, ձերբակալման համար բավարար հիմքեր կային։ Այդ մասին այսօր լրագրողներին հայտարարել է Հայաստանի գլխավոր դատախազ Արամ Թամազյանը։ Նա ասել է, որ այդ քրեական գործը գտնվում է պատշաճ դատախազական հսկողության ներքո։ Նախնական հետաքննության մարմինը ներկայումս հավաքում, ուսումնասիրում եւ համադրում է ապացույցները։ «Մենք պետք է լիարժեք եւ անաչառ հետաքննություն անցկացնենք այդ գործով», հայտարարել է գլխավոր դատախազը։

Արամ Թամազյանը նշել է, որ ներկայումս մեղադրյալների ներկայացուցչիների կողմից միջնորդություններ են ներկայացված ձերբակալված անձանց նկատմամբ խափանման միջոցները փոխելու համար։ Ընդսմին նա չի ճշտել նախնական հետաքննության մարմնի արձագանքն այդ միջնորդություններին։ «Ցանկացած միջնորդություն մենք քննության կառնենք, սակայն հնարավոր են տարբեր որոշումներ», նշել է գլխավոր դատախազը։ Նա հրաժարվել է մեկնաբանել Տիգրան Նաղդալյանի սպանության գործով նոր ձերբակալությունների հնարավորության մասին հարցը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4