«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#55, 2003-03-22 | #56, 2003-03-25 | #57, 2003-03-26


ԻՐԱՔՅԱՆ ԽՆԴՐԻ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ

Իրաքյան պատերազմի թեման այս օրերին առավել բուռն քննարկման նյութ է դառնում, քանզի ակնհայտ է անգլո-ամերիկյան գերհզոր ռազմական ուժերին իրաքյան անհամեմատ սակավաուժ զորքերի ցույց տված աննկուն դիմադրությունը։ Աշխարհի աչքերի առջեւ տեսանելի դարձավ Մ. Նահանգների կանխատեսած կայծակնային պատերազմի ձախողումը, որը երկարատեւ պատերազմի տագնապ է ազդարարում։ Նման պարագայում հասկանալի անհանգստություն են ցուցաբերում հատկապես մերձավորարեւելյան եւ կովկասյան տարածաշրջանի երկրները, այդ թվում Հայաստանը։ Լրատվամիջոցների կովկասյան ինստիտուտը երեկ կլոր սեղան էր կազմակերպելՙ քննարկելու իրաքյան արդի հակամարտության ազդեցությունը միջազգային հարաբերությունների վրա, մասնավորապես կովկասյան տարածաշրջանում եւ Հայաստանում։ Հիմնական ելույթ ունեցողները կովկասյան ինստիտուտի տնօրեն Վիգեն Չեթերյանը եւ արեւելագետ, Դամասկոսում Հայաստանի նախկին դեսպան Դավիթ Հովհաննիսյանն էին։ Առաջին բանախոսն անդրադարձավ մինչ ռազմական գործողությունների սկիզբը իրաքյան հիմնախնդրի ազդեցությանը միջազգային հարաբերությունների վրաՙ դիտարկելով անդրատլանտյան հարաբերությունների, Եվրամիության միասնականության եւ ապագա պատերազմների խնդիրները։

Նշելով Իրաքի դեմ պատերազմ սանձազերծելու հիմնական, կանխավ հայտնի դրդապատճառները, պրն Չեթերյանը առանձնացրեց նավթի գործոնը, որը թաքնված է Բուշի նշած պատճառների ենթատեքստում։ Միջազգային հանրությանը պատերազմի արդարացիության մեջ համոզելու վերջինիս անկարողությունը նույնպես, ըստ Չեթերյանի, պատերազմի ձախողումներից եւս մեկը կարելի է համարել։ Նրա կարծիքով, պատերազմի հետագա զարգացումների վրա կարեւոր ազդեցություն ունեն այն արժեքները, որոնք զարգանում են Արեւմուտքում եւ Եվրոպայում։ Թե Մ. Նահանգներն ապագայում ինչ դեր կխաղա միջազգային ասպարեզումՙ տրվում են մի շարք վերլուծություններ, որոնց մեջ առանձնանում է երկու տեսակետ, ըստ առաջինի Մ. Նահանգները գերակա դիրք կգրավի մնացյալ պետությունների շրջանում, իսկ մյուս տեսակետի համաձայնՙ Նահանգները կկորցնի իր ուժը եւ Ռուսաստանի, Չինաստանի եւ այլ պետությունների կողքին կդառնա համազոր պետություն։ Նա փաստեց, որ այս պատերազմի սկիզբը ցույց տվեց, որ Մ. Նահանգների հզորությունն ունի սահմաններ, որի վառ ապացույցն է այն, որ պատերազմն այսօր չի ընթանում այնպիսի հեշտությամբ, ինչպես ակնկալվում էր։ Այս պատերազմը նա համարեց ոչ լեգիտիմ, որը հետագայում դժվարություններ կառաջացնի տարբեր պետությունների միջեւ ծագած հակասությունների լուծման համար։

Երկրորդ բանախոսը համառոտ ներկայացրեց ներկա իրավիճակը, ապա խոսեց Իրաքում հայկական համայնքի եւ տարածաշրջանային այլ խնդիրների մասին։ Նրա համոզմամբ, պատերազմի երկարաձգումը խիստ բացասաբար կանդրադառնա հատկապես մեր տարածաշրջանի վրաՙ առանձնացնելով քրդական գործոնը։

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4