Երբ Թուրքիայի խորհրդարանն ամերիկացիներին արգելեց թուրքական ռազմական օդանավակայաններն օգտագործել Իրաքի դեմ մարտական թռիչքների նպատակով, իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թ. Էրդողանը հեռախոսազրույցում հանդես եկան ռազմական գործողություններն Իրաքի դեմ դադարեցնելու հորդորով, Վաշինգտոնը սկսեց գործնական հետաքրքրություն դրսեւորել Վրաստանի տարածքում գտնվող ռազմական օդանավակայանների նկատմամբ։
Նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն երեկ մամուլի ասուլիսում պատասխանելով «Սպասվո՞ւմ է կոալիցիոն ուժերի կողմից վրացական օդանավակայանների օգտագործումը» հարցին, ասաց. «Այդ մասին խոսակցություն ծավալելը դեռեւս վաղաժամ է, թեեւ մենք պետք է պատրաստ լինենք զարգացումների բոլոր տարբերակներին։ Ամերիկյան կողմն ուղղակիորեն մեզ չի դիմել։ Մենք ունենք օդանավակայաններ, որոնք կարող են ընդունել միջազգային չափանիշների թռիչքներ»։
Մինչդեռ շաբաթ օրը Թբիլիսիում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մայլսը Մառնեուլ քաղաքում հայտարարել էր, որ քննարկվում է կոալիցիոն ուժերի կողմից վրացական ռազմական օդանավակայաններն Իրաքի դեմ պատերազմում օգտագործելու հնարավորությունը։ Երեկ վրացական մամուլը, հղում անելով Վրաստանի պաշտպանության փոխնախարար Գելա Բեժուաշվիլուն, հաղորդեց, որ պաշտպանության նախարար Դավիթ Թեւզաձեն եւ դեսպան Ռ. Մայլսն արդեն մի քանի անգամ քննարկել են այդ հարցը։
«Ամերիկայի ռազմական փորձագետները երկու անգամ ժամանել են Քութայիսի մոտ գտնվող Կոպիտնարի ռազմական օդանավակայանՙ ուսումնասիրելու դրա հնարավորությունները հակաիրաքյան գործողություններում», երեկ հայտարարեց Իմերեթի երկրամասում Էդ. Շեւարդնաձեի լիազոր Թեյմուրազ Շաշիաշվիլին։
Հայաստանի հյուսիսային սահմաններից 30 կմ հեռավորության վրա գտնվող Մառնեուլի ռազմական օդանավակայանը, ըստ վրաց ռազմական փորձագետների, ցերեկային ժամերին կարող է ընդունել անգամ B-52 օդանավեր, որոնք այսօր ռազմական թռիչքներ են կատարում Պարսից ծոցի շրջանում։
Որոշ աշխատանքներ կատարելու դեպքում ամերիկյան օդուժին կարող է ծառայել նաեւ Թբիլիսիի մոտ գտնվող Վազիանիի ռազմական օդանավակայանը։
Ծայրահեղ անհրաժեշտության դեպքում ամերիկյան օդուժն օրվա ցանկացած ժամի կարող է շահագործել Թբիլիսիի քաղաքացիական օդանավակայանը։
Երեկ Ռոյթեր գործակալությունը, հղում անելով Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատան աղբյուրի, հաղորդեց, որ ԱՄՆ ԶՈւ-ի կենտրոնական շտաբումՙ Ֆլորիդայում են գտնվում Վրաստանի ՊՆ ներկայացուցիչներ, ովքեր ամերիկյան կողմի հետ վարում են բանակցություններ։
ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ, Թբիլիսի