«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#55, 2003-03-22 | #56, 2003-03-25 | #57, 2003-03-26


ՔՆՆԱՐԿՄԱՆ ՓՈՒԼՈՒՄ Է «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾԸ

Մարտի 25-ին ՀՀ նախագահի հրամանագրով գումարվեց ԱԺ արտահերթ նիստ, որի օրակարգում տեղ էին գտել երկու տասնյակից ավելի օրենքների նախագծերի քննարկումներ եւ մի շարք միջազգային պայմանագրերի վավերացումներ։

Ներկայացվածներից ուշագրավ է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի ընդունումը կարեւոր նշանակություն ունի երկրում ժողովրդավարության խորացման, մարդու իրավունքների եւ ազատությունների լիարժեք պաշտպանության ու իրացման համար։ Նախագիծը հնարավորություն է ստեղծում սկսելու ժողովրդավարական կարեւոր ինստիտուտներից մեկի ձեւավորումըՙ առանց սպասելու սահմանադրական փոփոխությունների ավարտին, նշեց ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը եւ ավելացրեց, որ դրանով պետք է ապահովվի կառույցի լիարժեք գործունեության երկու կարեւոր պայմանՙ մարդու իրավունքների պաշտպանի նշանակումն ԱԺ-ի կողմից եւ Սահմանադրական դատարան դիմելու պաշտպանի իրավունքը։ Օրենքի նախագիծը ներկայացնող պատգամավոր Վազգեն Խաչիկյանը նշեց, որ, ի տարբերություն գոյություն ունեցող միջազգային պրակտիկայի, մարդու իրավունքների պաշտպանը նշանակվում է խորհրդարանի կողմից։ Իսկ քանի որ ԱԺ-ն դեռեւս օժտված չէ այդ իրավասություններով, օրենքի անցումային դրույթներով նախատեսված է, որ մինչեւ սահմանադրական փոփոխությունները մարդու իրավունքների պաշտպանին նշանակում է հանրապետության նախագահըՙ խորհրդակցելով ԱԺ-ում ներկայացված խումբ-խմբակցությունների հետ։ Իսկ հետագայում նրանք կընտրվեն խորհրդարանի կողմից։ Օրենքի ընդունումը բացատրվում է այն պարտավորությունների ստանձնման եւ կատարման պահանջով, որ Հայաստանը ստանձնել է Եվրոպայի խորհրդին անդամակցելուց, եւ վերջնաժամկետը լրանում է մայիսի վերջին։

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4