«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#55, 2003-03-22 | #56, 2003-03-25 | #57, 2003-03-26


ՓԱԿՈՒՂԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿ

«Արարատը» պատրաստ է առաջնությանը մասնակցել, եթե...

Արդեն մեկ ամսից ավելի ֆուտբոլում բախումնային իրավիճակ է։ «Արարատին» ֆուտբոլի ՀՀ առաջնության եւ գավաթի մրցաշարից հանելու ֆեդերացիայի գործկոմի որոշումը մինչ օրս ուժի մեջ է ու խիստ մտահոգության տեղիք է տվել թիմի եւ ընդհանրապես հայկական ֆուտբոլի ճակատագրով անհանգստացող ֆուտբոլասերներին։ Ցավոք, այդպես էլ չի հաջողվում կողմերի միջեւ հաշտության եզրեր գտնել, երկխոսության միջոցով գտնել հարցի այնպիսի լուծում, որպեսզի չտուժի բոլորի կողմից սիրված «Արարատը», որն այս տարի նշում է երկու հոբելյանՙ թիմի անվանակոչության 40-ամյակը եւ ֆուտբոլի ԽՍՀՄ չեմպիոնի ու գավաթակրի կոչմանն արժանանալու 30-ամյակը։

Ըստ էության, ստեղծված իրավիճակի փոփոխությանը ոչնչով չնպաստեց նաեւ երեկ ժուռնալիստի տանը «Արարատ» ակումբի կազմակերպած հանդիպումը լրագրողների հետ։ Հանդիպմանը ներկա «Արարատ» ակումբի փոխնախագահ Գագիկ Գրիգորյանը, թիմի գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանն ու ակումբի փաստաբան Արթուր Գրիգորյանը լրագրողներին ներկայացրին իրենց տեսակետը ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի ընդունած որոշման վերաբերյալ։ Արկադի Անդրեասյանի հետ «Ազգի» մարտի 22-ի համարում տպագրված ընդարձակ հարցազրույցում հանգամանորեն արծարծված են «Արարատի» ղեկավարության տեսակետները, որոնք հնչեցին նաեւ մամուլի ասուլիսում, ուստի հարկ չկա կրկին անդրադառնալու դրանց։ Նշենք միայն, որ, ըստ փաստաբանի, իրավաբանական անձերի միություն հասարակական կազմակերպություն հանդիսացող ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի կանոնակարգի կետերը չէին կարող կիրառվել առեւտրային կարգավիճակ ունեցող «Արարատ» ՓԲԸ-ի վրա, առավել եւս, որ ակումբը ֆեդերացիայի հիմնադիր անդամ չէ։ Ըստ Արթուր Գրիգորյանի, հիմքեր կան տվյալ կանոնակարգի առանձին կետեր դատական կարգով չեղյալ համարելու համար։ «Արարատ» ակումբը դիմել է ՈՒԵՖԱ ու ՖԻՖԱ եւ սպասում է դրական պատասխանի։

Արկադի Անդրեասյանը նշեց, որ «Արարատը» շարունակում է ըստ ծրագրի նախապատրաստվել նոր մրցաշրջանին եւ պատրաստ է մասնակցելու առաջնությանը, եթե ֆեդերացիան վերանայի իր որոշումը։ Որպես կոնֆլիկտի հարթման առաջին քայլ «Արարատի» գլխավոր մարզիչը համարում է հավաքականին ֆուտբոլիստներ տրամադրելը, թեեւ ֆեդերացիան նրանց ազատ կարգավիճակ է շնորհել։ Ըստ Անդրեասյանի, այժմ բարի կամքի դրսեւորման հերթը ֆուտբոլի ֆեդերացիայինն է։ Իսկ ինչ վերաբերում է բանակցությունների սեղանի շուրջ նստելուն, ապա, ցավոք, երկու կողմերն էլ որեւէ քայլ այս ուղղությամբ չեն կատարում։ «Արարատի» ղեկավարությանը ֆեդերացիայի նախագահը հրապարակավ վիրավորել է, ուստի խոսք լինել չի կարող բանակցությունների մասին, իսկ ֆեդերացիան էլ դեմ է Արկադի Անդրեասյանի կամ Գագիկ Գրիգորյանի հետ երկխոսությանը, քանի որ նրանք որակազրկված են։ Փաստորեն, ստեղծվել է փակուղային իրավիճակ, որից դուրս գալ առայժմ չի հաջողվում։ Իսկ արդյունքում տուժում է հայկական ֆուտբոլը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4