«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#55, 2003-03-22 | #56, 2003-03-25 | #57, 2003-03-26


ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՆ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՎՏԱՆԳԸ ՌՄԲԱԿՈԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

Մարտի 22-ին «Ազգում» տպագրված «Երկրաշարժի վտանգ ռմբակոծություններից» հոդվածում հնչել են երկու տարբեր կարծիքներ այն հարցի շուրջ, թե Իրաքում իրականացվող ռմբակոծություններից հնարավոր են աննախադեպ երկրաշարժերՙ հաշվի առնելով նետվող ռումբերի հզորությունը։

Իմ զրուցակիցն է Հայկական սեյսմոլոգիական եւ երկրի ֆիզիկայի ընկերակցության նախագահ, դոկտոր, պրոֆեսոր Սերգեյ Բալասանյանը, որին էլ դիմեցիՙ պարզաբանելու, թե ինչո՞ւ են մասնագետները տարբեր կարծիքներ հայտնում։ Մի բան, որ այսօր մտահոգում է բոլորիս, եւ ի վերջո, գիտական վերլուծություններ կան այս հարցի շուրջ։

«Երկրաշարժերի հարուցումը տարբեր արտաքին, ֆիզիկական ազդեցությունների միջոցով հայտնի փաստ է, որը նկարագրված է թե՛ տարբեր գիտահետազոտական աշխատանքներում եւ թե՛ դասագրքերում։ Ինքնին հարուցված երկրաշարժերի փաստը, ներառյալ եւ ստորերկրյա պայթյունների միջոցով, անժխտելի է, որը գոյություն ունի եւ որով զբաղվում են առաջատար մասնագետները։ Նշեմ նաեւ, որ ե՛ւ կիրառական, ե՛ւ տեսական սեյսմոլոգիայում այդ փաստը մեծ հետաքրքրություն է առաջացրել»։

1994 թ. ՆԱՏՕ-ի հովանավորությամբ Մոսկվայում գումարվել է մեծ գիտաժողով, որտեղ ներկա են եղել տարբեր երկրների (ԱՄՆ, Չինաստան, Ճապոնիա, Ռուսաստան, Հայաստանիցՙ Սերգեյ Բալասանյանը) առաջատար մասնագետներ, որոնք զբաղվում են հարուցված երկրաշարժերով (ցանկացած երկրաշարժ, որն առաջացել է արտաքին որեւէ ֆիզիկական ազդեցությամբ), գիտական ամփոփ տեսակետներ ներկայացրին եւ եզրակացությունՙ երեւույթն անշուշտ գոյություն ունի տարբեր միջավայրերում, տարբեր պայմաններում, տարբեր հարուցողների կողմից կարող է արտահայտվել։ Այդ երեւույթը հայտնի է ու անժխտելի, նշեց պրն Բալասանյանը եւ թվեց մի քանի հայտնի գիտնականներիՙ պրոֆեսորներ Ռիչարդսի, Գոմբերգի, Հունգի (ԱՄՆ), ակադեմիկոսներ Ալեքսեյ Նիկոլաեւի, Միխայիլ Նեւսկու (Ռուսաստան) եւ պրոֆեսոր Զունգլիանգ Վուի (Չինաստան) անունները, որոնք մասնակցել ու տվել են այդ եզրակացությունը։ Իսկ իմ այն հարցին, թե հնարավո՞ր է, որ մեր տարածաշրջանում երկրաշարժեր հարուցվեն ռմբակոծումներից, ի պատասխան պրն Բալասանյանը ներկայացրեց իր վերլուծականըՙ Աֆղանստանում 2001 թ.-ին տեղի ունեցած ռմբակոծություններից առաջ եւ հետո գրանցված երկրաշարժերի աղյուսակի վերաբերյալ, ըստ որի մինչեւ ռմբակոծություններն այդ տարածքում գրանցվել էր մեկ երկրաշարժՙ 4,5 մագնիտուդով, ինչը հավասար է 5¬6 բալի, իսկ ռմբակոծություններից հետոՙ 7 երկրաշարժ. մի քանի ամսվա ընթացքում ե՛ւ Աֆղանստանում, ե՛ւ Տաջիկստանումՙ ավելի հզոր, քան Սպիտակի երկրաշարժն էր։

«Ես հնարավոր չեմ համարում, որ Իրաքի ռմբակոծությունների հետեւանքով առաջացած երկրաշարժերը լինեն պատահական զուգադիպություններ։ Խորը թափանցող ռմբակոծումները վտանգավոր են, քանի որ կարող են հարուցել ուժեղ երկրաշարժեր տարածաշրջանում։ Դա պնդում եմ եւ ես, եւ այլ երկրների առաջատար մասնագետ-սեյսմոլոգները»։

¬ Պրն Բալասանյան, ինչպիսի՞ քաղաքական ազդեցություն կարող է ունենալ հարուցված երկրաշարժը։

¬ Ընդհանրապես հարուցված երկրաշարժերը, ինչպես նաեւ սեյսմոլոգիայի այլ ոլորտներ, ունեն ոչ միայն գիտական, այլեւ քաղաքական նշանակություն։ Այս տեսակետից էլ պետք է հայտնենք մեր մտահոգությունը, որ ռմբակոծումների պատճառով կարող են հարուցվել ուժեղ երկրաշարժեր տարածաշրջանում։ Եթե մենք հակառակ թեզը պնդենք, ապա դա ամենեւին մեզ ձեռնտու չէ։ Նման թեզ կարող է տարածել միայն այն կողմը, որն իրականացնում է ռմբակոծումները, քանզի նա շահագրգռված է հանգստացնելու միջազգային հանրությանը, թե ոչ մի հետեւանք չկա։ Նույն տեսակետը չպետք է արտահայտեն այն երկրները, որոնք գտնվում են բարձր ռիսկի գոտում։ Եվ եթե տեղի ունենա ավերիչ երկրաշարժ, ապա մենք չենք ունենա ոչ մի իրավունք պահանջելու փոխհատուցում...

¬ Այս պարագայում Հայաստանը որքա՞ն է վտանգված։

¬ Հայաստանը Հյուսիսային Իրաքի սահմանից 300 կմ է հեռու, հետեւաբար բարձր ռիսկի գոտում է, եւ մենք պետք է անենք ամեն ինչՙ լինենք շատ զգոն, համապատասխան պետական կառույցները լինեն բարձր պատրաստվածության վիճակում, անընդհատ պետք է կատարվեն դիտարկումներ, վերլուծվի ընթացքի սեյսմիկ վտանգը,¬ նշեց պրն Բալասանյանը։¬ Երկրաշարժերի էպիկենտրոնը կարող է լինել Հայաստանը եւ ոչ թե Իրաքը, հաշվի առնելով, որ Հայաստանը սեյսմաակտիվ գոտում է, եւ մեր երկրակեղեւը նույնպես անչափ լարված վիճակում է։ Հենց դա է մտահոգությունս, որ նույնիսկ թույլ ազդեցությունը կարող է հարուցել երկրաշարժ։ Անպայման չէ, որ հարուցողն իր հզորությամբ լինի ավելի ուժեղ, քան երկրաշարժը, հարուցողը կարող է լինել շատ փոքր իր մեծությամբ, բայց դա լրիվ բավական է, որ լիցքաթափվի արդեն կուտակված եւ կրիտիկականին մոտ լարվածության հասած որեւէ օջախային գոտի, որը նշանակում է հարուցված սեյսմիկություն։

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4