«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#55, 2003-03-22 | #56, 2003-03-25 | #57, 2003-03-26


ՍԵՎ ԲԻԶՆԵՍԻ ՍՊԱՍԱՎՈՐՆԵՐԸ

«Կողքի սենյակում մի աղջիկ կախվեց, չդիմացավ։ Նրանք տարան դիակը եւ նրա սենյակում տեղավորեցին մի ուրիշ աղջկա։ Հաջորդ առավոտից նրա մոտ սկսեցին գալ հաճախորդները։ Իսկ մահացած աղջիկը կարծես երբեք չէր էլ եղել»։

«Սարսափելի է երեխաների վիճակը, նրանք շատ մեղք են, նրանց հետ ավելի վատ են վարվում, քան անասունների հետ կվարվեին։ Մինչդեռ նրանք կյանքում դեռ ոչինչ չեն տեսել»։

Սրանք այն եզակի խոստովանություններից են, որ լսվել է մարդկանց վաճառքի կամ ինչպես միջազգայնորեն ընդունված է ասելՙ թրաֆիքինգի զոհ դարձած մարդկանցից։ Թրաֆիքինգը նոր երեւույթ է քաղաքակիրթ ժամանակների համար։ Հայկական օրենսդրությունը այս առթիվ ոչ մի պատժաչափ չի նախատեսում։ Անցած տարի մեր իրավապահներին հաջողվեց բացահայտել 3 կավատների, ովքեր զբաղվում էին այս սեւ բիզնեսով։ Նրանք ապօրինի գործող կազմակերպությունների ներկայացուցիչներ էին։ Քանի որ համապատասխան օրենք չկար, այդ մարդիկ հանցանքին անհարիր խիստ համեստ պատիժ ստացանՙ երկուս ու կես տարվա ազատազրկում։

Արտերկրում լավ աշխատանքով ապահովելու սին խոստումներով մարդավաճառները կամ նույնիսկ կազմակերպված հանցագործ խմբերը մարդկանց ստրկության են դատապարտումՙ դարձնելով մարմնավաճառներ, շահագործելով, վաճառելով, շանտաժի ենթարկելով։ Հստակ ուսումնասիրություններ չկան, թե երեւույթը առավելապես ո՞ր երկրին է հատկանշական, քանի որ նոր հանցատեսակ է։ Մի բան միայն ակնհայտ էՙ մարդաորսը տարածված է անցումային բարդ ժամանակաշրջան ապրող պետություններում, որոնց կառավարությունները ժամանակ չունեն չարիքի դեմ պայքարելու։ Համենայն դեպս, թրաֆիքինգի տեսանելի մի բեւեռը Հարավարեւելյան Եվրոպայիՙ ելքի կամ տարանցիկ ուղի հանդիսացող երկրներն են։ ԵԱՀԿ փորձագետների համոզմամբ սա բավականին լուրջ խնդիր է նաեւ Հայաստանի համար, թեեւ մեր կառավարությունը երկար ժամանակ չէր ընդունում դրա հավանականությունը։ «Մարդկանց հարկադրական տեղափոխման, վաճառքի եւ շահագործման մասին» ԱՄՆ պետքարտուղարության ամենամյաՙ 2002 թ. զեկուցագրում Հայաստանը դասվում է երրորդ խմբի երկրների շարքում։ Դրանում ընդգրկված են այն պետությունները, որոնց իշխանությունները որեւէ քայլ չեն ձեռնարկում թրաֆիքինգի դեմ։ ԱՄՆ օրենսդրության համաձայն, 2003 թ. զեկուցագրի (դեռեւս չկազմված) տվյալների համապատասխան, երրորդ խմբում ընդգրկված երկրները ենթարկվելու են որոշակի պատժամիջոցների։ Օրենքի համաձայն ԱՄՆ-ը դադարեցնելու է մարդասիրական առաքելության եւ առեւտրի հետ կապ չունեցող օգնությունները, դեմ է լինելու Միջազգային արժույթի հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի կողմից այդ երկրներին ցուցաբերվող օգնություններին (բացի մարդասիրական, առեւտրի ու զարգացման հետ կապված օգնություններից)։ Գուցե նաեւ այս իրողության հետ հաշվի նստելով, ՀՀ կառավարությունում վարչապետի նախաձեռնությամբ ստեղծվեց միջգերատեսչական հանձնաժողով, որը զբաղվելու է թրաֆիքինգի պրոբլեմներով։ Դրանցով սկսել են զբաղվել նաեւ հասարակական կազմակերպություններըՙ սոցիոլոգիական հետազոտությունների, կանանց իրավունքների կենտրոնները, «Հույս» կազմակերպությունը։ Առայժմ սրանք բավարարվում են թրեյնինգներ կազմակերպելով։ Առաջնային եւ կարեւոր քայլը, սակայն, մեզ համար օրենսդրության մեջ անհրաժեշտ փոփոխությունների մատնանշումն է։ Առավել եւս այս պահին, երբ իրաքյան պատերազմը աշխարհը խառնել է իրար եւ խոցելի դարձրել նաեւ թրաֆիքինգի համար։

Խնդիրն այն է, որ թրաֆիքինգը նաեւ դժվար բացահայտելի ու հետազոտման ենթակա հանցագործություն է, քանի որ դրա զոհերը, սարսափելով, թե կրկին կարող են ընկնել իրենց դահիճների ձեռքը, խուսափում են պատմել իրենց հետ պատահածի մասին։ Հայտնի է, սակայն, որ գրեթե ամեն օր (սրանք փորձագետների դիտարկումներն են) Երեւանից միջին հաշվով 30 կին թռչում է Դուբայ ու Թուրքիա։ Դժվար է ասել, թե նրանցից քանի՞սն են նման իրավիճակում հայտնվում։ Մեծ մասամբ աշխատանք փնտրողներ են։ Ստեպ-ստեպ նրանց մասին Հայաստան տեղեկություններ են հասնում միգրացիայի միջազգային կազմակերպությունների գրասենյակների միջոցով, սուղ եւ մշուշապատ տեղեկություններ։

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ժողովրդավարության գծով խորհրդական Անդրեա Շտրասսեն պատմում է, որ անցած աշնանը ԵԱՀԿ փորձագետների մի խումբ մեկնել է այդ երկրները։ Նրանց հաջողվել է հանդիպել թրաֆիքինգի զոհ դարձած կանանց։ Թրաֆիքինգի հայաստանյան զոհերը հիմնականում, գրեթե օրինաչափորեն, ամուսնալուծված կանայք են, կան նաեւ չամուսնացածներ, ու ինչքան էլ սարսափելի է, երեխաներ։ Բացահայտվել են փաստեր, որ կանանց հետ երեխաներն էլ ենթարկվում են, այսպես ասած, սեռական շահագործման։ Առայժմ հայտնի չէ, թե առավել մեծ զանգվածով դրսում աշխատանք որոնող հայ տղամարդկանց մեջ կա՞ն, եղե՞լ են թրաֆիքինգի զոհեր։ Անդրեա Շտրասսեի դիտարկումներով, մեր իրականության մեջ թրաֆիքինգի լուրջ խթան է դառնում նաեւ ամուսնալուծված կանանց կարգավիճակը։ Նրանց նկատմամբ հասարակությունը անբարյացակամ է, նրանց չի ընդունում, եւ նրանք հեռանկար չեն տեսնում իրենց երկրում։

Այս մութ բիզնեսի սպասավորները սովորաբար գործում են նույն սցենարներով։ Առաջին քայլը զոհերի հավաքագրումն է։ Պատմում են, որ բուհական ուսանողության շրջանում անցած տարի հայտնվում էին կասկածելի վարքագծով կանայք եւ ամռան ամիսներին արտերկրում լավ աշխատանքի խոստումներ տալիս ուսանողուհիներին։ Մարդավաճառների հաջորդ քայլը սովորաբար լինում է կեղծ փաստաթղթերի պատրաստումը։ Դրանց միջոցով 13 կամ 14 տարեկան աղջնակին հաճախ ներկայացնում են 18 տարեկանի տեղՙ կոսմետիկ լրացումներ անելով, մազերը, շուրթերը ներկելով, սանրվածքը փոխելով։ Երրորդ քայլն արդեն սահմանի անցկացումն է ու ստրկության վաճառքը։

Իհարկե, միամտություն կլիներ կարծել, որ այսօր մարդիկ նույնքան դյուրահավատ են, ինչպես արտերկրի դարպասները նրանց առջեւ լայնորեն բացվելու առաջին տարիներին։

Սակայն սոցիալական խնդիրները լուծելու, դրսի աշխարհում լավ դրամ վաստակելու, առանց հոգսերի ապրելու երազանքը մշուշում է նրանց գիտակցությունը, եւ նրանք չեն ուզում մտածել հավանական վտանգների մասին։ Շատ դեպքեր են եղել, որ արդեն թակարդում, օրինակ, հասարակաց տանը հայտնված կինը ցանկացել է հայրենիք վերադառնալ, սակայն հարկադրանքի, սպառնալիքի կամ ուժի գործադրմամբ նրան ստիպել են շարունակել «աշխատանքը»։ Ինչպես նշեցինք, շատ երկրներում թրաֆիքինգը կազմավորված, ամուր ցանցեր ունի։ Թրաֆիքինգի հայաստանյան առանձնահատկությունն այն է, որ մարդիկ արտերկրում հայտնվում են աշխատանք առաջարկող կասկածելի գործակալությունների կամ պարզապես ծանոթ-անծանոթից լսած խոսակցությունների միջոցով։

Իհարկե, թրաֆիքինգը բացառելու միակ միջոցը զարգացած տնտեսությունն է։ Բայց քանի դեռ այդ խնդիրը լուծված չէ, ԵԱՀԿ-ն Հայաստանի համար առաջարկում է միկրոդրամաշնորհներով սնվող բիզնես ծրագրեր հատկապես կանանց համար։ Որ մնան ու աշխատեն Հայաստանում։ Առաջնային է համարվում նաեւ մարդկանց իրազեկումը։ Այդ նպատակով այսօր սեմինարների շարք է նախատեսվել նաեւ սահմանամերձ գյուղերի կանանց համար։ Հայաստանում թրաֆիքինգի հարցերով զբաղվում են նաեւ շուրջ 2 տասնյակ միջազգային կազմակերպություններ։ Մի մասըՙ սահմանամերձ գյուղերով, մի մասըՙ փախստականներով, մյուսներըՙ իրազեկման հարցերով։ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, բրիտանական դեսպանատների ներկայացուցիչները 2 ամիսը մեկ հանդիպումներ են կազմակերպումՙ ճշտելու աշխատանքների ընթացքը։

Ավստրիացի մարդավաճառի օգնականը երեւանցի հայուհի է եղել

Անդրեա Շտրասսեն ծնունդով ավստրիացի է, ապրում է Վիեննայում։ Նա պատմում է, որ թրաֆիքինգը բնորոշ է նաեւ իր երկրին։ Չեխիայի, Սլովակիայի սահմանային գծերից Ավստրիա է մտնում աշխատանք փնտրող մարդկանց մեծ հոսք։ Ավստրիական օրենսգիրքը արդեն տարբերակել է թրաֆիքինգը որպես խիստ վտանգավոր հանցատեսակ։ Այս առթիվ վերջին աղմկահարույց բացահայտումը եղավ նոյեմբերին։ Մարդավաճառը 50-ամյա, նախկին ճանաչված մարզիկ, օլիմպիական խաղերի չեմպիոն Վոլֆգանգ Շվարցն էր։ Նա մշտապես մեկնել է Ռուսաստան, Ուկրաինա եւ այնտեղից կենդանի «ապրանք» բերել Ավստրիա։ Շվարցը դատապարտվեց 7 տարվա ազատազրկման։ Այս պատմության մեջ մեզ համար արտառոցն այն է, որ Շվարցի օգնականը երեւանցի հայուհի է եղել, նրա հետ ճամփորդել էՙ թարգմանչուհու դեր կատարելով։ 30-ամյա այդ կինը, սակայն, դատավարությանը չի ներկայացել, նրան հաջողվել է անհետանալ։ Նրա գտնվելու վայրը հայտնի չէ, թեեւ չի բացառվում, որ այժմ Երեւանում է եւ շարունակում է իր սեւ բիզնեսը։

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4