«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#55, 2003-03-22 | #56, 2003-03-25 | #57, 2003-03-26


ԱՆԿԱՆԽԻԿ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿՄԵԾԱՆԱՆ

Հուլիսի 1-ից կգործի «Դրամարկղային գործառնությունների մասին» օրենքը

Կանխիկ-անկանխիկ շրջանառությունների հարաբերակցության հարցը զարգացած երկրներում վաղուց լուծված է հօգուտ վերջինիս։ Խոշոր գործարքներն ամբողջությամբ, իսկ ավելի փոքրերըՙ հիմնականում, տնտեսվարող սուբյեկտները կատարում են անկանխիկ վճարումներովՙ բանկային համակարգի միջոցով։ Հայաստանում պատկերն այլ է։ Տնտեսական գործունեություն իրականացնողները նախընտրում են կանխիկ վճարումները, ինչն ի թիվս բազմաթիվ այլ գործոնների, պայմանավորված էր նաեւ համապատասխան օրենսդրական դաշտի բացակայությամբ։ Այս տարվա փետրվարին Ազգային ժողովի ընդունած «Դրամարկղային գործառնությունների մասին» օրենքը կոչված է կարգավորելու այս հարցը եւս։

Կանխիկ վճարումների սահմանափակումներն ամրագրված են օրենքի 6-րդ հոդվածով։ Ինչպես տեղեկացանք ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Խաչատրյանից, նախատեսված է անցումային շրջան։ Այսպես, այս տարվա հուլիսի 1-ից, երբ օրենքը կսկսի գործել, մեկ կանխիկ գործարքի առավելագույն սահմանը կլինի 500 հազար դրամը, իսկ ամսականըՙ 5 մլն դրամը։ 2004 թ.-ի հունվարի 1-ից այս չափերը նվազում են, այսինքնՙ սահմանափակումներն ավելանում։ Մեկ կանխիկ գործարքի համար 300 հազար դրամ, ամսականՙ 3 մլն դրամ։ Եվ վերջապես 2005 թ.-ից մեկ կանխիկ գործարքի առավելագույն չափը կլինի 100 հազար դրամը, ամսականՙ 1 մլն դրամ։ Նախնական տարբերակում նախատեսվում էր միանգամից անցնել 2005 թ.-ից նախատեսվող չափին, բայց ամրագրվեց անցումային շրջանը։ Դա, փոխնախարարի հավաստմամբ, ձեռք բերվեց գործարարների շահերը ներկայացնող կազմակերպություններիՙ Վաճառականների միության ու Հաշվապահների եւ աուդիտորների ընկերակցության ներկայացուցիչների համատեղ քննարկումներով։

Այդուհանդերձ, հասկանալի է, որ տնտեսվարող սուբյեկտներն այս օրենքն առանձնակի խանդավառությամբ չեն ընդունի։ Տիգրան Խաչատրյանն ընդունում է, որ նրանց համար այս սահմանափակումները որոշակի դժվարություններ կառաջացնեն։ Սակայն այս օրենքը ենթադրում է մրցակցային դաշտի բարելավում։ Եթե որոշ սուբյեկտներ կանխիկ գործառնություններով ստվերային գործունեություն էին ծավալում եւ հայտնվում արտոնյալ վիճակում, ապա այդ հնարավորություններն այսուհետեւ սահմանափակվում են։ Բացի այդ, կան ծախսեր, որոնք որեւէ կերպ չեն սահմանափակվում։ Դրանք աշխատավարձերն են, աշխատավարձերին հավասարեցված վճարումները, գործուղման վճարները, ֆիզիկական անձանց հետ կնքված պայմանագրերի համաձայն մատուցվող ծառայությունների դիմաց վճարումները։ Օրինակՙ գյուղմթերքների գնումների ժամանակ ձեռնարկությունների համար կանխիկի սահմանափակում չկա։ Կանխիկի սահմանափակում չկա նաեւ եկամուտներ ստանալիս։ Այն վերաբերում է միայն ծախսերին։

Այս օրենքը, բնականաբար, շոշափում է նաեւ բանկային համակարգի շահերը։ Պատրա՞ստ են արդյոք մեր բանկերն անկանխիկ շրջանառության ծավալների մեծացման դեպքում սպասարկելու այդ հոսքերը։ Ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարարի կարծիքով, այստեղ որեւէ բարդություն չկա։ Բանկերը պատրաստ են սպասարկել այդ գործարքները։ Բանկային համակարգն էապես առողջացած է անցյալ տարվա ընթացքում մի շարք անառողջ բանկերի ասպարեզից վերանալուց հետո։ Տիգրան Խաչատրյանն ընդգծեց, որ օրենքը գործելուց հետո մեզ մոտ անկանխիկ տեսակարար կշիռը կավելանա, բայց դժվարացավ նշել, թե ինչ չափերով։

Կանխիկ շրջանառությունը փաստորեն նշանակում է ստվերային գործունեության համար լայն դաշտ։ Դրա սահմանափակումն ինչպե՞ս կազդի ստվերի վրաՙ հարցին մեր զրուցակիցը պատասխանեց, որ ուղղակի ազդեցություն չի լինի, բայց օրենքը նպաստող գործոն կարող է լինել ստվերային տնտեսության նվազման համար։ Ի դեպ, օրենքի կատարման հսկողությունը դրվելու է հարկային մարմինների վրա։ Հնարավոր խախտումների համար նախատեսված են տուգանքներ։ Եթե կանխիկի սահմանափակումը խախտվում է, ապա առաջին անգամ տնտեսվարող սուբյեկտը տուգանվում է սահմանափակումը գերազանցող գումարի 5 տոկոսի, երկրորդ անգամՙ 10 տոկոսի չափով։

Վերադառնալով տնտեսվարող սուբյեկտներին, փոխնախարարին հարց ուղղեցինք, թե դրանցից որո՞նք կընդգրկվեն այս օրենքի դաշտ եւ շրջանառության նվազագույն շեմ նախատեսվա՞ծ է։ Տիգրան Խաչատրյանի կարծիքով, այդ շեմը, փաստորեն, անուղղակի նախատեսված է։ Եթե տնտեսվարող սուբյեկտն ամսական մինչեւ 5 մլն դրամ կանխիկ գնումներ կարող է իրականացնել, ապա կարող է նաեւ մնացած գնումներն անկանխիկ իրականացնել։ Սկզբնական շրջանում փոքր օբյեկտների վրա օրենքը չի ազդի։ Սակայն սկսած 2005 թ.-ից բոլորը գնալու են անկանխիկ շրջանառության ավելացմանը։

Վերջում կարող ենք փաստել, որ այս օրենքի անհրաժեշտությունն իսկապես զգացվում էր, հատկապես եթե նկատի ունենանք, որ Կենտրոնական բանկի իրավասություններից այդ հարաբերությունների կարգավորման հարցը դուրս էր եկել եւ օրենսդրական բաց էր առաջացել։

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4