«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#55, 2003-03-22 | #56, 2003-03-25 | #57, 2003-03-26


«ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ» ԿԵՆՏՐՈՆԸՙ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐՈՒՄ

Rotary Clubs Gift-of-life (GOL) ծրագիրը, Medical Outreach for Armenians Ins. (MO) կազմակերպությունը, The Palestine Children՛s Relief ֆոնդը (PCRF), Երեւանի Նորք-Մարաշ բժշկական կենտրոնի հետ համատեղ ստեղծել եւ իրականացնում են շատ ինքնատիպ եւ անհրաժեշտ ծրագիր։ Արդեն ձեւավորված համագործակցության եւ փոխադարձ հրավերների շնորհիվ ծրագրի առաջին փուլը մեկնարկել էՙ բավական օգտակար արդյունքներ արձանագրելով։ Նորք-Մարաշ կենտրոնի մանկական սրտաբան Կարեն Քուրդովը վերջերս Պաղեստին կատարած այցի շրջանակներում մտադիր էր անմիջական աշխատանքային հարաբերություններ հաստատել Պաղեստինում գործող մանկական առողջապահական կառույցների հետ։ Կարեն Քուրդովի Պաղեստին կատարած այցի առաջնային նպատակը սրտի հիվանդությամբ տառապող եւ վիրահատության ենթակա չքավոր պաղեստինցի երեխաներին բարեգործական հիմունքներով վիրահատելն էր։ Տեղում հայաստանցի սրտաբանը հետազոտություն է կատարել եւ ընտրել է առաջին 5 երեխաներին, որոնց վիրահատությունը կկատարվի Երեւանի «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում։ Առաջիկա շաբաթում նրանցից երկուսը կգան Հայաստան։ Պաղեստինցի երեխաների բուժման ֆինանսական խնդիրները կհոգան Համաշխարհային սրտի հիմնադրամի համագործակից անդամներՙ MO եւ PCRF կազմակերպությունները, որոնք նվիրագրված են իրականացնելու չքավորների սրտաբուժության միջազգային բարեգործական ծրագիրը։

ՆՄԲԿ մանկական սրտաբանական կլինիկան, որ մանկական սրտային հիվանդությունների ախտորոշման եւ բուժման մասնագիտացված բաժանմունք է, կոչված է իրականացնելու Հայաստանի եւ հարեւան երկրների սրտի արատ ունեցող երեխաների առողջապահական կարիքների բավարարումը։ Մինչեւ 8 տարեկան հայաստանցի բոլոր երեխաները կենտրոնում վիրահատվում, իսկ մինչեւ 16 տարեկանները հետազոտվում են անվճար։ Կենտրոնը հագեցած է բժշկական արդիական սարքավորումներով, մասնագետների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ եւ համապատասխան ֆինանսավորման դեպքում հնարավորություն ունի տարեկան հետազոտելու 1000 եւ վիրահատելու 250 արտասահմանցի հիվանդ երեխայի։ Իր հիմնադրումից ցայսօր ՆՄԲԿ-ն կատարել է ավելի քան 4000 վիրահատություններ եւ հետազոտել ավելի քան 45.000 հիվանդների։ Կենտրոնում արդեն 4 տարի գործող միջազգային ծրագրերի ծառայությունը հոգատար եւ խնամքոտ աշխատանքներ է կատարումՙ թեթեւացնելու բուժվող արտասահմանցի հիվանդների եւ նրանց ընտանիքների հոգսերը։ Ծառայությունը կազմակերպում է նախնական խորհրդակցություններ հիվանդության վերաբերյալ, ինչպես նաեւ հիվանդների ժամանումը եւ ճանապարհումը, օգնում է հիվանդներիՙ Հայաստանում հաղորդակցմանը։

Մ. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4