«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#55, 2003-03-22 | #56, 2003-03-25 | #57, 2003-03-26


ԿԱՐԵՎՈՐՎՈՒՄ Է ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԳՈՐԾՈՒՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ՍՏԵՂԾՈՒՄԸ

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ։ «Հայաստանում անհրաժեշտ է ձեւավորել փողերի լվացման դեմ պայքարի գործուն մեխանիզմներ, բացի այդ, ակտիվ միջազգային համագործակցություն հաստատել ինչպես աշխատանքային, այնպես էլ դատաիրավական մակարդակով»,- հայտարարեց ՄԱԿ-ի փորձագետ Դոլգոր Սոլոնգոն մարտի 24-25-ը Երեւանում տեղի ունեցած փողերի լվացման եւ ահաբեկչության դեմ պայքարի համաժողովի արդյունքների ամփոփմանը նվիրված ասուլիսում։

Ասուլիսին մասնակցող ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ փորձագետները նշեցին, որ Հայաստանում անհրաժեշտ է փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարին ուղղված համընդգրկուն օրենսդրության ընդունում։ Նշվեց նաեւ, որ պետք է ամրապնդել համակարգումը եւ տեղեկատվության փոխանակումը իրավապահ մարմինների եւ ֆինանսական վերահսկողության մարմինների միջեւ, ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի միջազգային ստանդարտները։

ԵԱՀԿ ներկայացուցիչ Մարկ Բարտեսն անհրաժեշտ է համարում, որպեսզի ստեղծվի փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարով զբաղվող ֆինանսական հետազոտությունների ստորաբաժանում։ Ըստ նրա, հաշվի առնելով փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարում ներգրավված մարդկանց մասնագիտական բարձր որակավորման եւ բարձրորակ տեխնիկական միջոցների առկայության կարեւորությունը, անհրաժեշտ է կազմակերպել համապատասխան ոլորտի մասնագետների դասընթացներ եւ ցուցաբերել տեխնիկական օժանդակություն համապատասխան մարմիններին։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4