«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#55, 2003-03-22 | #56, 2003-03-25 | #57, 2003-03-26


ՕՐԱԹԵՐԹԸ ՎԿԱՅԱԿՈՉՈՒՄՆԵՐ Է ԱՆՈՒՄ

Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում նախորդ նիստի հարց ու պահանջի տրամաբանությանը հավատարիմ շարունակվեց ՀՀ Կենտրոնական բանկի հայցի քննությունը «Առավոտ» օրաթերթի դեմ։ Օրաթերթի շահերի ներկայացուցիչ Արա Զոհրաբյանը կրկին իրավական հիմնավորումներ պահանջեց հերքման տեքստում ներկայացված նոր արտահայտությունների վերաբերյալ։ ԿԲ-ի ներկայացուցիչը հրաժարվեց պատասխանել այն հարցերին, որոնք արծարծվել են նախորդ նիստում։

Հարց ու պատասխանները շարունակեցին նույն պտույտներն անել հերքման կետերի շուրջ։ ԿԲ-ի ներկայացուցիչ Արմեն Ումրշատյանը նշեց, որ Զոհրաբյանն անընդհատ ձգձգում է ապացույցների ներկայացումը։ Այնուամենայնիվ, կրկին բացատրեց հերքման առաջին դրույթը։ «Ի՞նչ արժե վարչության պետի պաշտոնը ԿԲ-ում» արտահայտությունը (հոդվածի վերնագիրն է) հայցվոր կողմը դիտարկում է իբրեւ այդ պաշտոնը վաճառքի առարկա ներկայացնող բաց ակնարկ։ Բողոքը վերաբերում է միայն իրենց իրավունքները ոտնահարող վերնագրին, այլ ոչ հոդվածի բովանդակությանը։

Դատավարության միապաղաղ ընթացքն ընդհատեց «Առավոտի» շահերի ներկայացուցչի հայտարարությունը, որ «Ի՞նչ արժե վարչության պետի պաշտոնը ԿԲ-ում» հոդվածը տպագրվել է «Կրեդիտ-սերվիզ» բանկի նախկին իրավախորհրդատու Բորիս Առաքելյանի հայտարարության հիման վրա։ ԿԲ-ի ներկայացուցիչը ժխտեց փաստարկըՙ նման հայտարարություն չի եղել, հարցը քննվել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից, եւ կարիք լինելու դեպքում իրենք վերջնական գնահատական կներկայացնեն։

Իսկ եթե «Առավոտը» ներկայացնի Բորիս Առաքելյանի հայտարարության տեքստը, ԿԲ-ն կհրաժարվի՞ հերքման առաջին պահանջից։ ԿԲ-ի ներկայացուցիչը պահանջեց հիշյալ հայտարարության բնօրինակը, նաեւ հայտարարության հեղինակ Բորիս Առաքելյանի ներկայության ապահովումը դատական նիստին։ Պատասխանող կողմը խոստացավ ներկայացնել բնօրինակը, սակայն ֆիզիկական անձին իբրեւ ապացույց, ըստ օրենքի, չի կարելի կանչել դատարան։ Արա Զոհրաբյանը միջնորդեց Բորիս Առաքելյանին իբրեւ վկա դատարան բերելու վերաբերյալ։ Միջնորդությունն ընդունվեց, եւ նա դատավորին փոխանցեց նրա հասցեն։ «Առավոտի» մյուս վկայակոչումը վերաբերում էր հերքման տեքստի 3-րդ կետին։ Ըստ օրաթերթի շահերի ներկայացուցչի, ԿԲ վերահսկողական վարչության նախկին պետ Արտաշես Դավթյանիՙ պաշտոնանկ լինելուց հետո էլ ծառայողական մեքենայից օգտվելու տեղեկատվությունը իրենց հայտնել է Տիգրան Զալինյանը։ Նրան եւս դատարան հրավիրելու անհրաժեշտություն կա։

Այնուհետեւ մի շարք առարկություններ ու հիմնավորումներ ներկայացնելուց հետո պատասխանող կողմն անցավ գրավոր ապացույցներին։ Արմեն Ումրշատյանն անսպասելիորեն առաջարկեց բավարարվել միայն այդ պահին ներկայացված փաստաթղթերով, որոնք պատճեններն էին։ «Առավոտի» շահերի ներկայացուցիչը պնդեց փաստաթղթերի բնօրինակները ներկայացնելու եւ վկաներին հարցաքննելու անհրաժեշտությունը, քանի որ դրա վերաբերյալ որոշումն արդեն կար։ Դատարանը որոշեց համապատասխան բովանդակության ծանուցագրեր ուղարկել վկաներին եւ դատական ակտերի հարկադիր կատարման մարմնին, որին պիտի հանձնվեին փաստաթղթերի բնօրինակները։

Դատավարությունը կշարունակվի այսօր, ժամը 11-ին։

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4