«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#56, 2003-03-25 | #57, 2003-03-26 | #58, 2003-03-27


ՀԻՆ ՋՈՒՂԱՅՈՒՄ ՀՐԵՇԱՎՈՐ ԿԵՐՊՈՎ ՈՉՆՉԱՑՐԵԼ ԵՆ ՀԱՅԿԱԿԱՆ 10 ՀԱԶԱՐ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամբողջ 20-րդ դարում, հատկապեսՙ դարավերջին, եւ 21-րդ դարասկզբին ամբողջովին ոչնչացվել են Նախիջեւանում գտնվող Հին Ջուղայի (Ադրբեջանի անվանական նենգափոխմամբՙ Ջուլֆա) հայկական գերեզմանատան 10 հազար հուշարձանները, որոնք մաս են կազմում համաշխարհային մշակութային արժեքների։ Այս մասին խոսվեց մարտի 26-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայում կայացած «Հին Ջուղա. կորուսյալ գանձեր» գիտաժողովում, որը նախաձեռնել էին Հայաստանի մի շարք կազմակերպություններ։ Բացման եւ ողջույնի խոսքերով հանդես եկան գերաշնորհ տեր Ներսես արքեպիսկոպոս Պոզապալյանը, Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճյանը, ՀՀ ԳԱԱ փոխնախագահ Վլադիմիր Բարխուդարյանը, ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը։

Զեկուցումներով հանդես եկան եւ մտքերի փոխանակությանը մասնակցեցին ճանաչված պատմաբաններ, արվեստաբաններ, ազգագրագետներ, ճարտարապետներ Հայաստանից, դոկտոր Արմեն Հախնազարյանը (Գերմանիա), որոնք բազմակողմանի տեսանկյուններից արծարծեցին խնդիրը, միահամուռ պնդելով, որ հուշարձանների բնաջնջումն Ադրբեջանի քաղաքականության մասն է կազմում։

Գիտաժողովի մասնակիցներն ընդունեցին հայտարարություն, որում մասնավորապես ասված է, որ չնայած հայաստանյան պետական եւ հասարակական, ինչպես նաեւ տարբեր միջազգային պետական կազմակերպությունների, այդ թվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ահազանգումներին, 2002 թ. տարեվերջից հայ քրիստոնյա մշակույթի հուշարձանների ոչնչացումը վերսկսվել է ավելի հրեշավոր չափերով։

Գիտաժողովի մասնակիցները դիմեցին ՀՀ կառավարությանը, Արտաքին գործերի նախարարությանը, աշխարհի երկրներում գործող ՀՀ դիվանագիտական առաքելություններինՙ միջազգային օրենքների եւ օրինականության սահմաններում ձեռնարկել հնարավոր բոլոր քայլերը դատապարտելու եւ կասեցնելու Ջուղայի հուշարձանախմբի վերջնական ոչնչացումը։


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4