Էկոլոգիական աղետի սպառնալիքն առավել իրական է քիմիական ու կենսաբանական զենքի կիրառման դեպքում
Մթնոլորտում թունավոր նյութերի հայտնվելը, անկախ այն հանգամանքիցՙ ռմբակոծումների, հրկիզումների, քիմիական թե ատոմային զենքի կիրառման հետեւանք է, առաջնային խնդիր է նաեւ օդերեւութաբանների համար։ Այդ նրանց գործն է կանխատեսել ու հրապարակել աղտոտված օդային զանգվածների տարածման ուղիները։
Հենց որ սկսվեց իրաքյան պատերազմը, հայ հիդրոօդերեւութաբաններն անմիջապես կապվեցին Օբնինսկում գտնվող «Թայֆուն» տարածաշրջանային կենտրոնի հետ։ Այն գործում է Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպության ֆինանսավորմամբ եւ գիտական հատուկ մոդելների միջոցով հաշվարկներ է իրականացնում, թե տարածաշրջանի այս կամ այն հատվածում ինչպես են տեղափոխվում օդային զանգվածները, տվյալ դեպքումՙ աղտոտված հոսանքները։ «Թայֆունը» Ռուսաստանի հիդրոօդերեւութաբանության եւ շրջակա միջավայրի ֆեդերալ ծառայության 27 ինստիտուտներից մեկն է եւ սպասարկում է ԱՊՀ բոլոր երկրներին։ 2 օր առաջ «Թայֆունից» ստացվեցին առաջին հաշվարկների ու կանխատեսումների արդյունքները։ Կոնկրետ, օրինակ, մարտի 23-ի համարՙ թե օրվա սկզբին, հետոՙ 12 ժամ անց ինչպես են տարածվել արտանետումները ոչ միայն Բաղդադից, Բասրայից, այլեւ Մոսուլից, որն ավելի իրական վտանգ է։ Այս քաղաքը ավելի մոտ է մեզ եւ դեպի Անդրկովկաս ու Հայաստան հիմնական օդային զանգվածների «երթուղիների» հենց ներքեւում է։ Կանխատեսումներն իրականացվել են տարբեր մակարդակների համարՙ օդի գետնամերձ շերտերում, դրանից 500, 1500, 3000 մ բարձրությունների վրա։ Հիդրոօդերեւութաբանության եւ շրջակա միջավայրի մոնիտորինգի գործակալության պետ Գենադի Կոջոյանի հավաստմամբ, Հայաստանի վրա նավթահորերի հրկիզումները գործնականում ոչ մի էական ազդեցություն չեն գործել, թեեւ մարտի 23-ին մի քանի ժամ շարունակ օդային հոսանքները Մոսուլ քաղաքից տեղափոխվել են Հայաստանի սահմանների եզրերով։ «Իհարկե, նավթահորերի այրման հետեւանքով մեծաքանակ արտանետումներ լինում են, բայց դրանց տարածման ու Հայաստան հասնելու վտանգը չափազանցված է։ «Կոնկրետ Մոսուլ քաղաքից (որը մեզնից 500 կմ է հեռու) թունավոր նյութերը մինչեւ հասնեն մեզ կամ ԱՊՀ երկրներ, դրանց խտությունը մի քանի հազար անգամ կպակասի։ Հատկապես եթե անձրեւներ են լինում կամ ձյուն, թունավոր մասնիկներով օդը պիտի նստի տեղանքի գետնամերձ շերտերում եւ տեղաշարժվելու, առավել եւս Հայաստանին վնասելու հավանականությունը կփոքրանա», ասում է Գ. Կոջոյանը։ Հետաքրքրական է, որ հենց այդ նյութերն անձրեւների առաջացման կատալիզատորի, խթանիչի որոշակի դեր են կատարում։
Ե՛վ ԱՊՀ երկրների, ե՛ւ Հայաստանի հիդրոօդերեւութաբանների մտավախությունն այլ է։ Իրական վտանգ ներկայացնում են ոչ թե նավթահորերի հրկիզումները, այլ քիմիական ու կենսաբանական զինատեսակների օգտագործումը։ Թե ինչ ուղղությամբ են տեղաշարժվելու օդային զանգվածներն առաջիկայում, եւ ինչ ուղղությամբ է հնարավոր թունավոր նյութերի տարածումը, այդպիսի կանխատեսումներ օդերեւութաբանները հիմա էլ, հետո էլ ունենալու են։ Առավել կարեւոր խնդրիՙ դրանց ազդեցության ծավալների վերաբերյալ դատողություններ անելու համար նախՙ պետք է արտանետումների չափերի ու խտության տվյալներ ունենալ, որպեսզի հնարավոր լինի պարզել, թե նոսրացման ինչ աստիճանով դրանք կհասնեն Հայաստան կամ շրջակայքը։ Աշխարհագրական այն տարածքը, որտեղ տեղավորված են Իրաքն ու Հայաստանը, թունավոր հոսանքների տարածումից կարող են պաշտպանել սարերն ու լեռնաշղթաները։ Իհարկե, առաջին հերթին գետնամերձ շերտերում թափառող հոսանքներից, իսկ մթնոլորտի բարձր շերտերում, բնականաբար, լեռների ու սարերի գործոնն էական չէ։
Հողի, օդի, ջրի, բույսերի ու կենդանիների, մարդու առողջության վրա թունավոր նյութերի բացասական ներգործության ծավալները մեծապես կախված են նաեւ քիմիական կամ կենսաբանական զենքի տեսակներից։ Այս տեղեկությունը կարեւոր է նախ եւ առաջ մասնագետների համար, որպեսզի իմանան ինչպես պայքարել աղետի դեպքում եւ առավել կարեւոր էՙ կանխարգելիչ ինչ միջոցառումներ ձեռնարկել։ Սակայն, դժբախտաբար, պատերազմական իրավիճակներում գուշակություններ ու հստակ կանխատեսումներ անել հնարավոր չէ, եւ միակ լուծումը բոլոր հնարավոր ու հավանական տարբերակներին պատրաստ լինելն է։
Այս օրերին հիդրոօդերեւութաբանության եւ շրջակա միջավայրի մոնիտորինգի գործակալությունն ակտիվորեն համագործակցում է ՀՀ արտակարգ իրավիճակների վարչության օպերատիվ շտաբի հետ։ Ուսումնասիրությունների, վերլուծությունների ու կանխատեսումների արդյունքներն, ըստ պայմանավորվածության, անմիջապես տրամադրվելու են այդ կառույցին։ Այսինքնՙ առայժմ փորձ է արվում լուծելու ինֆորմացիայի հստակ ու օպերատիվ փոխանակման խնդիրը։
Գործակալության պետի հետ փորձեցի պարզաբանել մի խնդիր էլ, որ վերջին տարիներին մոլորակի էկոլոգների համընդհանուր մտահոգությունն է դարձել։ Ի՞նչ ազդեցություն կունենան պատերազմական այս գործողությունները մթնոլորտի առանց այդ էլ չարչրկված օզոնային շերտի վրա։ Հարաբերականորեն նպաստավոր վիճակում, երբ չկան կամ նվազագույն են վնասող նյութերը, օզոնային շերտը մշտապես ե՛ւ քայքայման, ե՛ւ ինքնավերականգնման մեջ է։ Հավասարակշռությունը խախտում է վտանգավոր նյութերի հայտնվելը մթնոլորտում։ Իհարկե, ոչ բոլոր նյութերն են քայքայիչ ներգործություն ունենում օզոնի վրա եւ մեծացնում դրա ճեղքերը։ Բայց ոչ ոք չի կարող ասել, թե թունավոր արտանետումներում ինչ քանակ կկազմեն դրանք եւ, ըստ այդմ, ինչ կմտցնեն օզոնային շերտի քայքայման համընդհանուր գործընթացի մեջ։
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ