«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#56, 2003-03-25 | #57, 2003-03-26 | #58, 2003-03-27


ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՆՑ... ՀԱՆԳՈՒՑՅԱԼԻ

Զանգվածային լրատվության օրենքով լրագրողները չե՞ն պաշտպանվելու

Հոդված 8, կետ 3. «Արգելվում է այն անձանցից ստացված տեղեկատվության տարածումը, որն ակնկալվում է, որ գտնվում է անորոշ անձանց տեսադաշտից դուրս, լսելի չէ նրանց համար ձեռնարկել է բավարար միջոցներ, բացառությամբ այն դեպքերի, երբ. ա) այդ տեղեկատվությունը ձեռք է բերված օրենքով սահմանված կարգով, բ) անորոշ անձանց տեսադաշտից դուրս լինելու կամ նրանց համար ձեռնարկված միջոցներն ակնհայտորեն անբավարար են, գ) նման տեղեկատվության տարածումն անհրաժեշտ է հանրային շահերի պաշտպանության համար»։

Եթե որեւէ մեկը հասկացավ խորհրդարանում այժմ քննարկվող «Զանգվածային լրատվության մասին» օրենքի այդ հոդվածի բովանդակությունը, ապա կարելի է այն ներկայացնող արդարադատության փոխնախարար Աշոտ Աբովյանին նույնիսկ ողջունել։ Բայց քանի որ վստահաբար ոչ ոք ոչինչ չի հասկանալու, բացատրենք որքան հնարավոր է, հենց իրՙ Աշոտ Աբովյանի մեկնաբանությամբ. «Երբեմն կարող են հասարակության շահերն առնչվել մի այնպիսի հանցագործության, որի բացահայտման հետ կապված լրատվամիջոցում եղած հրապարակումն ի վերջո հարուցված քրեական գործի առիթով այդ շահը ճանաչվի ավելի բարձր, որպեսզի լրատվության աղբյուրները հայտնի լինեն։ Այս խնդիրն ակնհայտորեն դատական գնահատմամբ պետք է լինի, եւ միայն դատարանի որոշմամբ քրեական գործով կարող է նման պարտադրանք հնչել»։ Կարճ ասածՙ այս հոդվածն այն մասին է, որ հանրային շահերին հարվածելու մեղադրանքով կարող են ցանկացած պահի քրեական գործ հարուցել եւ լրագրողին ստիպել բացահայտել իր լրատվության աղբյուրը, որի գաղտնիությունը իբր երաշխավորվում է օրենքի նախագծի այլ դրույթներով։ Ավելինՙ նույն մեղադրանքով կարող են լրագրողին պատասխանատվության կանչել դատարան, ինչը միայն եզրակացնել կարելի է, թե ինչ լծակ կարող է դառնալ լրատվամիջոցների գլխին։

Նախագծի այս դրույթը միակ անհեթեթությունը չէ։ Օրինակ, մի դրույթով կազմակերպությունները մամլո ասուլիսներ կազմակերպելիս լրատվամիջոցներին այդ մասին տեղեկացնում են անցկացման պահից «ողջամիտ» ժամանակահատվածում։ Ասենք, որեւէ կազմակերպություն կարող է գիշերվա ժամը 3-ին տեղեկացնել որեւէ լրատվամիջոցի ասուլիսի առիթով եւ դա իր համար «ողջամիտ» համարել։

Իսկ ողջ անհեթեթությունն այն է, որ այս օրենքի նախագիծը... ոչ լրատվամիջոցների մասին է, ոչ էլ լրագրողների։ Այն, ինչպես վերնագիրն է ցույց տալիս եւ ինչպես պրն Աբովյանն է նպատակահարմար համարում, զանգվածային լրատվության մասին է, այդ ոլորտում իբր առկա հարաբերություններն է կարգավորում։ Լրատվամիջոցները որպես սուբյեկտ են ներկայացվում, ընդ որում այդ հասկացության տակ են դրվում նաեւ վերլուծական, հետազոտական կենտրոններըՙ չգիտես ինչ տրամաբանությամբ։ Լրագրողների համար խաղի կանոններ սահմանված չեն ընդհանրապես, նախագիծը որեւէ դրույթ չի սահմանում լրագրողների ոչ պաշտպանվածության, ոչ էլ իրավունքների առումով։ Ըստ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի բնորոշման, դա նման է հարսանիքի առանց հարսի կամ հուղարկավորությանՙ առանց հանգուցյալի։

Ըստ պրն Աբովյանի, եվրոպական փորձագետներն են իրենց հուշել, որ լրագրողների իրավունքների ու պարտավորությունների մասին հիմնադրույթները հանվեն, որովհետեւ լրագրողը պետք է կաշկանդված չլինի որեւէ օրենքով կամ հոդվածով։ Եվ ահա, այդ տրամաբանությամբ էլ նախագիծը սահմանում է, որ տարբեր կազմակերպություններում լրատվամիջոցների հավատարմագրման դեպքում համապատասխան կազմակերպություններն են սահմանում կարգը, թե ինչպես են լրագրողները լրատվություն ստանալու իրենց մոտ։ Եթե, ասենք, այդ կազմակերպությունները որոշեն այնպիսի պայմաններ առաջադրել, որ գործնականորեն անհնարին լինի որեւէ կոնկրետ լրատվություն ստանալը, ապա դա շատ օրինաչափ կարող է դիտվել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրագրողների իրավունքների մասին դրույթների բացակայության պայմաններում։

Այսուհանդերձ, արդարադատության փոխնախարարը հայտարարեց, թե եվրոպական փորձագետները դրական եզրակացություն են տվել ներկայացված նախագծի կապակցությամբ։ Մինչդեռ ԱԺ շենքի դիմաց լրագրողների բողոքի ակցիաները բոլորովին այլ բան են խոսում, առավել եւս, որ լրագրողական շրջանակները համոզված են, որ նման եզրակացություն եվրոպական փորձագետները չեն տվել։

Գործող լրագրող, ԱԺ պատգամավոր Սերգո Երիցյանը համարում է, որ նախագիծը լուրջ վերամշակման պետք է ենթարկվի եւ այս տեսքով ընդհանրապես չի կարելի ընդունել անգամ առաջին ընթերցմամբ։ Բացի այդ, ըստ նրա, քննարկվող նախագիծը հակասություններ ունի մոտ երկու տարի առաջ ընդունված «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի նկատմամբ։

Սակայն խորհրդարանական մեծամասնությունը կարծում է, որ օրենքն առաջին ընթերցմամբ անհրաժեշտ է ընդունել։ «Միասնություն» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը դրա համար հետեւյալ պատճառաբանությունն ունի. «Մեզ համար անհասկանալի է, թե լրատվամիջոցները սկզբունքային առաջարկներ ինչու չարեցին։ Հիմա էլ պատրաստ ենք կառուցողական առաջարկներն ընդունել։ Բոլոր մտահոգությունները, որոնք կան, մենք էլ ունենք, բայց կարծում եմ, ճիշտն այն է, որ օրենքն առաջին ընթերցմամբ անցնի, որպեսզի առաջարկություն ունեցողները նստեն եւ աշխատեն։ Օրենքին նախկինում լուրջ չէին վերաբերվում ոչ մի կողմում։ Մեզ համար ընդունելի է, որ սկզբունքորեն ընդունելի է, որ ամեն ինչ պետք է անել, որ լրագրողները եւ խոսքի ազատությունը ճնշումների չենթարկվեն։ Խմբակցությունը, պայմանավորված հենց այս հանգամանքով, կողմ կքվեարկի նախագծին առաջին ընթերցմամբ»։

Այս առումով, հիրավի, հարց կարող է առաջանալ. այս տեսքով նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո ո՞րն է լինելու երաշխիքը, որ անհեթեթ այդ դրույթները վերացվեն եւ լրամշակվի...

ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4