ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգում քննարկված մարդու իրավունքների պաշտպանի օրենքի նախագիծը երեկ կայացած քվեարկության արդյունքում փաստացի տապալվեց, չնայած այդ համակարգի ներդրման պարտավորությունը Հայաստանն ստանձնել էր Եվրախորհրդից։ Նախագիծը ներկայացնելիս հայտարարվել էր, որ այն փոփոխություններ է մտցնելու պետական բյուջեում։ Իսկ ՀՀ սահմանադրության համաձայն, բյուջեում փոփոխություններ նախատեսող օրենքի նախագծերը պետք է ընդունվեն ԱԺ բացարձակ մեծամասնությամբ, այսինքնՙ 66 ձայնով։
Երեկ կայացած քվեարկության ընթացքում նախագծին կողմ էին 61 պատգամավոր։ Չնայած այս հանգամանքին, նիստը նախագահողը հայտարարեց, որ օրենքն ընդունվել է, ինչն այդպես ներկայացրեց նաեւ էլեկտրոնային լուսատախտակը։ Ստեղծված անորոշ իրավիճակն ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը բացատրեց նրանով, որ քվեարկության ժամանակ տեղի են ունեցել խախտումներ, եւ ստեղծվել էր անհեթեթ իրավիճակ։ Օրենքը սահմանում է, որ վերջում հայտարարվի, թե ինչպես է այն ընդունվել։ Այսինքնՙ կանոնակարգի խախտում է տեղի ունեցել եւ, կարծում եմ, ճիշտ կլինի խորհրդարանը որոշի, թե ինչ է անելու եւ ըստ այդմ կողմնորոշվի։ Տիգրան Թորոսյանը գտնում է, որ պետք է ԱԺ-ն որոշում կայացնի կատարված քվեարկությունը չեղյալ համարելու մասին եւ նոր քվեարկություն կազմակերպի։
Ըստ էության, օրենքն ընդունված է համարվել, որովհետեւ հաշվի չի առնվել բյուջեի հետ առնչությունների փաստը։
ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ